Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ



ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲՊաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող հրետանային ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածությամբ ու նվիրվածությամբ են կատարում հայրենիքի պաշտպանության առաքելությունը:

Հանրապետության հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Գևորգ Նիկողոսյանի խոսքով` կրակային դիրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստության գործընթացին: «Ենթակաների հետ և զորամասի մշտական տեղակայման վայրում, և մարտական կրակային դիրքերում մշտապես անցկացվում են պարապմունքներ: Մեր ստորաբաժանումները մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և պատրաստ են կյանքի կոչել ցանկացած մարտական առաջադրանք,- համոզված է կապիտան Նիկողոսյանը:- Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է, նրանք վստահ են իրենց գիտելիքների և  ունակությունների վրա: Հայրենիքի պաշտպանության համար բոլորն էլ պատրաստ են…»:

Խոսելով իրենց պատրաստության մակարդակից` կրտսեր սերժանտ Արմեն Մկրտչյանն էլ ասաց. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ հակառակորդի ոտնձգությունները զսպելու և արժանի հակահարված հասցնելու համար առաջին հերթին պետք է տիրապետել մասնագիտությանը: Ուստի մշտապես կազմակերպվում են պարապմունքներ: Վստահաբար կարող եմ ասել, որ ամեն րոպե պատրաստ ենք արժանապատվորեն կատարել մարտական առաջադրանքները»:

«Բոլորիս տրամադրությունը բարձր է, քանի որ ապահովում ենք հայ ժողովրդի անվտանգությունը, և ուզում եմ վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք հրետանային դիպուկ կրակով աջակցել առաջնագծի մեր զինակից ընկերներին: Համոզված եղեք, որ հակառակորդը կզղջա, եթե դիմի նախահարձակ գործողությունների»,- հավելեց շարքային Ստեփան Թևոսյանը:

Հետևելով հրետանային մարտկոցի կրակային դիրքում իրականացրած ծառայության ընթացքին` մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումներն ունակ և պատրաստ են ճնշելու հակառակորդի ցանկացած սադրանք և նախահարձակ գործողություն:

ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Ազգային բանակ


28/11/2019