Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՎԿԻԱՆՈՍԻ ԹԱԳՈՒՀԻՆ



ՕՎԿԻԱՆՈՍԻ ԹԱԳՈՒՀԻՆԱՆԻՏԱ ԿԱՐԱԳՈՇՅԱՆ (ԿՈՆՏԻ)

 

Ազգությամբ հայ ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899թ. Ֆրանսիայի Երմոն քաղաքում: Կարագոշյանների ընտանիքի տարերքը ճամփորդելն էր: Եվ այդ էր պատճառը, որ Անիտան եղբոր ու ծնողների հետ  հաճախ էր ճամփորդում: 1914թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, ընտանիքն ապաստան է գտնում Օրելոն կղզում, որտեղ երիտասարդ հայուհին իրեն նվիրում է նավագնացությանը, ընթերցանությանն ու լուսանկարչությանը: 1917թ. նա կատարում է իր առաջին լուսանկարները Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական ափին: Պատերազմից հետո Անիտա Կարագոշյանը բնակություն է հաստատում Փարիզում և 1927թ. ամուսնանում է Վիեննայի դեսպանատան աշխատակից, ծագումով իտալացի Մարսել Կոնտիի հետ: Անիտան ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ հետազոտելով ծովը և այն խնդիրները, որոնց հետ առնչվում էին ձկնորսները: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է նավերի վրա և գրքեր է ընթերցում՝ ծանոթանալով ծովի բուսական և կենդանական աշխարհին: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Անիտա Կոնտին մշակում է ձկնորսության գիտական մեթոդաբանությունը, հրատարակում շատ գիտական հոդվածներ և տեղեկություններ ձկնորսության տարբեր խնդիրների մասին: 1939թ. նա ուղևորվում է Արկտիկա: Այս ուղևորության ընթացքում Անիտա Կոնտին եզրահանգում է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել: 1941-43թթ. ձկնորսանավակով լինում է Աֆրիկայում, ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործում է ձկնորսության մեթոդները: Նա կազմում է քարտեզներ, բացահայտում ձկների նոր տեսակներ: Ուսումնասիրությունների հիմնական նպատակը ձկների վտառներ գտնելն էր՝ ուտելիքի սղության պայմաններում զորքին ու խաղաղ բնակչությանը ձկնեղենով ապահովելու համար: 1943թ. Ալժիրի կառավարությունը պատվիրում է Կոնտիին ուսումնասիրելու Հարավային Աֆրիկայի ձկնային ռեսուրսները: Նա մոտ տասը տարի զբաղվում է  Մավրիկիայի, Սենեգալի, Գվինեայի ձկնային ռեսուրսների հետազոտություններով: Անիտա Կարագոշյանը ուսումնասիրում է օվկիանոսի հատակը, ձկնային ռեսուրսները, ինչպես նաև տեղի ձկնորսության ավանդական մեթոդները: Նա իր հետազոտությունները հրատարակում է բազմաթիվ գիտական ամսագրերում, մասնակցում բազում գիտաժողովների ու համագումարների, ելույթ ունենում ծովային աշխարհի պահպանման օգտին:

 

«Չպետք է մտածել սեփական ես-ի մասին, այլ անդադար աշխատել. կան բաներ, որ ավելին արժեն, քան սեփական կյանքը»

Անիտա Կոնտի

 

ՕՎԿԻԱՆՈՍԻ ԹԱԳՈՒՀԻՆԱսում են՝ երբ օտարները զարմանում էին, թե ծով ու օվկիանոս չունեցող հայ ժողովուրդն ինչպես է Անիտա Կոնտիի նման օվկիանոսագետ ծնել՝ Անիտան պատասխանում էր.

«Իմ ժողովրդի մի հատվածը 300 տարի ծովի մոտ է բնակվել, մենք ունեցել ենք փառապանծ Կիլիկիա, որի ծովափերին աշխարհի հզորագույն երկրների հետ առևտրական  սերտ կապեր հաստատած ավելի քան հազար հայկական նավեր էին հանգրվանում: Վերջապես, մենք ունեցել ենք հայոց ամենահզոր արքա Տիգրան Մեծի «Ծովից ծով Հայաստանը», իմ ներսում այդ խիզախ հայրենակիցներիս արյունն է հոսում»:

Անիտա  Կոնտի Կարագոշյանը կարծում էր, որ եթե օվկիանոսն ու ծովը շատ ես սիրում, դառնում նրանց հարազատ, ապա նրանք քո առջև շռայլորեն բացում են իրենց գաղտնիքները»:

…1941-1945թթ. ամբողջ աշխարհը ներքաշվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Ֆրանսիական կառավարության առջև դժվարին խնդիր էր ծառացել՝ ականազերծել Պա Դե Կալե նեղուցում և Բարենցի ծովում գերմանացիների ականապատած ֆրանսիական նավերը: Եվ այս պատասխանատու և դժվարին գործի ղեկավարումը վստահվում է մեր խորագիտակ հայրենակցուհուն: Եվ, իհարկե, հույժ կարևոր այդ գործողությունը պսակվում է հաջողությամբ, և բոլոր նավերն ապահով և առանց կորուստների ականազերծվում են Անիտա Կոնտիի խելամիտ քայլերի շնորհիվ:

Անիտա Կոնտին ընտրվել է տասնյակ օվկիանոսագիտական ակադեմիաների պատվավոր անդամ, նրա մասին բազմաթիվ հոդվածներ են տպագրել ֆրանսիական «Le Monde», «Le Figaro» պարբերականները, այլ առաջատար հանդեսներ:

Պատմում են, որ նա ոչ միայն անվանի գիտնական էր, այլ նաև հմուտ կազմարար: Իր հեղինակած գրքերն ինքն էր կազմում: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է կարողանում այդքան վարպետորեն կազմեր պատրաստել, նա պատասխանում  է. «Գրականության հանդեպ սերը ժառանգել եմ Ոսկան պապիցս: Թերթե՛ք հիասքանչ հայկական մագաղաթները, դիտե՛ք դրանց ոսկեզօծ ու արծաթապատ, թանկարժեք քարերով ագուցված կազմերը, և ամեն ինչ պարզ կլինի»:

Մեծ հետազոտողն ու գիտնականը  մոտ մեկդարյա բեղմնավոր կյանք է ունեցել: Անիտա Կոնտի Կարագոշյանը վախճանվել է 1997թ. դեկտեմբերին՝ 99 տարեկանում: Իսկ ըստ նրա կտակի՝ աճյունափոշին սփռել են Միջերկրական ծովում՝ ի պահ նրա պաշտելի օվկիանոսի ջրերին:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից


26/03/2020