ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 28-ին Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, այլ պաշտոնյաներ:
Հանրապետության նախագահը և տոնական միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Ելույթ ունենալով Բանակի օրվան նվիրված հանդիսավոր նիստում՝ ՀՀ նախագահը մասնավորապես նշել է. «Մեր բանակը ոչ միայն հաղթանակած բանակ է, այլ՝ հաղթական: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ ունենք աշխարհի լավագույն բանակներից մեկը: Սա զգացական կոչ չէ միայն. ես, իսկապես, հավատում եմ դրան»: