Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎԸ ՍԹԱՓՎԵՑ ՆՈԿԱՈՒՏԻՑ



Դժվար է ասել, թե Ադրբեջանի նախագահը քանի անգամ է դիտել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի տեսագրությունը, բայց փաստ է, որ զորահանդեսից ստացած նոկաուտից նա սթափվեց միայն անցյալ շաբաթ` սեպտեմբերի 21-ից մեկ ամիս հետո: Ալիևը սեփական ժողովրդին ներկայացավ միանգամայն առույգ և սկսեց քննադատել հայերի զորահանդեսը: Ավելի ճիշտ, ոչ թե քննադատել, այլ, ինչպես ասում են, «կեղտ բռնել»: Իհարկե, միանգամայն անհիմն: Դատեք ինքներդ:

«Ես, հավանաբար նաև դուք և ամբողջ հասարակությունն առաջին անգամ տեսանք, որ հայկական ռազմատեխնիկան ի վիճակի չէ ինքնուրույն շարժվելու, դրանք զորահանդեսում ցուցադրում էին քարշակների և բեռնատարների վրա։ Դա կարող է մի քանի պատճառ ունենալ։ Կա՛մ այդ տեխնիկան չի աշխատում, խափանված վիճակում է, կա՛մ այնտեղ վառելիք չկա, կա՛մ էլ այս երկու պատճառը՝ միասին վերցրած։ Ավելի շուտ՝ երկու գործոնն էլ դրանում իրենց դերն են խաղացել»,- հայտարարել է Ալիևը:

Հիմա ասացեք` ո՞ւմ է ուզում խաբած լինել Ալիևը: Եթե նա իսկապես հավատում է իր ասածին, ապա ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցները վայնասուն բարձրացնում ամեն անգամ, երբ սահմանամերձ շրջաններում հայկական ուժերը ծանր զրահատեխնիկայի մասնակցությամբ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանում կասկածո՞ւմ են հայկական տանկերի շարժունակությանը: Հո ապո՞ւշ չեն: Իհարկե` ո՛չ: Այստեղից հետևություն. Ալիևի հայտարարությունն իրականում նշանակում է, որ նա ինքը և նրա հետ` ադրբեջանական ամբողջ հասարակությունը շոկի մեջ են հայտնվել` հայկական բանակը տեսնելով շատ ավելի հզոր, քան կարծում էին, և հիմա նախագահն իր պարտքն է համարում անձամբ հանգստացնել իր հասարակությանը:

Ալիևն անդրադարձել է նաև հայկական զորահանդեսին ռուսական զորքի մասնակցությանը: «Այդ զորահանդեսը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ՝ ֆորպոստ»,- ասել է Ալիև կրտսերը` մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի կողմից ով ասես չէր կռվում` է՛լ թուրքեր, է՛լ չեչեններ, է՛լ աֆղան մոջահեդներ: Եւ ուրեմն` եթե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, ապա Ադրբեջանը` Թուրքիայի «դզօտը» («деревоземлянаяогневая точка»).

Ալիևին ուղղակի ցնցել է հայկական զորահանդեսին հոգևորականների մասնակցությունը: «Զորահանդեսին հոգևորականների մասնակցությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում,- ասել է նա։- Դրա հետ մեկտեղ, քահանաները զինվորականի քայլքով էին քայլում։ Դժվար է դա բառերով նկարագրել։ Մենք հասկանում ենք, զավթողական քաղաքականության պատճառով Հայաստանը բախվել է ժողովրդագրական աղետի։ Բայց մենք չէինք պատկերացնում, որ այնտեղ արդեն նաև կրոնական գործիչներն են ժամկետային զինվորական ծառայության ենթարկվում»:

Միայն միամիտը կկարծի, թե Ալիևը զարմացել է: Ո՜չ, նա վախեցել է` տեսնելով, որ հայ հոգևորականը զինվորի կողքին է, հետևաբար` պատրաստ է ոգևորելու նրան, մղելու հերոսության և անձնազոհության: Այլ կերպ ասած` հոգևորականների մասնակցությունը զորահանդեսին ցույց տվեց, որ հայոց բանակի ոգին բարձր է և բարձր է լինելու, և որ Հայ Առաքելական Եկեղեցին է դրանով զբաղվում: Այն եկեղեցին, որն ադրբեջանցիների կարճ խելքով, պետք է թշնամու ապտակին մյուս երեսը դարձնելու գաղափարը քարոզեր: Ահա հենց դրանից էլ «զարմացել» են Ալիևն ու ադրբեջանական հասարակությունը, եթե, իհարկե, վախն ու «մանթրաժը» կարելի է զարմանք անվանել:

Իսկ թե հայկական ՀՕՊ-ի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) խոցումն ինչ ազդեցություն է թողել ադրբեջանցիների վրա` դժվար չէ կռահել: Սեպտեմբերի 21-ն ապացուցեց, որ Ադրբեջանի` ԱԹՍ-ների արտադրությանն ուղղված վիթխարածավալ ռեսուրսները ջուրը լցվեցին հայ մասնագետների ստեղծած տեխնոլոգիաների շնորհիվ: Համաձայնեք, որ այս իրողության հետ հաշտվելը հեշտ չէ, ինչպես և հեշտ չէ համակերպվելն այն բանին, որ սեփական արտադրության զինատեսակներն աղբ են: Բայց ի՞նչ արած` երկու շաբաթ առաջ ադրբեջանական արտադրության «Իստիգլալ» («անկախություն») անունը կրող դիպուկազարկ հրացանը պայթել է վարժանքների ժամանակ` ծանր վիրավորելով ադրբեջանցի լեյտենանտի:

Այս պայմաններում Ադրբեջանի նախագահին անելու ուրիշ ոչինչ չի մնում` բացի հայկական տանկերի քարշակները մատնացույց անելը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ
Կոլաժը` ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
լեյտենանտ

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Ռազմաքաղաքական


09/11/2011