ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Սմբատ Բյուրատի անվան N 125 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին:
Ազգի պաշտպան իմ զինվոր եղբայր, ես հավատում եմ, որ դու երբեք չես լքի քեզ վստահված դիրքը, չես թողնի թշնամուն մեր սահմանը խախտի, միշտ հավատարիմ կմնաս քո հայրենիքին ու քո ազգին:
ՌՈԲԵՐՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, իմ զինվոր եղբայր, այս նամակով ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել քեզ: Դու մշտարթուն պաշտպանում ես մեր սահմանները: Ես գիտեմ, որ դու քո կյանքը վտանգելով ես պաշտպանում մեզ: Աստված պահապան քեզ ու ծառայակից ընկերներիդ, եւ թող ոչ մի զինվոր չզոհվի երբեք: Աստված խաղաղություն պարգեւի Հայոց աշխարհին:
ՆԱՐԵԿ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, ավագ եղբոր նման հարազատ իմ հայ զինվոր:
Շնորհակալ եմ քեզ խաղաղ բացվող ամեն լուսաբացի համար: Ես էլ մի օր կարժանանամ այդ պատվին. իմ հայրենիքի եւ ազգի համար քեզ պես քաջությամբ կկանգնեմ սահմանին ու ամեն գնով կպաշտպանեմ մեր սահմանները:
Բարի եւ խաղաղ ծառայություն, իմ քաջ ավագ եղբայր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Ողջույն, հա՛յ զինվորներ: Գրում եմ ձեզ սրտի թրթիռով: Ես անհանգստանում եմ ձեզ համար, քանի որ դուք կյանքի գնով պաշտպանում եք մեր հայրենիքն ու մեզ: Մենք հպարտանում ենք ձեզանով:
ՄԱՐԻ ԳՈՅՈՒՄՋՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, իմ անծանոթ զինվոր: Քեզ անփորձանք օր: Չնայած եղանակի փոփոխություններին, միեւնույն է՝ դու կանգնած ես դրսում եւ պահպանում ես մեր հանգիստը, մեր հայրենիքի խաղաղությունը:
Առանց զինվոր չկա ազգ, պետություն: Դու մեր հույսն ես, մեր պարծանքը, մեր հայրենիքի ամուր վահանը:
ԱՐԱՔՍՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, հայոց բանակի քաջ զինվոր: Ես քեզ համարում եմ իմ եղբայրը, իմ պաշտպանը, իմ ավագ ընկերը: Գիտես՝ երբ դրսում անձրեւ կամ ձյուն է գալիս, երբ սաստիկ ցուրտ է լինում, ես միշտ մտածում եմ, որ ցրտին, սառնամանիքին, ամուր, աներեր կանգնած ես սահմանին, որ հանկարծ թշնամին մի քայլ առաջ չգա:
Երբ մեծանամ, քեզ նման ես էլ անառիկ կպահեմ մեր հայրենիքը:
ՄԱՐՏԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Բազում կրակների ու ավերների միջով անցած զինվորի սխրանքը ուսանելի է գալիք սերունդների համար: Մենք էլ ձեր օրինակով ամուր եւ անսասան ենք պահելու հայրենիքը եւ բազմապատկելու ենք մեր բոլոր հաղթանակները: Սիրելի՛ զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե:
ՄԱՐԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
7-րդ դասարան
♦♦♦
Մեր հայրենիքի հերոս քաջ տղաներ, այնքան շնորհակալ եմ ձեզ, որ ամուր-ամուր պահպանում եք մեր հայրենիքի սահմանները: Բոլորիդ անփորձանք ծառայություն եմ մաղթում, թող ամեն օրը բացվի միայն ու միայն խաղաղ երկնքի ներքո: Անհամբեր սպասում ենք բոլորիդ վերադարձին:
ՄԱՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ
7-րդ դասարան
Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Բանակ և հասարակություն