ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ 1918-Ը
Հատված «Բոլշեւիկյան տարօրինակություններն ու հայերի հերոսապատումը» գրքից
Սակայն թուրքերն արդեն սկսել էին գրոհել ճակատում գտնվող հայկական զորամիավորումների վրա, որոնց մարտիկների թիվը հասնում էր մոտ քսան հազարի: Հայկական ստորաբաժանումների ընդհանուր հրամանատարը Նազարբեկովն էր (հայերեն՝ Նազարբեկյան)՝ ռուսական բանակում շատ բարձր գնահատականի արժանացած մի ծեր գեներալ։ Նրանց կողքին կռվում էր թուրքահայերի մոտ տասներկու հազարանոց դիվիզիան, որի հրամանատարը հռչակավոր հայդուկապետ Անդրանիկն էր։ Հայերն իրենց անհավասար ուժերով պաշտպանում էին ճակատի չափազանց երկար գիծը, որը Երզնկայից ձգվում էր մինչեւ պարսկական սահմանը։ Այլ խոսքով, կռիվը թուրքական բանակի դեմ, որը գերազանցում էր հայկականին թե՛ թվաքանակով, թե՛ ռազմամթերքով եւ թե՛ կազմակերպվածությամբ, սկսվել էր։ Այն շարունակվելու էր յոթ ամիս (նույնիսկ ինը, որովհետեւ Բաքվի հերոսական պաշտպանության պատճառով տեւելու էր մինչեւ 1918-ի սեպտեմբերի կեսերը), որի ընթացքում, առանց ստանալու խոստացած օգնությունը, մենակ մնացած, ամենաողբերգական պահերին վրացիներից լքված, մյուս հարեւաններից՝ քրդերից ու թաթարներից հալածված հնագույն ժողովուրդը դիմակայեց հերոսաբար՝ ոչ թե թուրքերին հաղթելու հույսով, այլ սոսկ այն բանի համար, որ խոչընդոտի նրանց՝ Կովկասի խորքերը ներթափանցելն ու դաշնակիցների վերջնական հաղթանակը մոտեցնի՝ հաղթանակ, որին Հայաստանը երբեք չէր կասկածել։
1918 թվականի հունվարի կեսերին, երբ թուրքերը, նրանց հետեւից տեղի քրդերը սկսեցին գրոհը Երզնկայի վրա: Հայկական զորքերը մինչեւ փետրվարի 9-ը արյունահեղ դիմադրություն ցույց տվեցին, հետո շրջանցելով Եփրատի հովիտը, փետրվարի 14-ին միացան Էրզրումի ջոկատին։ Ճակատամարտերը Մելիջանի, Քեքի-Դարասիի ու Իլլիջայի շրջաններում հաջողություն չբերեցին հայերին, մասնավորապես՝ թնդանոթաձիգների պակասի պատճառով, որոնք ցարական բանակում որպես կանոն ռուսներ ու լեհեր էին եղել, հեռացել էին բոլշեւիկների հետ։
Մի այլ հանգամանք եւս բարդացրեց պաշտպանների գործը։ Համալրումը, այսինքն՝ պահեստային ջոկատները, որոնք ստեղծվել էին կամավորների զորակոչի շնորհիվ, ժամանակին չկարողացան օգնության հասնել, եւ ոչ թե փոխադրամիջոց չլինելու, այլ երկաթգծին ու հաղորդակցությանը տնօրինող կոմիսար Մելիք Ադամովի պատճառով։ Նույնը վերաբերում է ռազմամթերքին, որը հրաժարվում էր տրամադրել Անդրկովկասի կոմիսարների կենտրոնական իշխանությունը, այսինքն՝ սովետները շարունակում էին իրենց խափանարար գործունեությունը։ Եվ երբ ի վերջո անվերջանալի բանակցություններից հետո Ազգային խորհուրդն իշխանություններից անհրաժեշտ ռազմամթերքն ու վագոններն ստացավ, ուղեկցորդներն ու պահակազորը ճանապարհին տեղի թաթար ազգաբնակչության հարձակումներին ենթարկվեցին ու չկարողացան ռազմամթերքը ժամանակին հասցնել Էրզրումի պաշտպաններին: Բռնազավթիչները, ընդհակառակը, որոնք, ինչպես վկայում է Լիման Ֆոն Սանդերսը, համալրում էին ստացել Պաղեստինի լավագույն դիվիզիաներից եւ անհամեմատ գերազանցում էին հայերին իրենց թվաքանակով, հրանոթներով: Այս ամենից զատ, նաեւ մշտապես վայելում էին Էրզրումի թուրք ազգաբնակչության, քուրդ ցեղախմբերի աջակցությունը, որոնք պաշտպանական ուժերի թիկունքում էին։ Նման իրավիճակում, մարտի 11-ին, Էրզրումը թողնելու հրաման տրվեց, որտեղից Մուրադի հեծյալ կամավորների պաշտպանությամբ հայկական ջոկատները նահանջեցին Սարիղամիշ, ճանապարհին իրենց հետ վերցնելով Խնուսի դասակը, որը ուղղվեց դեպի Մելյազկերտ ու Ղարաքիլիսա։
Այս ընթացքում, սակայն, թիկունքում, եռանդուն կերպով շարունակվում էր հայոց բանակի ստեղծումը, կազմավորումն ու զինավարժությունը՝ ի հեճուկս այն դժվարությունների, որ անընդհատ առաջանում էին թաթարների ու քրդերի թշնամանքի պատճառով, որոնք ջանում էին ամեն կերպ խափանել հաղորդակցության միջոցները, քանդել երկաթուղիները։ Ահա թե ինչու հայ հրամանատարները, չնայած զինվորների մեծ պահանջ ունեին, ստիպված եղան զգալի քանակությամբ ուժեր թիկունք տեղափոխել, որտեղ իսկական ճակատամարտ էր մղվում Ալեքսանդրապոլ-Տուլֆա երկաթուղու ամբողջ երկարությամբ։ Հայերին շատ էր վնասում նաեւ փոխադրամիջոցների զգալի պակասը։ Թիֆլիսը շարունակում էր մերժել ամեն ինչ` զրահագնացքներ, շոգեքարշներ ու վագոններ, մինչդեռ վրացիները, ճիշտ հակառակը, ինչ-որ պահանջում էին, ստանում էին անմիջապես։
Մարտ ամսի կեսերին վրացիները քայքայեցին ճակատի պաշտպանությունը եւ լքեցին Օլթիի ու Արդահանի շրջանի այն դիրքերը, որ պարտավորվել էին պահպանել։ Նման դավաճանությունը չափազանց ծանրացրեց հայկական խիստ նվազ ուժերի առանց այն էլ օրհասական դրությունը, որոնք կռվում էին Սարիղամիշի, Կարսի, Ալեքսանդրապոլի ճակատներում։ Վախենալով մարտիկների հնարավոր հուսալքությունից, Ազգային խորհուրդը դիրքեր ուղարկեց նախագահ Ահարոնյանին եւ անդամներից մի քանիսին։
Ահարոնյանը Սարիղամիշ է հասնում մարտի 11-ին։ Ընդհանուր հրամանատար Նազարբեկովի խնդրանքով նա տողանցում է զորաշարերը։
«Եղբայրներ,- ասում է,- դուք պիտի նախընտրեք մեռնել, բայց թույլ չտաք, որ թուրքերն առաջանան… Ձեր երեխաների, կանանց, քույրերի, ընտանիքների ճակատագիրը ձեր ձեռքերում է… Այստեղ են Հայաստանի դարպասները… պաշտպանեք կամ թույլ մի տվեք, որ թուրքերը ներս մտնեն…»։
Եվ, իրոք, դրան հաջորդած Սարիղամիշի մարտերում գրեթե բոլոր հայ մարտիկները զոհվեցին: Ամբողջ տասնմեկ օր հայերը, որոնց մեծ մասն անփորձ երիտասարդներ էին, դիմագրավեցին հակառակորդի հարձակումները… Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ աջ կողմում վրացիները լքել են իրենց դիրքերն ու հենց այդ պատճառով խիստ ճակատագրական, գրեթե օրհասական իրադրություն է ստեղծվել, նահանջի հրաման տրվեց, եւ կանոնավոր շարքերով գեներալ Արեշյանի ու գնդապետ Մամիկոնյանի գլխավորությամբ բանակը նահանջեց ու դիրքավորվեց Բեղլու-Ահմեդի շրջանում։
Այդ նույն ժամանակ Ահարոնյանն իր գործընկերների հետ այցելել էր Ալեքսանդրապոլ, Կարս ու Թիֆլիս, որտեղ նրա լավատեսությունն ու խանդավառ հայրենասիրությունը հրաշքներ գործեցին` զորահավաքն արագացնելու, լրացուցիչ ուժեր ճակատ ուղարկելու համար։ Թիֆլիսում նա ուղղակի դիմեց հայ կանանց, մայրերին.
«Բոլոր ճակատներում ձեր զավակները կռվել են՝ զոհվել կամ վիրավորվել,- ասաց նա,- տվեք հայրենիքին նրանց, ովքեր ձեր մոտ են մնացել։ Տվեք վերջին երեխաներին, նույնիսկ դեռահասներին, դաժան ոսոխը մոլեգնած առաջանում է… Ամեն գնով պետք է պաշտպանվել, նրան կանգնեցնել… Մայրե՛ր, դուք տանջվել եք, մայրե՛ր, դուք տանջվում եք ձեր նահատակ հոգիներով, բայց հայրենիքն ավելի մեծ, ավելի տառապած մայր է։ Զոհվեցեք, զոհեցեք նրան` ձեր վերջին որդիներին…»։
Եվ բոլոր թշվառ հայ կանայք, ովքեր լսում էին Ազգային խորհրդի նախագահին ու լալիս, սրբեցին արցունքներն ու ծափահարեցին։ Այնուհետեւ, մի քանի նոր զորամիավորումներ կազմավորվեցին, որոնք ճակատ ուղղվեցին Թիֆլիսից, Երեւանից ու Ալեքսանդրապոլից։
Ռազմաճակատին ավելի մոտ լինելու համար, իր լրիվ կազմով Ալեքսանդրապոլ տեղափոխվեց նաեւ Ազգային խորհուրդը:
Այստեղ հարկ կա անդրադառնալու թուրքական զորամիավորումների գերագույն հրամանատար Վեհիբ փաշայի հենց այդ պահին ներկայացրած վերջնագրին, որը պահանջում էր ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պահանջները, այսինքն՝ թողնել Կարսը, Բաթումը, Արդահանը։ Իմ արդեն հիշատակած ռազմական դժվարություններից բացի, Ազգային խորհուրդը պարտավոր էր անդրադառնալ նաեւ փախստականների ողբերգական իրավիճակին, որոնք թուրքերի բռնազավթած տարածքներից հարյուր հազարներով գաղթում էին դեպի հյուսիս։
Բոլոր դեպքերում, չնայած այս դժվարություններին, սովին, որը գումարվում էր ահավոր թշվառությանը, Ազգային խորհուրդը միաձայն որոշեց մերժել թուրքերի վերջնագիրը։
Շարունակելի
Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Պատմության էջերից