Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015-ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»



«ՄԻՈՒԹՅՈՒՆ 2015-ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»Միջազգային հավաք-մրցույթի մասին մանրամասներ է ներկայացնում հավաքի կազմկոմիտեի համանախագահ, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանը

Օգոստոսի 15-ից 28-ը Հայաստանում՝ Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա կանցկացվի «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո, ռուսական «Доблесть отечества » հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման  և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Ռազմամարզական հավաքը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նպատակը երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելն է, մեծ հաղթանակի գործում իրենց ավանդը ներդրած ժողովուրդների սխրանքը արժևորելը: Մասնակիցները մեկ անգամ ևս կվերհիշեն, որ մեր պապերը ուս ուսի անցել են պատերազմական ճանապարհներով և շարունակել են միասին ապրել առանց խնդիրների:

«Հաղթանակի ժառանգներ» միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2007թ. Ղրղըզստանում, հետագայում՝ նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: Հաշվի առնելով մեր պետության ռազմամարզական վարժարանների սաների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին՝ որոշում կայացվեց այս տարվա հավաքը կազմակերպել մեզ մոտ: Միայն ՌԴ Պերմ քաղաքում անցկացված նմանատիպ հավաքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները հետևյալ արդյունքն են գրանցել՝ 2011թ.՝ երրորդ տեղ, 2012թ.՝ երկրորդ, 2013 և 2014 թթ.՝ առաջին տեղ:

«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» հավաքի մասնակիցները հրավիրված են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից, ինչպես նաև Մերձդնեստրից:

Միջոցառումն անցկացվելու է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Շատ մեծ ծավալի միջոցառում է լինելու: Ներգրավված են ՀՀ սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և արտակար իրավիճակների նախարարությունները, սահմանապահ ծառայությունը, ոստիկանությունը և այլ կառույցներ: Պաշտպանության նախարարությունից ներգրավված են մոտ 17 վարչություններ:

Մասնակիցների թիվը շուրջ 500 է: Ցանկացողները շատ են, բայց բոլոր պետություններից ընտրվել են լավագույն թիմերը: Երեխաները բաժանվելու են դասակների, յուրաքանչյուրում՝ ամեն պետությունից մեկ ներկայացուցիչ: Դա խորհրդանշելու է պատերազմի տարիներին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների համատեղ պայքարը, երեխաների մոտ զարգացնելու է տարբեր մշակույթների, կրոնական և ազգային բազմազանության նկատմամբ հարգանքը:

Հավաքի ծրագիրը չափազանց հագեցած է լինելու: Մասնակիցներին սպասվում են բազմազան մրցույթներ: Նշեմ դրանցից մի քանիսը՝ 3 կմ երթարշավներ, որոնք շատ ծանր են բարձրլեռնային գոտում, արգելագոտու հաղթահարում, առաջին բուժօգնության տրամադրում, ալպինիզմ, հրաձգություն, սուսերամարտ և այլն: Լայնորեն օգտագործելու ենք մարզաբազայի ենթակառուցվածքները: Ունենալու ենք վարպետության դասեր, որոնք անցկացնելու են բարձր մակարդակի մասնագետները: Օրինակ՝ հետախուզության վերաբերյալ դասը կանցկացնի ՌԴ գխավոր հետախուզական վարչության մի գեներալ-լեյտենանտ: Տիեզերագնացության մասին՝ ՌԴ և Ղրղըզստանի հերոս տիեզերագնաց Սելիմժան Շարիպովը և այլք:

Նախատեսված են նաև մեծ թվով մշակութային, պատմամշակութային և հայրենասիրական միջոցառումներ, որոնք նույնպես գնահատվելու են ժյուրիի կողմից:

Ամեն օր կնվիրվի մի պետության: Այդ օրը տվյալ թիմը պարտավոր է քսան րոպեի ընթացքում ներկայացնել ֆաշիզմի դեմ պայքարում իր երկրի մասնակցությունը, նաև ազգային պար, մշակույթ: Ընտրված լավագույն թիմերը հավաքի փակման արարողության ժամանակ գալա-համերգ են պատրաստելու: Մեկ այլ մրցույթի ժամանակ մասնակիցները պետք է պաստառներ պատրաստեն պատերազմին իրենց հայրենակիցների մասնակցության վերաբերյալ և ժյուրիին ձգտեն առավելագույնս վստահ ներկայացնել տվյալ մասնակցության կարևորությունը՝ ինչով է այն ավելի առանձնանում մյուս դեպքերից:

Շատ հետաքրքիր կլինի հետևել երիտասարդական դիվանագիտական խաղին, որը սովորեցնում է, թե ինչպես են կառուցում պետությունը, ինչպես են իրականացնում համապատասխան գործառույթներ, ռազմական, դիվանագիտական և այլ ոլորտներում:

Մարզաբազայի տարածքում ցուցադրվելու են մեր ռազմաարդյունաբերական համալիրի ձեռքբերումները, կապի միջոցները, ինժեներական կառույցները: Ընդհանրապես, մեր բոլոր գործողությունները միտված են ցուցադրելու հայկական զինված ուժերի հնարավորությունները:

 

Էջերը պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Ազգային բանակ


01/07/2015