ԿԱՅԱՑԱՎ ԲՆԱԿՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 12-ին կայացավ հիպոտեկային արտոնյալ պայմաններով բնակտարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող վարկավորման ծրագրի շահառուների վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիպոտեկային վարկեր, ընդ որում՝ մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցի պետությունը:
Առաջինը վիճակահանության թմբուկին է մոտենում փոխգնդապետ Վահե Թամրազյանը: Բացելով վիճակահանության կտրոնը, նա ուրախությամբ փաստեց, որ ինքը երջանիկ շահառուների ցանկում է:
-Այս պահին սրտի թրթիռով և աննկարագրելի հուզմունքով էի սպասում,- մեզ հետ անկեղծացավ փոխգնդապետ Վահե Թամրազյանը:
Փոխգնդապետը մինչ օրս կնոջ, երեխաների, եղբայրների և ծնողների հետ բնակվել է երկսենյականոց բնակարանում: Այս ամառ Վահեի կյանքում, շնորհիվ ծրագրի արտոնյալ պայմանների, իրավիճակ կփոխվի. նրա ընտանիքը շուտով կտոնի այդքան սպասված բնակարանամուտը:
Վիճակահանությամբ ծրագրի շահառուներին միացավ նաև կապիտան Գրիգորյանը: Խաղաղապահ բրիգադի զինծառայողը գոհունակությամբ նշեց, որ այսպիսի ծրագրերը զինվորականի անդուլ ծառայության հանդեպ գնահատանքի լավագույն դրսևորումներն են, որոնք ոգևորում ու գոտեպնդում են հայրենիքի պաշտպաններին:
-Շատ կարևոր ծրագիր է: 10 տարի սպասում էի այս ծրագրին: Սպաներին այսպիսի վերաբերմունքը օդի ու ջրի պես էր պետք: Այն հետայսու դրական մեծ ազդեցություն կունենա նաև նրանց ծառայության, բարոյահոգեբանական վիճակի վրա, քանզի այս ծրագրով մեկընդմիշտ լուծվում է հազարավոր զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կեցության հարցը,- ասաց Վահեն:
Վիճակահանության գործընթացին հետևող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը այս համատեքստում նկատում է. զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված այս ծրագրին շուտով կմիանան նաև նորերը՝ այդկերպ նաև բարձրացնելով զինծառայության հանդեպ գրավչությունը:
-Սա մի կարևոր քայլ է գնահատելու զինծառայողների այն վաստակը, որ նրանք բերում են Հայրենիքի պաշտպանությանը: Ծրագիրը լայն արձագանք է գտել զինված ուժերում: Իհարկե, մենք ունենք նաև ձևաչափը զարգացնելու այլ ծրագրեր, այդ թվում՝ սպառողական վարկերի հետ կապված,- հավաստիացրեց փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Հավելենք, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում