ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԾԱՆՐ ՄԵՂՔ Է
«Բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. Բ 17)։ Աստվածաշնչի առաջին իսկ էջերից մարդն իմանում է հոգու և մարմնի ախտերի փոխադարձ կապվածության ու ներգործության մասին: Ինչպես և նախազգուշացրել էր Աստված, երբ առաջին մարդը ճաշակեց գիտության ծառից, հոգեպես մեռավ: Ճաշակելով պտուղը` մարդկային հոգու ապականությանը հաջորդեցին մարմնի ապականումն ու մահը:
Այսօր մի շարք երկրներում մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու միտում կա: Մարիխուանան ստանում են կանեփ բույսից՝ օգտագործելով որպես ծխախոտ: Միայն առաջին հայացքից է թվում, թե վտանգավոր ոչինչ չկա: Ոչ ոք, սակայն, չի խոսում դրա պարբերաբար օգտագործումից առաջացող հոգեբանական ծանր կախվածության մասին: Մարիխուանան ճիշտ կլինի դասել ծանր թմրանյութերի շարքին, որովհետև որքան թույլ է ֆիզիկական, այնքան զորավոր է հոգեբանական կախվածությունը: Մարիխուանա ծխելուց հրաժարվելու իմաստը մարդը պարզապես չի տեսնում, որովհետև դրա մեջ ռեալ վտանգ չի նկատում: Իրականում «թեթև» կոչված թմրանյութերը ամենավտանգավորն են:
16-րդ դարում սովորական ծխախոտը սկսեց տարածվել նախ Փարիզում, ապա ամբողջ Ֆրանսիայում, Եվրոպայում ու ամբողջ աշխարհում: Սկզբնական շրջանում ծխախոտամոլությունը հետապնդվում էր և խիստ պատժվում, իսկ Անգլիայում ծխողներին խայտառակում ու մինչև իսկ մահապատժի էին ենթարկում: Սակայն ո՛չ մահապատիժը և ո՛չ էլ այլ միջոցներ արդյունավետ չեղան հոգեկործան այդ կրքի դեմ պայքարելիս, որի արագ տարածումը ամբողջ աշխարհում նման էր համաճարակի. դրան շատերը ցմահ կապված մնացին և դրանից այդպես էլ չկարողացան ազատվել: Ծխողներից այսօր ո՞վ է լրջորեն գիտակցում, որ ծխախոտն իրականում «թեթև» թմրանյութ է պարունակում, հակառակ դեպքում՝ կախվածություն չէր առաջացնի և չէր վերածվի ծխամոլության:
Մարդու համար կործանարար ամեն բան ահա այսպես սատանան փորձում է ներկայացնել որպես «թեթև» կամ «օգտակար»: Քանի դեռ մարդը մեղք չի գործել, ազատ է, և մեղքն իշխանություն չունի նրա վրա, իսկ այն գործելուց հետո դառնում է մեղքի գերին։ Մեկ անգամ մեղանչելով՝ մարդն ընկնում է մեղքի որսացանցը, և մեղքը սկսում է ուժգնորեն ներքաշել մեղսագործին։ Հաջորդ քայլին նա արդեն չի ըմբռնում, թե ինչպես է հայտնվել մեղքի դաժան գերության մեջ և սկսում է հուսահատ շարժումներ անել։
Թմրանյութերի օգտագործումը միշտ էլ ծանր մեղք է, եթե այն բժշկական նպատակով ու վերահսկողությամբ չի կիրառվում (օրինակ՝ մորֆին): Մեղքը սկսվում է այն պահից, երբ մարդը, թմրանյութն օգտագործելով, համաձայնում է, որ չարիքը ներխուժի իր կյանք: Յուրաքանչյուր մոլություն եկեղեցական ընկալմամբ մեղք է, առավել ևս՝ թմրամոլությունը, որն ուղղված է Աստծո պատկերը կրող մարդու բանականության, ազատության ու մտածողության բնական ընթացքի խանգարմանը:
Հարություն սարկավագ Տերտերյան
Շիրակի կայազորի գնդերեց
Խորագիր՝ #23 (1343) 10.06.2020 - 16.06.2020, Հոգևոր-մշակութային