ԼԱՎԱՇԻ ԲՈՒՅՐԸ
Անտառից փայտ բերող հայ գյուղացին հանկարծ բացատում հանդիպում է զինված ադրբեջանցիների, որոնք ծառի շվաքին նստել էին հացի։ Նստածները կատակում են, թե որսն իր ոտքով, բեռով-բարձով է եկել, ու ոտքի են կանգնում։ Սակայն ճակատագրի բերումով նրանց մեջ է լինում Անարը։ Անարը ճանաչում է իր համագյուղացուն եւ ընկերներին սաստելով՝ նրան կանչում է հացի.
-Իսկ դու հաց չունե՞ս հետդ,- հարցնում է։ Երբ գյուղացին հացի իր կապոցը դնում է գետնին, Անարը վերցնում է լավաշները, մոտեցնում դեմքին, հոտոտում ու սկսում անձայն լաց լինել։
-Մայրս հայուհի էր, հիմա թաղված է ձեր հարեւան գյուղում։ Լավաշից մորս կարոտն առա։ Դու էլ շալակիդ ցախը վերցրու ու մյուս անգամ էս կողմերը չերեւաս։ Մայրս բարի էր, եւ ես էլ էսօր չեմ ուզում էդ բարությանը չարություն խառնել։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր