Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԱԿԱՆ ՃԵՊԱՄՐՑՈՒՄ



Հրետանային զորամասերից մեկում անցկացվեց տոնական ճեպամրցում (էստաֆետ)` նվիրված Հրթիռային զորքերի եւ հրետանու օրվան: Ճեպամրցմանը մասնակցեցին հրանոթների հաշվարկներ տարբեր զորամասերից: Միջոցառումը ոչ թե մրցակցային բնույթի էր, այլ տոնական օրվա առիթով զինծառայողներին ոգևորելու, բոլորին ուրախ տրամադրություն հաղորդելու և հիշարժան պահեր պարգևելու նպատակ ուներ:

Ճեպամրցումից մեկ օր առաջ անցկացվեց մասնակիցների շարային ստուգատես: Իսկ տոնական միջոցառումն սկսվեց հանդիսավոր տողանով: Հաշվարկները կատարեցին իրենց հաստիքային սպառազինության շահագործման համար նախատեսված նորմացույցները` ձգտելով առավել բարձր արդյունքների: Հրետանային տեխնիկան բերվեց մարտական վիճակի, հաշվարկի յուրաքանչյուր միավոր ցույց տվեց պարտականությունները կատարելու իր կարողությունները: Զուգահեռաբար անձնակազմի անդամները պատասխանեցին բարձրաստիճան սպայակազմի տարաբնույթ հարցերին: Պատասխաններից պարզ էր դառնում` նրանք լիարժեք տիրապետում են հրետանավորի մասնագիտությանը: «Ավարտ» հրամանով տեխնիկան բերվեց երթային վիճակի: Բոլոր հաշվարկները հաջորդաբար կատարեցին այս գործողությունները:

Տղաներն առավել ակտիվ էին պայմանական մարտական խնդրի կատարման ժամանակ. իրենց գործողությունների արագությունից, ճշգրտությունից է կախված հաշվարկի հաջողությունը, եւ հիմնականում դրանով է սահմանվում հաշվարկի ընդհանուր գնահատականը: Ամենակարևորը. եթե մարտական առաջադրանքը գերազանց ես կատարում տոնական միջոցառումների ժամանակ, ապա բոլորն էլ համոզվում են` քո հաշվարկը ոչ միայն մարտունակ է, այլեւ ընդունակ իրական մարտի ժամանակ նույնպես գերազանց արդյունքներ ցույց տալու` խոցելով հակառակորդին:

Միջոցառման ավարտին պատասխանատու սպաները նշեցին, որ բոլոր հաշվարկներն էլ բարձր արդյունքներ ցույց տվեցին: Առավել աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն վարչության և զորամասերի հրամանատարության կողմից:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ


26/10/2011