ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1922թ. Լուսագյուղում (Էջմիածնի շրջան, Հայաստան):
Նշան Ավագի Դարբինյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի ավագ սերժանտ:
Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, միջնակարգը՝ Ներքին Խաթունարխ գյուղում:
1941թ. հուլիսից եղել է Կարմիր բանակի շարքերում: Որպես հրաձիգ ծառայել է Ստալինգրադի պահեստուժային ուսումնական գնդում եւ պահեստուժային 10-րդ հրաձգային բրիգադում:
1942թ. օգոստոսից եղել է գործող բանակում: 1942թ. դեկտեմբերից սովորել է տանկային դպրոցում, որն ավարտելով՝ ստացել է մեխանիկ-վարորդի որակավորում եւ Կարմիր դրոշի ու Սուվորովի շքանշանակիր 49-րդ գվարդիական տանկային կազմում մեկնել է Բելոռուսական 1-ին ռազմաճակատ: Որպես հրաձիգ եւ Տ-34 տանկի մեխանիկ-վարորդ մարտնչել է Ստալինգրադի, Հյուսիսարեւմտյան, Բելոռուսական 1-ին ռազմաճակատներում: Այդ կռիվներում երեք անգամ վիրավորվել է:
1942թ. մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943թ.՝ Ստարի Ռուսի համար մղված մարտերին, 1944թ.՝ Բրեստ-Լյուբլինյան գործողությանը եւ Լյուբլին, Դեմբլին քաղաքների, Վարշավայի (Պրահայի) արվարձանների ազատագրմանը, Մագնուշեւյան պլացդարմում ընթացող մարտերին, 1945թ.՝ Վիսլա-Օդերյան գործողությանը, այդ թվում՝ Սոխաչեւ, Լյուբեն, Ինովրոցլավ քաղաքների ազատագրմանը, Նետցե (Նոտեց) եւ Օդեր գետերի մոտ ծավալված կռիվներին, Արեւելապոմերենյան եւ Բեռլինի փողոցներում մղված մարտերին:
Դարբինյանը թեժ մարտեր է մղել Բրեսլավլ քաղաքի ազատագրման պատմական ճակատամարտի ժամանակ:
1945թ. հունվարի 21-ին 12-րդ գվարդիական տանկային կորպուսի 49-րդ գվարդիական տանկային բրիգադի 3-րդ գումարտակի տանկի մեխանիկ-վարորդ, գվարդիայի ավագ սերժանտ Դարբինյանը 4 հոգանոց խմբի կազմում առաջինն է ներխուժել Ինովրոցլավ քաղաք (Լեհաստան): Գրավվել են երկաթուղային կայարանը, հեռագրատունը, ռադիոհանգույցը եւ թշնամու օդանավակայանը:
1945թ. փետրվարի 27-ին գվարդիայի սերժանտ Նշան Ավագի Դարբինյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:
Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի (1944թ.), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1985թ.), Փառքի 3-րդ աստիճանի (1945թ.) շքանշաններով, մեդալներով:
Պատերազմից հետո սովորել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին առընթեր կուսդպրոցում: Աշխատել է Կուսակցության Էջմիածնի շրջկոմում, եղել է Շրջսպառմիության նախագահ, Էջմիածնի գազի գրասենյակի պետ:
Նշան Ավագի Դարբինյանը մահացել է 1996թ. նոյեմբերի 1-ին: Հանգչում է Էջմիածնում:
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Պատմության էջերից