ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախընտրում է Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրը լուծել ուժային ճանապարհով: Նա ասել է, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները գնալով ավելի հաճախ են զգուշացնում, որ երկու տարի անց Իրանը արդեն միջուկային զենք կունենա, իսկ ՄԱԳԱՏԵ-ն պնդում է, որ Իրանում արդեն ընթանում են միջուկային մարտագլխիկի համակարգչային մոդելավորման աշխատանքները: Համարվում է, որ այս զեկույցը կարող է շրջադարձային լինել Իրանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականության համար: Պաշտոնական Թեհրանն այս զեկույցն արդեն որակել է «կեղծ ու շինծու»:
Պերեսի հայտարարությանը նախորդել են հակահրթիռային պաշտպանության խոշոր զորախաղերը հատկապես Թել Ավիվի ռազմական օկրուգում:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԳԱՏԵ-ից պահանջում են օր առաջ հրապարակել այս ամիս նախատեսված զեկույցը, որպեսզի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացման առաջարկով հանդես գան ՄԱԿ անվտանգության խորհրդում:
Բրիտանական հատուկ ծառայությունները պնդում են, որ Իրանն արդեն իրականացրել է միջուկային լիցքի ակտիվացման փորձարկում և ունեցած բալիստիկ հրթիռները հարմարեցրել միջուկային մարտագլխիկ կրելուն: Լոնդոնը մտահոգված է այն տեղեկություններով, որ Իրանը պատրաստվում է ուրանի հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգները տեղափոխել Կում քաղաքի մերձակայք` լեռան մեջ փորված բունկերներ, որտեղ դրանք անհասանելի կլինեն Արևմուտքի հրթիռների համար: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների` Մեծ Բրիտանիան նախատեսում է հարձակումն իրականացնել Իրանի տարածքային ջրերում տեղակայվելիք և «Tomahawk» թևավոր հրթիռներ ունեցող ռազմանավերի ու սուզանավերի միջոցով: Հետևակի ափհանում առայժմ չի նախատեսվում:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ խնդրի լուծման ուժային ճանապարհը կապակայունացնի իրավիճակը ողջ Մերձավոր Արևելքում և կունենա անուղղելի հետևանքներ: Ըստ այդմ, անհրաժեշտ է խստացնել սահմանված պատժամիջոցները եւ շարունակել երկխոսությունը Թեհրանի հետ:
Իրենց հերթին, ծրագրահենների (հաքերների) միջազգային հայտնի «Anonymous» խումբը սպառնացել է հարձակում գործել Իսրայելի կառավարական համակարգչային ցանցի վրա, եթե Թել Ավիվը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը: «Anonymous»-ին նախկինում հաջողվել էր կոտրել Իսրայելի բանակի, ՄՕՍՍԱԴ-ի և ընդհանուր անվտանգության ծառայության պաշտոնական կայքերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան