ԶԻՆՎՈՐԸ ՆԱՄԱԿ ԷՐ ՍՏԱՑԵԼ…
1942թ. հունիսին Երեւանում լույս տեսավ Հրաչյա Քոչարի «Հերոսների ծնունդը» գիրքը, որը նաեւ ենթավերնագիր ուներ՝ «Նամակներ գործող բանակից»։ Գրողի մտահղացումն ինքնին ուշագրավ էր. կռվող մարտիկը նամակներ է ստանում թիկունքից, մտովի վերադառնում տուն, հարազատների գիրկը, լուրեր առնում՝ ինչ կա-չկա եւ ապրում դրանցով, բայց նամակներ գրում է նաեւ նա, տնեցիներին պատմում իր մասին՝ ողջ-առողջ եմ, հուսադրում՝ մի՛ մտածեք, շուտով պատերազմը կավարտվի, եւ մենք նորից միասին կլինենք։ Այդ նամակները պետք էին ե՛ւ ռազմաճակատին, ե՛ւ թիկունքին՝ ապրեցնում էին մարդկանց, ուժ տալիս, գոտեպնդում, եւ ահա Քոչարը, որ ռազմաճակատային թերթերի թղթակից էր գործող բանակում, որոշում է ինքն ստանձնել յուրատեսակ նամակագրի դեր, ինքը պատմել թիկունքայիններին կռվող մարտիկների մասին եւ իր գրառումները նամակների տեսքով հասցեագրել նրանց։ Գիրքն արագորեն տարածվեց Հայաստանում, եւ շատերը նրա էջերում տեսան իրենց հարազատներին, նրանց հետ անցան մարտերի բովով եւ, ճիշտ կլինի ասել, կռվեցին նրանց հետ։
Քոչարի գիրքը, որի հերոսներն իրական մարդիկ են (նրանցից ոմանց նա ճանաչել է դեռեւս պատերազմից առաջ), լի է մարտական դրվագներով, ու դրանց մասին գրողը պատմում է որպես ականատես ու անմիջական մասնակից, բայց գրողի սուր աչքը ռազմի դաշտում այլ դրվագներ էլ է որսում։ Ասենք՝ այն դրվագը, թե զինվորն ինչ ապրումներով է ձեռքն առնում տնից ստացված նամակը, ինչ զգացումներով, սրտի դողով ու կարոտով է բացում ու կարդում, ավելի ճիշտ կլինի ասել՝ կլանում այն։
Եղավ այնպես, որ շարքային Պետրոս Պետրոսյանը տնից մի օր միանգամից երեք նամակ ստացավ։ Ահա կնոջ՝ Նատալյայի նամակը։ Կյանքն այդ կապուտաչյա ռուս աղջկան Կովկաս էր նետել 1919-20 թվականներին, եւ Պետրոսի ու նրա պատահական հանդիպումը դարձավ ճակատագրական՝ սիրեցին իրար եւ ընտանիք կազմեցին, ունեցան երեք երեխա, որոնց մեծացրին վաղվա հույսերով ու երազանքներով։ Պետրոսի ձեռքերը դողում են նամակը բացելիս, դեմքին անհանգստության նշաններ են երեւում, բայց երեւում է՝ տող առ տող խաղաղվում է հոգին, ուրեմն՝ լավ բաների մասին է կարդում։ «Մենք քիչ չապրեցինք իրար հետ,- գրում էր կինը,- շուրջ 22 տարի։ Ապրեցինք սիրով, օգնելով իրար։ Մեծ փորձություններ չկրեցինք, որովհետեւ խաղաղ ժամանակներ էին։ Եվ ահա այս փորձությունը՝ պատերազմը։ Դու միշտ անհանգստանում ես, թե ինչպես մենք կդիմանանք դժվարություններին։ Դու, սիրելիս, ճանաչում ես քո ընկերուհուն, պետք է իմանաս, որ ես պատրաստ եմ ամեն ինչի։ Առայժմ կյանքը մեծ դժվարություններ չունի, իսկ եթե գան ծանր օրեր, ապա ես պատրաստ եմ դիմադրելու, որովհետեւ գիտեմ, թե ինչու է դա այդպես…»։
Քոչարը գրում է. «Կարդում է զինվորական տեխնիկն իր կնոջ նամակը, եւ հպարտության զգացումները ողողում են նրա սիրտը։ Բայց, այնուամենայնիվ, անհանգստանում է նա. դժվար չէ՞ ապրել առանց իրեն»։ Կինը կարծես կռահել է ամուսնու այդ հարցը եւ գրում է. «…տնտեսության մասի՞ն ես հարցնում, ամեն ինչ լավ է, վառելափայտ չունեինք, գնացի առաջին սովխոզը, խնդրեցի փայտ բաց թողնեն ինձ։ Նրանք շատ ուրախացան, ընդունեցին ինձ բարեկամաբար, հարցրին քո մասին, փայտ դուրս գրեցին ու պատվիրեցին երբեք անհարմար չզգալ, չքաշվել, որեւէ կարիքի ու պահանջի դեպքում դիմել իրենց։ Դուրս գրեցին նաեւ կարտոֆիլ, մի քիչ դոշաբ…»։
Պետրոս Պետրոսյանն արդեն բանակում էր, երբ լուր առավ, որ բանակ է մեկնել նաեւ ավագ որդին՝ Սաշան։ Այդ ե՞րբ մեծացավ, որ հիմա էլ զենք է վերցրել, կռվում է։ Մայրը նամակ էր ստացել որդուց եւ դրել ամուսնուն ուղարկած նամակի մեջ։ Պետք էր տեսնել, թե հայրն ինչ զգացումներով էր բացում որդու նամակը, ինչ ապրումների մեջ էր։ «Մամա, կարող ես պարծենալ, որ մեր ընտանիքից երկուսը՝ քո ամուսինն ու քո մեծ տղան, կռվի դաշտում են։ Հայտնիր ինձ հայրիկի հասցեն, կոչումը, պաշտոնը եւ միշտ տեղյակ պահիր ինձ նրա մասին…»։
Այդ պահին ինչ չէր տա Պետրոսը, որ որդին կողքին լիներ, գրկեր, համբուրեր նրան, բայց ուրիշ են պատերազմի ճամփաները, միշտ չէ, որ հանդիպման են տանում, եւ հոր աչքերն արցունքով լցվեցին։ Դա կարոտի եւ հպարտության արցունք էր…
Դեռ տանը, խաղաղ օրերին, Պետրոսը նկատել էր որդու եւ Դոնարա անունով նրա ընկերուհու մտերմությունը։ Նա իրենց տուն էր գալիս ընկերների ու ընկերուհիների հետ, համեստ, ամոթխած աղջիկ էր։ Քոչարը գրում է. «Պատանիները կարծում էին, թե ծնողները ոչինչ չգիտեն ու չեն էլ իմանա՝ միամտորեն չհասկանալով, որ կյանքում փորձված մարդու առաջին հայացքը տեսնում է պատանիների սերը նրանց աչքերի մեջ, դեմքի վրա ու շարժումներում։ Եվ երբ տեսավ ու հասկացավ հայրը՝ աղջիկը միանգամից դարձավ նրան հարազատ»։
Այս ամենն անցավ Պետրոսի մտքով, երբ որդու մորն ուղարկած նամակում կարդաց. «Մամա, բարեւիր Դոնարային, գրիր ինձ, թե ինչ է անում նա, ստացե՞լ է իմ նամակը»… Պատերազմը հասունացրել էր Սաշային, եւ նա առաջին անգամ բացում էր իր սիրո գաղտնիքը մոր առաջ։ Այդ պահին ի՞նչ իմանար Սաշան եւ արդյո՞ք կիմանար, որ այդ գաղտնիքն առաջին անգամ հոր առաջ էլ է բացում…
Մյուս նամակը միջնեկ որդուց՝ Ժորայից էր։ Ճակատագրի դաժան խաղով, երեխա ժամանակ, նա դարձել էր հաշմանդամ եւ ահա հորը գրում էր. «Պապա ջան, մեզ մոտ իմ բոլոր հասակակիցները դիմումներ են տվել ռազմական դպրոցներ ընդունվելու։ Եթե ես առողջ լինեի՝ ոչ մի դպրոց էլ չէի գնա, ուղղակի ճակատ կմեկնեի` որպես կամավոր մարտիկ, քեզ ու Սաշայի հետ կկռվեի թշնամիների դեմ…»։
Քոչարը նկարագրում է Պետրոսի ապրումներն այս տողերը կարդալիս. «Հոր աչքերից արտասուքի կաթիլներ ընկան նամակի վրա։ Տղամարդու արտասուքի ծանր կաթիլներ։ Բայց Պետրոսը չգիտեր՝ դա վի՞շտն է արտասուք խլում, թե՞ երջանկությունը, այն հոգեկան հիանալի առողջության եւ այն պայծառ ու հասուն մտքի համար, որ ունի իր տասնյոթամյա որդին։ Նա թաշկինակով սրբեց աչքերը եւ երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ…»։
Երրորդ նամակն ամենափոքր որդուց էր՝ Էդիկից։ Նույն ծանոթ, անվարժ ձեռագիրն էր. «Հայրիկ ջան, քո նամակը շատ ուրախացրեց մեզ, բայց ինձ՝ ամենից շատ։ Էնքան ծիծաղեցինք, որ գրել էիր, թե բեղեր ես թողել, քեզ շատ կսազեն, ավելի սիրուն դարձած կլինես… Շատ ու շատ բարեւներ քեզ ու ամբողջ Կարմիր բանակին…»։
Զինվորի ստացած նամակները… Դրանք նոր կյանք են պարգեւում մահվան դեմ կանգնած մարտիկին, ու դա էլ է պատերազմական դրվագ, ամենահուզիչ, ամենասրտաշարժ դրվագը։ Ճիշտ է նկատել անվանի գրողը. «Վերջացրեց Պետրոս Պետրոսյանը հայրենի քաղաքից, հարազատ ընտանիքից ստացած նամակները, ծալեց եւ սիրով ու ակնածանքով ծոցը դրեց։ Նրան կարծես մի ամբողջ աշխարհ տվին, գերբնական ուժ ու եռանդ ստացավ։ Կյանքը երեւաց ավելի լավ ու գեղեցիկ, ընկերները՝ մոտիկ ու սիրելի, եւ վտանգը՝ չնչին բան մեծ ու սուրբ գործի հանդեպ…»։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Պատմության էջերից