Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ



Բ. Քեզ համար կուռքեր չկերտես որեւէ բանի նմանությամբ, որ վերեւում՝ երկնքում է, եւ ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ, չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց:

Այս պատվիրանը զգուշացնում է մեզ հեռու մնալ կռապաշտությունից։ Հարկ է իմանալ, որ կռապաշտությունը լինում է երեք տեսակ։ Նախ՝ Աստծո փոխարեն անմարմիններին պաշտելը եւ երկրպագելը, այսինքն՝ երկնային զորություններին, մարդկանց հոգիներին կամ դիվային ուժերին։ Երկրորդ՝ ոսկյա, արծաթյա, նյութեղեն այլ առարկաների (կուռքերի), նաեւ արեւի, լուսնի, աստղերի, կենդանիների, բնության երեւույթների ու բարիքների պաշտամունքն ու երկրպագությունը։ Այսինքն՝ այս պատվիրանն արգելում է որեւէ մեկին կամ որեւէ բան Աստծու ավելի սիրել կամ փառաբանել, Աստծուն մոռանալով՝ հույսը դնել որեւէ մեկի կամ սին բաների գուշակության, երազների, հարստության, սեփական աշխատանքի, ընդունակությունների, ուժերի եւ առաքինությունների, ինչպես նաեւ սնոտի նախապաշարումների եւ նշանների վրա, ինչպիսիք են, օրինակ, ծառերին լաթեր կապելը, ջրի մեջ դրամ նետելը եւ այլն։ Երրորդ՝ կռապաշտությունը մարմնավորների եւ անմարմինների, շնչավորների եւ անշունչների պատկերները Աստված կոչելը եւ նրանց վրա հույս դնելը։

Եկեղեցին ընդունում եւ հարգում է ոչ թե կուռքերի, պատահական մարդկանց կամ դիվական երեւույթների պատկերները, այլ Ամենասուրբ Երրորդության տնօրինությունների, սուրբ Կույս Աստվածածնի, աստվածահաճո սրբերի ու հրեշտակային դասերի սրբապատկերները, որոնք օգնում են մեզ հաստատվելու հոգեւոր կյանքի եւ աստվածապաշտության մեջ։ Սրբապատկերները պարզ գծագրություններ եւ նկարագրություններ չեն, այլ հավիտենական կյանքի պատգամներ են հաղորդում մեր հոգիներին։ Ինչպես Է դարի մեր վարպետներից Վրթանես Քերթողն է գրում «եկեղեցիներում նկարում են այն ամենը, ինչի մասին Սուրբ Գիրքն է պատմում։ Գրքերի խոսքերը միայն ականջներին են լսելի, իսկ պատկերները տեսանելի են աչքերին. աչքերով տեսնում, ականջներով լսում եւ սրտով հավատում են»։

Որպես կանոն պետք է երկրպագել եւ աղոթել միայն օրհնված սրբապատկերների առջեւ, որոնք ստացել են աներեւույթ աստվածային կնիքներ եւ ունեն սրբարար զորություն։ Չօրհնված պատկերները չունեն հոգեւոր զորություն, այլ կարող են ներգործել միայն զգայարանների վրա, որը կարող է օգտագործվել նաեւ չարի կողմից։ Հետեւաբար, քրիստոնյաների համար տեսանելի պատկերը սրբազան նշան է, որն օժտված է անտեսանելի աստվածային զորությամբ եւ քրիստոնեական պատկերագրությունը ոչ թե կռապաշտության, այլ աստվածապաշտության արտահայտություն է, որովհետեւ ոչ թե պաշտվում է նյութական նշանը, այլ նրա հետ միավորված կենդանի աստվածային ներկայությունը։

Մենք նաեւ հավատքով պաշտում ենք խաչը, որովհետեւ նրա վրա չարչարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Խաչը, որ մահվան գործիք էր, Քրիստոսի չարչարանքներով ու հարությամբ դարձավ հարության նշան եւ փրկության գործիք։ Այս պատճառով էլ կոչվում ենք նաեւ խաչապաշտ։ Խաչը նույնպես պետք է օրհնված լինի, ինչպես սրբապատկերը, որպեսզի հոգեւոր զորություն ունենա եւ հալածի չարին։

Նյութերը հավաքեց Կ. ԹԱՆԳՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Հոգևոր-մշակութային


02/11/2011