Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՂՐԻԻ ԱՐԵՎՆ ՈՒ ԲՈՒՅՐԸ



Մեղրիում Վ. Սարգսյանին մոտեցավ մի տատիկ եւ խնդրեց, որ օգնի՝ թոռը ծանր հիվանդ է եւ լավ կլինի, որ բուժումը շարունակվի Երեւանի հոսպիտալում։ Ուշադիր լսելով տատիկին` Վ. Սարգսյանը խորհուրդ տվեց, որ գործերն անպայման ուղարկեն Երեւան, եւ ինքն անձամբ կհանձնարարի եւ կվերահսկի այդ գործը։ Տատը ձեռքը տարավ ծոցը. «Գործերը մոտս են, մատաղ քեզ,- ու ծոցից հանեց թղթով փաթաթված բժշկական փաստաթղթերը։ Վ. Սարգսյանը ժպտաց իր բարի ու անկեղծ ժպիտով ու վերցնելով գործերը՝ նորից հավաստիացրեց. «Անպայման կզբաղվեմ, տատ ջան, մի անհանգստանա»։ «Մեր հույսը դու ես, Վազգեն ջան»,- ասաց տատն ու օրհնանքի բառերով ճամփու դրեց մեքենան։

Անցան ամիսներ։ Կառավարական շենքի մուտքի մոտ կանգնած էր մի տատիկ` ձեռքին կապոց, ու համոզում էր միլիցիոներներին, որ իրեն թույլ տան բարձրանալու Վ. Սարգսյանի մոտ։ Ոչ մի կերպ չէր ուզում հասկանալ, որ անհնար է բարձրանալ վարչապետի մոտ` առանց թույլտվության, նախօրոք պայմանավորվածության։ Ամեն անգամ լսում էր միլիցիոների բացատրությունն ու վերջում կրկնում էր. «Տղա ջան, ես Մեղրիից եկել-հասել եմ Երեւան, որ տեսնեմ Վ. Սարգսյանին, իմ շնորհակալությունը հայտնեմ։ Նա ինձ օգնել է, հիմա թոռս ողջ-առողջ շարունակում է իր ծառայությունը, բա ո՞նց կլինի, առանց Վազգենին տեսնելու` ես Մեղրի չեմ դառնա»։ Խոսք ու զրույցը հասնում է Վ. Սարգսյանին, եւ նա կարգադրում է իր մոտ ուղեկցել տատիկին։ Տատը ներս մտնելով մոտենում, փաթաթվում է Վազգեն Սարգսյանին ու օրհնանքի բառերով հայտնում է իր շնորհակալությունը։ Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում տատը ձեռքի կապոցը դնում է սեղանին։

-Վազգեն ջան, մատաղ քեզ, չմերժես, էս իմ ձեռքով պատրաստած չիր է, Մեղրիի արեւով, քեզ համար եմ բերել, համով է։

Սկսում է կապոցը բանալ։ Սեղանին Արեւիք գավառի չորացած մրգերն էին՝ թուզ, ծիրան, սալոր, մի քանի նուռ։ Վ. Սարգսյանի դեմքը շողում էր ուրախությունից։ Հուզվել էր ու տատին գրկած անընդհատ կրկնում էր. «Շնորհակալ եմ, տատ ջան, շնորհակալ եմ՝ ինչ նեղություն ես քաշել»։

Աշխատասենյակը լցվել էր Մեղրիի արեւով ու բույրով։ Օրն արդեն իրիկնանում էր։ Վ.Սարգսյանը հարցրեց.

-Տատ, իսկ որտե՞ղ ես գիշերելու։

-Մի անհանգստանա, Վազգեն ջան, բարեկամս էստեղ է ապրում, հասցեն մոտս կա, էնտեղ եմ գնալու։

Վ. Սարգսյանը մեղրեցի տատին թեւանցուկ իջնում է աստիճաններով եւ պատվիրում տատին տանել նշված հասցեով։

Մշտազբաղ, հոգսաշատ վարչապետի դեմքը փայլում էր ուրախությունից։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Հոգևոր-մշակութային


26/10/2011