ԹՄՐԱԲԻԶՆԵՍԸ ԽԵՂԴՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ. ՆՈՐԻՑ ՄԵՂԱՎՈՐ Է ՂԱՐԱԲԱ՞ՂԸ
Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նվիրված միջազգային համաժողովում Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` երկրի ղեկավար Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկը մյուսի հետևից համաժողովի օտարերկրյա մասնակիցների ուշադրությունն էին հրավիրում «օկուպացված» Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների բիզնեսի ծաղկման «փաստի» վրա` շեշտելով, որ «ադրբեջանական հողերի օկուպացված լինելը նպաստավոր պայմաններ է ստեղծում թմրաբիզնեսի և միջազգային ահաբեկչության համար»: Զարմանալի կլիներ իհարկե, եթե համաժողովում Ադրբեջանի պաշտոնյաները չշահարկեին Լեռնային Ղարաբաղի հարցը և կոչ չանեին միջազգային հանրությանը ազդելու պաշտոնական Ստեփանակերտի վրա:
Հարկ եմ համարում նշել, որ դեռևս չի արձանագրվել որևէ դեպք, որն առիթ տա միջազգային հանրությանը (բացառությամբ մեր արևելյան հարևանների) քննադատելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին կամ նույնիսկ մտածելու թմրամիջոցների ապօրինի արտադրության կամ շրջանառության մեջ վերջինիս ներքաշված լինելու մասին: Նույնիսկ հենց իրենք` ադրբեջանցիները, բացի դատարկախոսելուց, չեն կարող ներկայացնել ԼՂՀ-ում գրանցված որևէ նման դեպք: Ավելին. ունենալով ուղղակի կապ միմիայն Հայաստանի Հանրապետության հետ` Արցախը փաստորեն գտնվում է տարածաշրջանում հանցավոր բիզնեսի համար ամենաաննպաստ դիրքում և որպես տրանզիտային պետություն հետաքրքրություն չի ներկայացնում հանցավոր աշխարհի համար: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, և եթե որեւէ նախադեպ արձանագրվեր, անկասկած այն իր արտացոլումը կգտներ վերջիններիս հաշվետվություններում:
Պարզից էլ պարզ է, որ նմանաբնույթ հայտարարություններով ադրբեջանցիները ոչ միայն փորձում են վարկաբեկել Ղարաբաղի իշխանություններին և «քար նետել» ԼՂՀ անբասիր հեղինակության վրա, այլև փորձում են այդ ճանապարհով ճնշում գործադրել ԼՂՀ վրա: Ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առջև` Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հալաֆ Հալաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միջազգային առաքելություն ուղարկվի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննություն անցկացնելու, ընդ որում` ըստ Հալաֆովի` հետաքննությունը պետք է անցկացվի միմիայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Կարելի է եզրակացնել, որ Բաքուն, գիտակցելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների և զարգացումների վրա ազդելու իր անկարողության փաստը, փորձում է վերը նշված սադրանքի ճանապարհով միջամտել ԼՂՀ ներքին զարգացումներին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հեղհեղուկ իղձերը դատապարտված են երազախաբության:
Ընդսմին, Ադրբեջանի անունը բազմիցս հիշատակվել է միջազգային հայտնի կազմակերպությունների և աշխարհում մեծ հեղինակություն ունեցող պետությունների հրապարակած` թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող հաշվետվություններում: ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ այնպիսի կոռումպացված պետությունում, ինչպիսին Ադրբեջանն է, թմրանյութերի դեմ պայքարը անարդյունավետ է: Նաեւ նշվում է, որ Ադրբեջանը թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղու» առանցքային պետություն է հանդիսանում, և որ Ադրբեջանին է վերագրվում ամբողջ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալի 7%-ը:
Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են ԱՄՆ Պետդեպարտամենտի «2010 թվականի թմրանյութերի տարածման վերահսկողության միջազգային ռազմավարություն» հաշվետվությունը, որի համաձայն` Ադրբեջանը համարվում է Աֆղանստանից և Միջին Ասիայից Արևմտյան Եվրոպա և Իրանից Ռուսաստան ու Արևմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ գոտի: Այսպիսով, լինելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարավ-հյուսիս (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան) և արևելք-արևմուտք (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա, ինչպես նաև «Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա) թմրանյութերի տարհանման խոշորագույն ցանցի առանցքային պետություն` Ադրբեջանն այդպիսի հայտարարություններով փորձում է կոծկել վերջին մի քանի տարիների ընթացքում սեփական երկրում արձանագրված թմրամիջոցների բիզնեսի ցայտուն աճը: Հետաքրքիր է, որ թմրամիջոցների շրջանառության աճի մասին են վկայում նաև հենց Ադրբեջանի իշխանությունները: Այսպես, ըստ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի` համաժողովին հրապարակած տվյալների` Ադրբեջանում վերջին 3 տարիների ընթացքում հերոինի ապօրինի շրջանառությունն աճել է 1,9 անգամ: Անհանգստացնող է նաև երկրում գրանցված թմրամոլների քանակը. 2010 թվականի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է 25489 թմրամոլ: 2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ոսուբովը հայտարարել էր, որ Աֆղանստանում ապօրինաբար արտադրվող թմրանյութերի 35%-ը փոխադրվում է Ադրբեջանի տարածքով:
Եվ դեռ զարմանալի չէ, որ թմրաբիզնեսի մեջ ներգրավված են նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները: 2010 թվականի փետրվարին Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հրամանով Սումգայիթի և Քյուրդամիրի նախկին ոստիկանապետ Մեհդի Գումբաթովը, որ պաշտոնից հեռացվել էր և ձերբակալվել իր հայրենի Ջամիլլի գյուղում թմրանյութերի տնկադաշտեր ունենալու և դրանք բացահայտած Ադրբեջանի ոստիկանության Թարթառի շրջանի օպեր-լիազոր Զաբիլ Իսմայլովի սպանությունը կազմակերպելու համար, նշանակվել է Բաքվի Ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնին: Ինչպիսի պայմաններում և ինչ հիմքով է կարճվել Գումբաթովի նկատմամբ հարուցված քրեական գործը` չի նշվում: Միայն հայտնի է, որ 2010 թվականի փետրվարից Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանության քրեական հետախուզությունը համակարգում է թմրաբարոն-մարդասպանը:
Ադրբեջանի տարածքով թմրանյութերի փոխադրման հանցավոր գործունեության մեջ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությանն է անդրադարձել նաև Wikileaks-ը: Այսպես, Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Էնն Դերսիի` Պետքարտուղարությանը ուղարկած գաղտնի գրության մեջ նշում է, որ թմրամիջոցները դեպի Եվրոպա փոխադրվում են ոչ թե «անկառավարելի» ԼՂՀ տարածքով, այլ միմիայն իրանա-ադրբեջանական սահմանով, որը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո: Դեսպանն իր զարմանքն է հայտնում` տալով հետևյալ հռետորական հարցը. «Եթե պաշտոնական Բաքուն տասնյակ միլիոն եվրո գնահատվող այդ գործարքից շահույթ չունի, ապա ինչո՞ւ համապատասխան կանխարգելիչ քայլերի չի դիմում»: Փաստորեն` նման հարցադրումով ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնում, որ թմրամիջոցների փոխադրումը Ադրբեջանի տարածքով հովանավորում են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Չի բացառվում, որ Ադրբեջանի պաշտոնյաները զբաղվում են ոչ միայն թմրաբիզնեսով, այլև իրենք եւս թմրամիջոցներ են օգտագործում և վաղուց արդեն տառապում են զգայական խաբկանքի ախտից…
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ
Կոլաժը` ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ