ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՌՑԱՀԱԲԵՐ
Այսուհետ Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի` ծանր վիրավորված զինծառայողները կօգտագործեն հզոր ներգործության սառցահաբեր` մորֆինի ավանդական ներմկանային սրսկման փոխարեն: Սկզբում այդ հաբերը նույնիսկ մրգային համ կունենան:
Սառցահաբերը կպարունակեն ֆենտանիլ սինթետիկ նյութ` ուժեղ ներգործող թմրանյութ, որը բժշկության մեջ կիրառվում է որպես անզգայացնող և ցավազրկող միջոց:
Հաբի պատրաստման եղանակի և կառուցվածքի շնորհիվ ցավազրկող նյութը ավելի արագ է ներթափանցում մարդու արյան մեջ, իսկ բժիշկը վերահսկում է թմրանյութի չափաբաժինը:
Ռազմական բժիշկները սկսել են կիրառել ֆենտանիլով սառցահաբերը մոտ երկու ամիս առաջ: Զինվորական հրամանատարությունը մտադիր է ընդլայնել դրանց օգտագործումը, քանի որ առաջին փորձարկումները ամբողջությամբ հաջողված են համարվել:
Զինծառայողները սառցահաբերն առձեռն չեն ստանա, դրանք անհրաժեշտության դեպքում կկիրառեն միայն բժիշկները: Միևնույն ժամանակ, ծովային հետևակի կորպուսի հրամանատարությունը առայժմ մտադիր չէ հրաժարվել մորֆինի ներարկումից:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական