ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Իրանի հետ հարաբերություններին նվիրված լսումներ են ընթացել, որոնց ժամանակ առավելապես արծարծվել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի` իրանցիների կողմից սպանության նախապատրաստման թեման:
Մասնակիցները քննադատել են Բարաք Օբամային այս հարցում ոչ կոշտ դիրքորոշման համար, նաև առաջարկել են համարժեք պատասխան տալ Թեհրանի գործողություններին: Որպես այդպիսիք նրանք նշել են այսպիսի միջոցներ` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և առանձին ծառայողների նպատակային սպանություններ, Իրանի պետական հաստատությունների դեմ հաքերային հարձակումներ, ԿՀՎ-ի հատուկ օպերացիաներ և ամերիկյան հատուկ նշանակության ուժերի մարտարշավներ:
Ելույթ ունեցողների կարծիքով, իրանցիների անօրինական գործունեությունը կանխելու համար մի ճանապարհ կա` նրանց պետք է ցույց տալ, որ ԱՄՆ-ը պատրաստ է գնալ հակամարտությունը թեժացնելու ճանապարհով:
Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները մեղադրել են պաշտոնական Թեհրանին Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել այ Ջուբեյրի սպանության նախապատրաստման համար: Իրանը այդ մեղադրանքները կտրականապես հերքում է` դրանք համարելով ԱՄՆ հատուկ հորինվածք, որն ուղղված է Թեհրանի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտություն հրահրելուն:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան