40 ՏԱՐԻ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ…
Զրույց ՊՆ Կենտրոնական հոսպիտալի էնդոսկոպիկ կաբինետի պետ Սամվել Գրիգորյանի հետ
–Պարոն Գրիգորյան, 40 տարի նույն ճանապարհը Ձեզ տնից բերել է այս շենքը, որն այժմ բանակի կենտրոնական հոսպիտալն է, իսկ նախկինում հայտնի է եղել Երկաթգծի հիվանդանոց անվանմամբ: Սրտանց մաղթում եմ, որ այդ 40 տարիներին բազմաթիվ տարիներ ավելանան: Եվ ուզում եմ հարցնել՝ Ձեր ընտանիքում կամ հարազատների մեջ բժիշկներ կայի՞ն:
-Հայրս աշխատում էր «Հաղթանակ» զբոսայգում, մայրս՝ ռելեի գործարանում՝ որպես բանվորուհի: Մենք վեց երեխա էինք՝ երեք եղբայր, երեք քույր: Ես կրտսերն էի: Մինչեւ իմ ծնվելը մերոնք ապրում էին «դոմիկում», որը Մոնումենտի տարածքում էր: Հետո մեր «դոմիկն» այրվեց: Հայրս կարողացավ ամբողջ ընտանիքը անվնաս դուրս բերել տնից: Մեզ տվեցին երկու սենյականոց բնակարան «ստալինյան» շենքում, որը շքեղություն էր մեր 8 հոգանոց ընտանիքի համար «դոմիկից» հետո: Մանկության տարիներին ես տարված էի լուսանկարչությամբ: Նկարում էի ամեն գեղեցիկ անկյուն, զանազան պատկերներ, կենդանիներ… Տանը լուսանկարչական անկյուն ունեի, որտեղ երեւակում էի լուսանկարները: Ու երազում էի ճամփորդել…
–Իսկ բժշկությո՞ւնը…
-Երբ պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի բժշկական ինստիտուտում, առաջին հայացքից կարող է թվալ, որ դա պարզապես պատահականություն էր: Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր պատահականություն կանխորոշվածն իրագործելու հնարավորություն է: Իսկ հիմա ես ուզում եմ մի քանի խոսք ասել մորս մասին, որովհետեւ ոչ ոք ինձ՝ իմ հուզաշխարհի, իմ մտածելակերպի, իմ բարոյական ըմբռնումների վրա այնպես չի ազդել, ինչպես մայրս: Նա աշխատում էր առավոտից իրիկուն: Աշխատում էր հերթափոխով: Մենք՝ վեց երեխաներս, անվերապահորեն ենթարկվում էինք մորս: Նա երբեք մեզ վրա ձեռք չէր բարձրացնում, այդ հասարակ կնոջ խոսքը մեծ ուժ ուներ: Ու նրա բոլոր խրատները այն մասին էին, թե ինչպես անենք, որ կողքինի համար լավ լինի: Իմ ավագ քույրերն ու եղբայրները իրենց նախաձեռնությամբ գնացին գիշերօթիկ դպրոց, որ ցերեկները աշխատեն եւ օգնեն ծնողներին: Մեր ընտանիքում չար երեխա չկար, անկարգություն անող, մեծերին չլսող չկար: Ու այս ամենը՝ մորս շնորհիվ: Դեպի բժշկություն իմ ճանապարհը մորիցս սկսվեց:
Դպրոցն ավարտելուց հետո ես դիմեցի պատմության ֆակուլտետ: Բայց քննությունները չավարտած՝ հիվանդացա: Բժիշկներն ասացին, որ լարվածությունից ճնշումս բարձրացել է, հանգեցրել գլխապտույտների եւ ուշաթափության: Հայրս արգելեց շարունակել քննություններս: Այդ ընթացքում մենք ավելի հաճախ շփվեցինք բժիշկների հետ: Մի օր էլ հայրս ասաց. «Ավելի լավ է՝ դու բժիշկ դառնաս»…
–Իսկ ե՞րբ սկսեցիք սիրել Ձեր մասնագիտությունը:
-Երբ առաջին անգամ շփվեցի հիվանդի հետ: Ես սովորելուն զուգընթաց աշխատում էի Միքայելյան ինստիտուտի դիալիզի բաժնում: Բուժակ էի, հիվանդներին ու դիալիզի սարքերն էի նախապատրաստում գործողության: Մեր հիվանդները մահվան դատապարտված մարդիկ էին, նրանք ամենաշատը կարող էին ապրել երեք տարի. այն ժամանակ դեռ երիկամ չէին փոխպատվաստում: Ու այդ շփումներից ծնվեց մի յուրատեսակ կապ, որ լինում է բժշկի ու հիվանդի միջեւ: Կարեկցանք, պատասխանատվություն, պարտավորություն, նվիրում… Երբ օտար մարդը դառնում է քոնը: Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցա այս հիվանդանոցում, որն այն ժամանակ, ինչպես ասացիք, կոչվում էր Երկաթգծի հիվանդանոց, ու այստեղ եմ մինչ օրս:
–Երբ հիվանդանոցը հանձնում էին պաշտպանության նախարարությանը, Դուք գլխավոր բժիշկն էիք, ճի՞շտ է…
-Այո՛, բայց նախքան բանակին անդրադառնալը, ուզում եմ պատմել երկրաշարժի մասին: Ես գլխավոր բժշկի բուժգծով տեղակալն էի, ու երկրաշարժի օրը ե´ւ գլխավոր բժիշկն էր հիվանդ, ե´ւ տնտեսական գծով տեղակալը: Մի քանի ժամում հիվանդանոցը լցվեց վիրավորներով: Մայրաքաղաքում պարեկային ռեժիմ էր, ու ես մի քանի ժամ մնացի ոստիկանությունում, որ բժիշկների համար ազատ տեղաշարժվելու թույլտվություն ստանամ: Ավելի քան մեկ շաբաթ անկողին չմտա ու տուն չգնացի հիվանդանոցից: Նույնը՝ մեր բժիշկները: Նրանք անձնազոհաբար պայքարեցին վիրավոր մարդկանց ապրելու համար, գիշերը ցերեկ դարձրած հարյուրավոր կյանքեր փրկեցին:
Երբ այլեւս ոտքի վրա չէի կարողանում մնալ, գնացի տուն, որ գոնե երեք ժամ քնեմ, բայց տեսա, որ մեր տանը՝ մահճակալներին, հատակին, ամենուր, անկողիններ են փռված: Հեռու-մոտիկ բարեկամները բազմահարկ շենքերից եկել, հավաքվել էին մեր երկհարկանի տանը, որ փրկվեն նոր ցնցումներից: «Բալա՛ ջան, բա դու որտե՞ղ ես քնելու»,- հառաչեց մայրս՝ ինձ տեսնելով: Ասացի. «Եկել եմ՝ շորեր վերցնեմ»: Ու վերադարձա հիվանդանոց: Հայ բժիշկները մարդասիրության աննախադեպ օրինակներ են տվել ու հրաշալի ավանդույթներ են փոխանցել երիտասարդ սերնդին:
…Երբ հիվանդանոցը հանձնեցինք պաշտպանության նախարարությանը, կարճ ժամանակ անց այն լցվեց վիրավոր սպաներով ու զինվորներով: Սահմաններին ընդհարումները շարունակվում էին, ու վիրավորների հոսքը միշտ կար: Սկզբում և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես շատ դժվար էր: Հետո… լարվածությունը դարձավ առօրյա, մարդկային կյանքի համար չավարտվող պայքարը՝ ապրելակերպ: Կենցաղային դժվարությունների մասին էլ չեմ խոսում: Հոսանքի, ջրի անջատումները, զրկանքները, կարիքը… Ինչ ծանր կացությունից դուրս եկանք, ինչպիսի դժվարություններ հաղթահարեցինք… Դիմացանք ու եկանք, հասանք աշխարհի վազքին… Ես այդ մեծ հաղթանակի մասնիկն եմ:
–Ձեր երեխաներից որեւէ մեկը շարունակո՞ւմ է Ձեր գործը:
-Ո՛չ։ Աղջիկներս իմ դժվարությունները տեսնելով՝ վախեցան եւ ուրիշ մասնագիտություններ ընտրեցին: Բժշկի աշխատանքը նվիրում է, ինքնազոհություն, եթե պատրաստ չես դրան, պիտի հեռու մնաս այդ մասնագիտությունից: Բժիշկների երիտասարդ սերունդ է գալիս հոսպիտալ՝ ավյունով լեցուն, նվիրված… Մի ժամանակ ես ոչ միայն անուններով գիտեի բոլոր բժիշկներին, այլեւ ծանոթ էի բոլորի կենսագրությանը, դարդ ու ցավին: Հիվանդանոցն իմ ընտանիքն էր, ու ամեն քայլափոխի հարազատ ու սիրելի դեմքերի էի հանդիպում: Հիմա շատերին չեմ ճանաչում, ու թախծի հետ մի մեծ ուրախություն կա, որ մենք՝ իմ սերունդը, ամենածանր տարիներին պատվով կրեց զինվորական բժշկի ծանր խաչը ու այն կտակեց երիտասարդներին:
–Ո՞րն է բժշկի երջանկության բանաձեւը, որը 40 տարի աշխատել է նույն հիվանդանոցում:
-Երջանկություն է, երբ ապրած տարիներդ անպտուղ չեն: Երբ հետ ես նայում ու տեսնում ես, որ անցած ճանապարհդ լի է վաստակով: Երբ գործդ շարունակող կա, ու այն, ինչ թանկ ու սիրելի է քեզ համար, սիրված ու պաշտպանված է:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում