ՎԵՐՀՈՒՇ
Պատմում է Անահիտ Առաքելյանը.
1990-ի նոյեմբերի 21-ն էր: Բերդաձորը ծանր վիճակում էր:
Ինքնապաշտպանական ջոկատի տղաները (հրամանատար` Համլետ Մկրտչյան) անքուն, անդադար հսկում էին մեր շեները: Դատարկվել էր Կոռնիձորը: Տղաները քաղցած էին, հոգնած, սակայն լցված էին աներևակայելի հավատով, վրեժխնդրությամբ…
Տներից մեկում, որտեղ տեղակայված էր շտաբը, ինքնաեռով թեյ էի պատրաստում տղաների համար, երբ ներս մտավ Վազգեն Սարգսյանը: Զգացվում էր, որ ինքն էլ է հոգնած, քաղցած, սակայն իր բնավորությանը հատուկ ոգևորող տրամադրությամբ լցրեց շտաբը:
Էմիլ Բաղդասարյանին ասաց.
-Տեսնու՞մ ես, հայոց աղջիկներն էլ են դուրս եկել պայքարի` էլ ի՞նչ վախ, ի՞նչ պարտություն:
Այսպես ասաց, ու մի բաժակ թեյով սկսեցին քննարկել իրավիճակը: Այո՛, դրությունը ծանր էր, սակայն ի՜նչ ոգևորություն էր, ի՜նչ հավատ…
Վերջերս նորից եղա մեր շտաբում. պատերը փուլ էին եկել, ծածկվել խոտ ու եղինջով: Մտովի պատկերացրի, թե որտեղ էր այդ օրը նստել Վ. Սարգսյանը, և նորից վերապրեցի այն ոգևորությունը, այն հավատը: Հուզմունքից առատ արցունքներ էին թափվում աչքերիցս: Կարոտ էր լցվել հոգուս մեջ, ելք էր փնտրում… Եվ հարցեր, հարցեր, որոնք փուշ եւ եղինջի նման ծակծկում, խրվում էին սիրտս…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր