ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՈՒ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
Սահման, առաջնագիծ… Մարտական հերթապահություն իրականացնող ուժեղ ու նվիրյալ դիրքապահ տղաների ծառայավայր՝ ամենաբարձր հենակետ այցելեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Գևորգ Ղարիբյանը:
-Սա իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Դիրքապահ զինվորների հետ հանդիպումն ինձ համար ոչ միայն ոգևորող, այլև պարտավորեցնող է,- ասում է չեմպիոնը;
Հակառակորդին այսքան մոտ, բարձրադիր ու մեկուսի այս դիրքում, սարերին ու լեռներին արդեն ընկերացած տղաներին էլ ո՞վ կարող էր ավելի ոգևորել, եթե ոչ Եվրոպայի առաջնությունում իր հակառակորդներին, որոնց թվում՝ ադրբեջանցի և թուրք ըմբիշներ, գետնած ըմբիշը:
-Գևորգ ջան, թուրքին ո՞նց հաղթեցիր, տեսնեիր, թե զորքը ոնց էր ցնծում: Տղերքի ձայնը ողջ տարածքն էր բռնել,- մինչ մարզիկի հետ ծանոթանալը՝ դիրքի ավագն է շտապում ու տալիս առաջին հարցը:
-Այդ գոտեմարտը ինձ համար սկզբունքային էր մի քանի առումով, և ես հաղթեցի: Եվ իմ հաղթանակում շատ մեծ է նաև ձեր ներդրումը, քանզի դուք այստեղ՝ սահմանին կանգնած ամեն օր մեր երկրի խաղաղությունն եք ապահովում, իսկ մենք էլ պարտավոր էինք մեր «ռազմադաշտում» հաղթել ու եռագույնը բարձրացնել:
Այս տարվա փետրվարին Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում տեխնիկական հնարքով պարտության մատնեց թուրք ըմբիշ Քերեմ Քամալին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իսկ քառորդ եզրափակչում հայ մարզիկը բացահայտ առավելությամբ եւ ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ: Իր հաղթանակը Գևորգը նվիրեց Հայկական բանակին:
-Երբ կանգնեցի պատվանդանին, հասկացա, որ իմ հաղթանակը ձերն է, տղե՛րք ջան, դու՛ք եք այսօրվա մեր իրական հերոսները,- դիրքապահներին դիմելով՝ ասաց մեր հերոսը:
Եվրոպայի չեմպիոնն իր մարզական հաղթանակներով Հայաստանի դրոշը Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներից բարձր պահելով է ոգեշնչում հայրենիքի խրամատներում մարտնչող մեր զինվորներին: Նա խոստացավ՝ հաջորդիվ բոլոր հաղթանակները նույնպես նվիրելու է նրանց: Իսկ թե՝ մենամարտի ժամանակ ինչպես էր իրեն պահում ադրբեջանցի ըմբիշը, հարցին ի պատասխան՝ Գևորգն ասաց.
-Ադրբեջանցի ըմբիշը վատ էր գոտեմարտում, մարզիկին անվայել սպորտային պահվածք ուներ ու պարբերաբար գլխով հարվածում էր, բայց ես տիրապետում էի ինձ ու չտրվեցի նրա սադրանքներին: Գոտեմարտի ամբողջ ընթացքում միայն մի բան էի մտածում՝ ինչ գնով էլ լինի՝ հաղթել:
Մի քանի ժամ ընթացող ջերմ ու անմիջական զրույցից հետո, սահմանապահների խնդրանքով, հայ չեմպիոնը մարտական հենակետի ամենաանվտանգ հատվածում մենամարտի իր փորձն է փոխանցում տղաներին, հաղթական հնարքներ ցույց տալիս, նրանց հետ ուժն է չափում, նաև… մենամարտում:
Սա Գևորգ Ղարիբյանի առաջին այցն է մարտական հենակետեր: Տղաների ուղեկցությամբ նա շրջում է դիրքում, ծանոթանում կառուցվածքին, իր դիտարկումն է անում, ուսումնասիրում է հակառակորդի դիրքերն ու նշանառության տակ առնում հավանական շարժը: Ասում է, որ այստեղ՝ հենակետում, հայրենիքի ուժն ու նրա հանդեպ սերն առավել ես զգում. «Ես շնորհակալ ու երախտապարտ եմ մեր զինուժին»:
Հայկական բանակի զինվորներն առանձնահատուկ նշանակություն են տալիս եռագույնը բարձրացրած մեր չեմպիոնի այցին:
-Հակառակորդը պետք է սա տեսնի ու հասկանա, որ իրենց միայն առաջնագծում չենք հաղթում, բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև մարզական ու մարտական, հաջողություններ ենք գրանցում ու համախմբված հաղթում ենք,- ասում է դիրքապահ Արմանը:
Ոգեշնչող ու անմոռանալի հանդիպման ավարտին Գևորգն ու դիրքապահները միմյանց հրաժեշտ են տալիս արդեն ընկերներ դարձած: Այս բաժանումը նորանոր հանդիպումներ է խոստանում. հայ չեմպիոնը նորից կայցելի մեր սահմանապահներին արդեն իր մարտական ընկերների հետ:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1340) 20.05.2020 - 26.05.2020, Բանակ և հասարակություն