Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿՆ ՈՒ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸ



ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿՆ ՈՒ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸՀայաստանի անկախությունն ու Արցախյան պատերազմի հաղթանակը թրծվեցին ազգային-ազատագրական պայքարի հնոցում, որտեղ հարյուրավոր նվիրյալներ սեփական հոգու կրակով կռում-կոփում էին ազատ Հայաստանի տեսիլքը: Նրանք պատրաստ էին Հայաստանի անկախությունը փրկագնել սեփական կյանքով:

…Արտաշես Փարսադանյանը չհասցրեց մասնակցել Արցախյան պատերազմին, նա զոհվեց 1989-ին, հատուկ հանձնարարություն կատարելիս: Արտաշես Փարսադանյանի կնոջ՝ տիկին Կարինեի հետ զրույցը կուրվագծի մի գեղեցիկ պատմություն՝ կյանքը հայրենիքի փրկության գործին զոհաբերած քաջի դիմանկարը:

-Տիկին Կարինե, ես չեմ տեսել Արտաշես Փարսադանյանին, բայց ասես ճանաչում եմ, որովհետև ընկերները, հարազատները, ծանոթները այնքան մեծ սիրով են պատմել նրա մասին, այնքան վառ են ներկայացրել նրա կերպարը:

-Հիշեցի, թե ինչպես առաջին անգամ տեսա Արտաշեսին: Իմ հայրն ու Արտաշեսի քեռին ընկերներ էին: Մի օր էլ ընտանիքով եկան մեր տուն: Ներս մտավ թիկնեղ, բարձրահասակ, սպորտային կազմվածքով, խարտյաշ մի տղա: Համաչափ դիմագծերով, և որ ամենատպավորիչն էր՝ դեմքին ինչ-որ ընդգծված տղամարդկային ամրություն: Նա այդ օրը չմասնակցեց զրույցին, համարյա չխոսեց:

-Մեծ մասամբ քչախոս են լինում խելացի տղամարդիկ:

-Արտաշեսը քչախոս էր, բայց յուրաքանչյուր միջավայրում դառնում էր հավաքույթի հոգին, բոլորի ուշադրությունը սևեռում էր իր վրա, բոլորին հավաքում էր իր շուրջը: Երբ մենք առաջին անգամ ժամադրվեցինք, ես առիթ ունեցա լսելու նրա մտքերը, դատողությունները ու հասկացա, թե որքան զարգացած, կիրթ, լայնախոհ ու առաքինի մարդ է Արտաշեսը: Նա տղամարդու կատարելատիպ էր, իսկական երազանք, գեղեցիկ՝ հոգով, մտքով, մարմնով:

-Այդ կարծիքը պահպանվեց մինչև վե՞րջ:

-Ավելի խորացավ, ավելի ամրապնդվեց, երբ մենք ամուսնացանք, և ես ավելի լավ ճանաչեցի Արտաշեսին, հայտնաբերեցի նրա բնավորության ամենահրաշալի գիծը՝ բացառիկ նրբանկատությունն ու հոգատարությունը մարդու նկատմամբ: Առհասարակ, Արտաշեսը շատ զգայուն էր: Հիշում եմ՝ մեր առաջին հանդիպման  ժամանակ հպանցիկ հարցրեց, թե ի՞նչ ծաղիկներ եմ սիրում, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ ինձ նվիրեց դաշտային ծաղիկներից իր ձեռքերով պատրաստած իքեբանան:

-Ինչպիսի՞ն էր Արտաշեսի ընտանիքը, ինչպիսի՞ն էին այն մարդիկ, ովքեր կրթել էին նրան:

-Արտաշեսի հայրն ու մայրը հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ էին: Հայրը դպրոցի տնօրեն էր եղել երկար տարիներ: Տանը գրեթե չէին խոսում կենցաղային թեմաներից, քննարկում էին այս կամ այն գրողին, վերլուծում էին մարդկային հարաբերությունները: Արտաշեսի ծնողները շատ վառ կերպարներ էին, զարգացած էին, կիրթ, բայց անզիջում ու սկզբունքային: Արտաշեսը ժառանգել էր այդ գծերը:

-Արտաշեսն ինչպե՞ս հայտնվեց ազատագրական պայքարի հորձանուտում:

-Նախքան այդ հարցին պատասխանելը մի դեպք պատմեմ. Արտաշեսն ու իր դասընկերուհին պետք է քննություն տային ոսկե մեդալի համար: Երկուսից մեկը պետք է ոսկե մեդալ ստանար: Այդ ընթացքում աղջկա հայրը մահանում է, և Արտաշեսը, որը բացարձակ գերազանցիկ էր դպրոցում, հրաժարվում է քննությանը մասնակցելուց՝ հօգուտ դասընկերուհու: Այս պատմությունը ինձ պատմեց նույն այդ դասընկերուհին, որն արդեն բժշկուհի էր ու հուզմունքով էր հիշում այս պատմությունը: Նա ասաց, որ եթե Արտաշեսը մասնակցեր մրցույթին, ինքը հաղթելու ոչ մի շանս չէր ունենա, որովհետև բոլորն էլ գիտեին, որ Արտաշեսը անհամեմատ ուժեղ է իրենից:

-Խոսուն պատմություն է, բնութագրական:

-Արտաշեսը շատ գեղեցիկ էր շարադրում մտքերը, ստեղծագործելու տաղանդ ուներ, նուրբ հոգի, բայց երբ սկսվեց ազգային- ազատագրական պայքարը, միանգամից փոխվեց, ես տեսա բոլորովին նոր Արտաշեսի: Այդ ժամանակ աշխատում էր Փարաքարի գինու գործարանում՝ որպես արտադրամասի պետ: Ամեն ինչ ուներ՝ աշխատանք, լավ ընտանիք, բարեկեցություն, բայց թողեց  ամեն ինչ ու գնաց պաշտպանելու իր վտանգված հայրենիքը: Երբ սկսեցին հայերին տեղահանել Ադրբեջանից, երբ տարածվեցին ադրբեջանցիների վայրագությունների մասին լուրերը, ես Արտաշեսի աչքերում տեսա մի կայծ, որը մեկ էլ Խուստուփի սարերում էի տեսել: Նա զանգեզուրցի էր ու հաճախ էր բարձրանում Խուստուփ, գիտեր այդ վայրերի ամեն ձորն ու կիրճը, ծառն ու թուփը: Նա գնում էր Խուստուփ, որ հոգին ձուլի այդ չքնաղ համայնապատկերին, ամբողջանա, սրտով շոշափի հայրենիքը:

Արտաշեսը լուրջ խնդիրների բախվեց աշխատավայրում ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար: Հետո աշխատանքից դուրս եկավ իր դիմումի համաձայն, որովհետև որոշել էր գնալ Մեղրի, որտեղ Ադրբեջանից տեղահանված շատ փախստականներ էին հավաքվել և օգնության կարիք ունեին, իսկ Արտաշեսը միշտ այնտեղ էր, որտեղ օգնության կարոտ մարդիկ կային: Ես որոշ ժամանակ ապրել եմ Մեղրիում՝ Արտաշեսի ու երեխաներիս հետ: Մենք պատսպարվել էինք կիսավեր տանը, որտեղ կենցաղային պայմաններն անտանելի էին, զուրկ էինք ամենատարրական հարմարություններից: Արտաշեսը օր ու գիշեր զբաղված էր փախստականների հոգսերով: Նաև ջոկատ էր կազմավորել, որի տղաները հատուկ հանձնարարություններ էին կատարում. օրինակ՝ Ադրբեջանից հայ փախստականներին ուղեկցում էին Հայաստան, որպեսզի նրանց զերծ պահեն վտանգներից:

-Զինվա՞ծ էին:

-Ինքնաշեն զենքերով էին զինված: Աղջիկս այդ ժամանակ երեք տարեկան էր, տղաս՝ մեկ տարեկան: Ու երեխաները չդիմացան վատ պայմաններին և հիվանդացան: Ես ստիպված վերադարձա Գյումրի՝ ծնողներիս մոտ: Կարճ ժամանակ անց կատարվեց ողբերգական դեպքը:

…Լուր են ստանում, որ Ադրբեջանից զենքով բեռնված գնացքը պիտի շարժվի դեպի Նախիջևան: Տղաները գնացքը պայթեցնելու հանձնարարություն են ստանում ու ական են տեղադրում ճանապարհին:

Բայց վերջին պահին հայտնում են, որ գնացքը մարդատար է, և ուղևորներ կան մեջը: Արտաշեսը մեծ արագությամբ փորձում է հանել ականը: Չարաբաստիկ ականը պայթում է, և բեկորից 1989թ. օգոստոսի 15-ին զոհվում է ազգային գաղափարի աննկուն մարտիկը: Խորհրդային թերթերը Արտաշեսին անվանեցին չարագործ, տեռորիստ: Մենք դժոխքի միջով անցանք…

Հարազատի կորուստը մեծ ցավ է, բայց Արտաշեսի նման հարազատ կորցնելը բազմապատիկ ցավ է: Նա բացառիկ մարդ էր, որը ուրախություն էր բաժանում բոլորին, որի կողքին ապրելը երջանկություն էր: Ստեղծագործական խառնվածքի, զգայուն հոգու, ինտելեկտի համադրումը խիզախության, վճռականության ու կամքի հետ նրան անսահման հմայիչ էր դարձնում:

-Ինչպե՞ս ընթացավ ձեր ընտանիքի կյանքը Արտաշեսի զոհվելուց հետո:

-Եթե Արտաշեսը պատերազմից առաջ չզոհվեր, նրա անունը գրված կլիներ հերոսների կողքին, ես վստահ եմ: Ու ես ապրել եմ այնպես, ինչպես կապրեր հերոսի կինը: Ես դաշնակահարուհի եմ, դասավանդում էի երաժշտական դպրոցում, շատ էի սիրում մասնագիտությունս, բայց Արտաշեսի զոհվելուց հետո, երբ հասկացա, որ դաշնակահարուհու մասնագիտությամբ չեմ կարող պատշաճորեն հոգալ երեխաներիս հոգսերը, նոր մասնագիտություն ստացա՝ ավարտեցի տնտեսագիտական համալսարանը ու աշխատանքի անցա բանկում:

Երբ Արտաշեսը հեռացավ մեզնից, Հայաստանը ասես նրա կերպարի մարմնավորումը դարձավ: Շատերի համար սրանք կարող են բարձրագոչ բառեր թվալ, բայց այն սերը, հոգատարությունը, որ այլևս չէի կարող տալ Արտաշեսին, հայրենիքիս տվեցի: Արտաշեսի՛ հայրենիքին, որի համար նա վտանգեց իր կյանքն ու զոհվեց:

Արցախի անկախության համար ես ամենամեծ գինն եմ վճարել ու այդ հպարտությամբ էլ ապրել եմ: Արտաշեսին արժանի զավակներ եմ դաստիարակել…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1341) 27.05.2020 - 2.06.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


27/05/2020