ՆՐԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎ ԵՆՔ
«Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին նախաձեռնեց այցելություն Հայաստանի սահմանային զորամաս: Նախաձեռնությանը միացել էին Արցախյան պատերազմում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների մայրերն ու այրիները, նաեւ՝ սահմանային զորամասում ծառայությունը անցկացնող զինվորի մայրն ու քույրը:
ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Զորամասի մշտական տեղակայման վայրում այցելուներին դիմավորում է փոխգնդապետ Ս. Գրիգորյանը՝ հրամանատարի տեղակալը: Նա նշում է, որ զորամասի առաջնահերթ խնդիրը ՀՀ հյուսիսարեւելյան սահմանի պաշտպանությունն է. «Գունդը պաշտպանել է իրեն վստահված սահմանագծով հատվածը՝ հակառակորդին պատճառելով նյութական եւ կենդանի ուժի մեծ կորուստներ, հաջողությամբ իրականացրել է շրջափակումից Ոսկեպար գյուղի ազատագրումը 1992 թ., իրականացրել մի շարք օպերացիաներ եւ հերոսաբար պաշտպանել գյուղերը»:
Զորամասի հրամանատար գնդապետ Ամիրխանյանն ընդգծում է, որ զորամասը հյուսիսարեւելյան սահմանի պաշտպանության խնդիր է կատարում բավականին մեծ ճակատով: Հրամանատարն ասում է, որ աշխարհագրական դիրքի առումով բավականին բարդ տեղանք է. «Տեղանքի առանձնահատկությունը բարդ լեռնային, անտառային պայմաններն են, ուստի ծառայությունը կազմակերպելու համար զգոնություն եւ տոկունություն է պահանջվում թե՛ զինվորներից, թե՛ սպայակազմից: Այսօր սահմանի այս հատվածը պաշտպանում են պայմանագրային ծառայողները, որոնք հիմնականում տեղի բնակիչներ են:
Զորամասի հրամանատարը ծառայության մեծ փորձ ունի. ծնվել է Մասիսի շրջանում: 1993թ. Մասիսի «Զորավար Անդրանիկ» ջոկատի կազմում մեկնում ռազմաճակատ: Պատերազմի ընթացքում հասկանում է, որ իր ընտրած ուղուց հետդարձի ճանապարհ չկա:
«Այսօր հակառակորդի նկատմամբ առավելություն ունենք: Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորական գիտակցում է, որ պատերազմը ավարտված չէ, եւ պատրաստ է օրվա ցանկացած պահի հակահարված հասցնելու հակառակորդին»:
Ներկաների հետ զրույցի ժամանակ հրամանատարն անդրադարձավ նաեւ կարգապահական խնդիրներին եւ նշեց, որ ցանկացած հրամանատարի, սպայի համար պետք է առաջնային լինի համագործակցությունը զինվորի ծնողների հետ. «Ես օրվա ցանկացած պահի պատրաստ եմ լսելու ծնողներին, եւ նրանք էլ հաճախ գալիս են, ասում՝ տղայիս դաստիարակեք: Բանակը իր կարգ ու կանոնով կարող է դաստիարակել նույնիսկ ամենաբարդ խառնվածքի տեր երիտասարդին»:
♦♦♦
Մտերմիկ զրույցի ավարտին տիկին Անահիտը զորամասին է հանձնում իրենց ուժերով հավաքած գրքերն ու նոր քարտեզները, ապա մայրական խնդրանքով դիմում հրամանատարին՝ իրենց այցի շրջանակներում անակնկալ մատուցել զորամասի տասը լավագույն զինվորներին եւ խրախուսել մեկշաբաթյա արձակուրդով: Գնդապետ Ն. Ամիրխանյանն անմիջապես ԱՀՏԱ գծով տեղակալին հանձնարարում է տասը լավագույններին կանչել շարահրապարակ:
Ողջույնից հետո հրամանատարը ներկայացրեց զորամասի հյուրերին եւ բարի լուրը հայտնեց: Տասը լավագույններն էին` գումարտակի զինծառայողներ Ռոբերտ Կոծինյան ու Արայիկ Մկրտումյան, որոնք ամսվա արդյունքներով լավագույնն էին ճանաչվել: Ալեքսիս Ալեխանյան ու Տիգրան Դավոյան, որոնք նույնպես ճամբարային հավաքների ժամանակ լավագույնն են ճանաչվել: Դ-30 մարտկոցից Տիգրան Հակոբյան ու Արտակ Խաչատրյան, որոնք էլ Արմավիրի ուսումնական կենտրոնում զորավարժության ժամանակ աչքի են ընկել իրենց կարգապահությամբ եւ բարձր մարտական ունակություններով: Ավետ Թագմանուկյանը, Ավետիք Գեւորգյանը, Իսկո Թամոյանը եւ Հրաչյա Մկրտչյանն էլ արձակուրդ ստացան մարտական հենակետերում բարեխիղճ ծառայության համար: Ի դեպ` տղաները նոր էին վերադարձել մարտական հենակետից. «Այսպիսի՜ անակնկալ` այնքան ոգեւորված ենք, հուզված նման վերաբերմունքից: Վստահեցնում ենք, որ անխախտ կկատարենք մեր պարտավորությունները պետության հանդեպ, երկրին կծառայենք նույն նվիրումով եւ ավելի վստահ»,-բոլորի անունից խոստացավ Հրաչյա Մկրտչյանը:
«Սրանով մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում ծնողներին` այսպիսի զավակներ հայոց բանակ ուղարկելու համար»,- ասաց տիկին Անահիտը:
Այցելության մասնակիցների ուրախությունը կրկնապատկվում է զորամասի տարածքում շրջայցի ժամանակ. ահա զորանոցը, ննջարանը, որի մի անկյունում մարզական սարքեր են, իսկ հատակին փռված է գորգ, ինչը զարմացնում է այցելուներին, ժամանցի սենյակը, գրադարանը, որին այցի շրջանակներում 760 կտոր գիրք նվիրեցին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ակումբին էլ՝ մեծ պլազմային հեռուստացույց: Մոտենում ենք ջերմոցին, որտեղ աշխատում է տիկին Կարինեն. նրա աճեցրած ծաղիկների շնորհիվ զորամասի ամբողջ տարածքը գեղեցիկ ու բարեկարգ է: Հրամանատարը զորամասի ձեռքբերումն է համարում բուժկետը, որը նոր է վերանորոգվել: «Դեղորայքի պակաս չկա»,- վստահեցնում է բուժկետի պետը՝ նորավարտ ավագ լեյտենանտ Վարդանյանը: Նա չորս ամիս է, ինչ ծառայության է անցել այս զորամասում եւ, ինչպես նշում է հրամանատարը, շատ պատրաստակամ ու հոգատար է:
Շարքային Արայիկ Մկրտումյանի քույրը՝ Լիլիթը, որ եկել է եղբոր ծառայության պայմաններին ծանոթանալու, հիացած է զինվորների համար նախատեսված հանգստյան գոտով. «Մաքուր եւ բարեկարգ զորամաս է, զգացվում է, որ սա մեկ օրվա աշխատանք չէ, նկատելի են հրամանատարի ջանքերն ու նվիրումը: Ես տեսա, թե որտեղ է եղբայրս հանգստանում, որտեղ առողջական խնդիր ունենալու դեպքում կարող է բուժօգնություն ստանալ, հիմա խիղճս ավելի հանգիստ է»:
ԴԻՐՔԵՐՈՒՄ
Հրամանատարի մեքենային հետեւելով՝ մեր ավտոբուսը մոտենում է դիրքերին: Վարորդի հմուտ ղեկավարությամբ հաղթահարվում է դժվարին ճանապարհը, եւ կանգնում ենք վաշտի հրամանատարական կետի դիմաց: Այստեղ մեզ դիմավորում են գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Թեւանյանը եւ գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Գասպարյանը՝ բարձրահասակ, ֆիդայու արտաքինով, հաղթանդամ կազմվածքով, պատերազմ անցած հայ սպան: Փոխգնդապետ Գասպարյանը նախ զեկուցում է` հակառակորդն ակտիվություն չի ցուցաբերել: Հետո հրավիրում է ներս՝ ճանապարհի հոգնածությունը թոթափելու:
«Դիրքը, որտեղ մենք գտնվում ենք, գյուղի դարպասն է: Հակառակորդը գտնվում է 300-400 մ հեռավորության վրա: Այս հատվածը հսկում են պայմանագրային ծառայողները»,-ասում է Ա. Գասպարյանը, ապա ծանոթացնում է կենցաղային պայմաններին, ներկայացնում է ինժեներական կահավորանքն ու կապի վիճակը, խոսում է անձնակազմի մարտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին: Իսկ փոխգնդապետ Ս. Թեւանյանը ավելացնում է, որ իրենց առաջնահերթ խնդիրը կրակային եւ մարտավարական պատրաստությունների բարձր մակարդակ ապահովելն է:
Հրամանատարը խրամատի միջով մեզ ուղեկցում է դիտակետ, որտեղ հերթապահում են զինվորները: Անզեն աչքով էլ տեսանելի է ձգվող հողաթումբը, որից այն կողմ թշնամու խրամատն է: «Կրակոցներ լինում են, հրադադարի ռեժիմը խախտվում է ադրբեջանցիների կողմից, բայց մենք միշտ պատրաստ ենք համարժեք պատասխան տալու»,-ասում է զորամասի հրամանատարը եւ ընդգծում, որ տիրող խաղաղությունը հայոց բանակի ուժի արդյունքն է:
♦♦♦
Հրաժեշտ տալուց առաջ մեզ ուղեկցում են դիրքի հարեւանությամբ ծվարած 7-րդ դարի հայկական փոքրիկ եկեղեցի, որը թեպետ վաղուց չի վերանորոգվել, բայց դարերի խորհուրդն է կրում: Ասում են՝ եկեղեցին դիմակայել է հակառակորդի հարձակումները եւ այսօր իր գոյությամբ հիշեցնում է, թե ով կարող է այստեղ իրեն տանտեր զգալ: Մարտական հերթապահությունը ստանձնելուց առաջ դիրքապահները պարտադիր մոմ են վառում, մենք էլ վառեցինք եւ բարի ծառայություն մաղթեցինք սահմանի անդորրը հսկող հայ զինվորականին:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուսանկարը` հեղինակի