ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ…
Նայում եմ Շուշիի լեգենդար կանանց ջոկատի մարտիկներից մեկի՝ Անահիտ Պետրոսյանի դեմքին՝ ժպտուն, արևաշող, լսում մարտական գործողությունների մասին նրա պատմություններն ու… զարմանալի բան՝ նրա շուրթերից պատերազմական ահարկու փորձությունները նույնքան բնական, պարզ են հնչում, որքան մեր առօրյայի, կյանքի դրվագները… Հասարակ մահկանացուներիս համար լեգենդներ ու առասպելներ թվացող հերոսական դրվագներն ինքնին հասկանալի դեպքերի ու իրադարձությունների մարգարտահյուս շարան են դառնում…
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Աշոտ Պետրոսյանի՝ Արցախի առաջին ինքնապաշտպանական ջոկատներից մեկի լեգենդար հրամանատարի քույրն է Անահիտը: Դեռևս 1988թ. ազատագրական պայքարի նվիրյալ Աշոտը, կամ ինչպես նրան կոչում էին՝ Խմբապետ Շավարշը, Ստեփանակերտի նշանավոր 2-րդ վաշտի հիմնադիրն ու հրամանատարն է եղել, հետագայում ստանձնել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, Մարտունու պաշտպանական շրջանի առաջին հրամանատարի պաշտոնները:
-Այդպիսի եղբայր բոլորը կերազեին ունենալ,- հպարտությամբ ու սիրով է ասում է տիկին Անահիտը:-Դեռ դպրոցական տարիքից խորությամբ գիտեր մեր պատմությունը: Սիրում էր կրկնել՝ «Ամեն ինչ պետք է մոռանանք ու մտածենք միայն մի բանի՝ հայրենիքը ազատագրելու մասին: Իսկ հայ կինը, քույրը, մայրը պետք է մեջք մեջքի կանգնեն տղաների հետ և պահեն մեր հողը, հարկ եղած դեպքում՝ զենքով: Ջոկատի տղաների ժողովները տեղի էին ունենում մեր բոստանում: «Այս բոստանը մեր բանակի շտաբներից է»,- կատակում էին տղաները:
-Ի՞նչը Ձեզ մարտադաշտ տարավ,- հարցնում եմ տիկին Անահիտին:
-Հիմնականում մեծ եղբորս օրինակը:
Փոքրուց վատառողջ, փոքրամարմին հրամանատարը ոգու արտասովոր ուժ ուներ. ոգևորում ու իր ետևից էր տանում իր կազմած ջոկատի տղաներին: Նրա մեջ մահվան ահ չկար: Ի սկզբանե որոշել էր՝ այս գործը կյանք արժե: Անչափ ուշադիր ու հոգատար էր իր վաշտի տղաների հանդեպ. կորուստներ, վիրավորներ չէին ունենում: Հերթական հաղթական գործողությունից թևավորված տուն էր վերադառնում. «Էլի՜ հաղթեցինք»:
Օրերով կարող էր բերանը մի կտոր հաց չդնել, փոխարենը՝ հացի վերջին կտորը կկիսեր, կտար իր ջոկատի տղաներին: Մի անգամ օմօնականները գերի վերցրին նրա զինվորներից մեկին: Գրեթե անհույս մի գործողություն էր, բայց Աշոտն ընկերներից մեկի հետ շտապել էր ազատելու մարտական ընկերոջը: Ադրբեջաներեն շատ լավ գիտեր, ներկայացել էր որպես ադրբեջանցի և, հաջող բանակցություններ վարելով, համոզել: Բայց ետ վերադառնալիս հարձակման են ենթարկվել. Աշոտին մատնել է թևին դաջված հայկական եկեղեցին ու խաչը: Օմօնականներն անմիջապես գերեվարել էին…
Աղդամ, Կիրովաբադ, Բաքու… Հատկապես Աշոտին սարսափելի կտտանքների էին ենթարկել ադրբեջանական բանտերում: Առողջությունը վատացել էր, բայց ազատատենչ ոգին է՛լ ավելի էր ամրացել: 1990թ. բանտից ազատվելով՝ անմիջապես շարք վերադարձավ, ստանձնեց իր ջոկատի հրամանատարությունը: Աշոտ Պետրոսյանի ջոկատը, որը հետագայում վերափոխվեց 2-րդ գրոհային վաշտի, Արցախյան ազատամարտի շտապ օգնությունն էր. որտեղ թեժ մարտեր էին, օգնության կարիք կար, նա արդեն այնտեղ էր իր գրոհային վաշտով: Ամենաբարդ մարտական գործողություններին է մասնակցել՝ Կրկժան, Ծամձոր, Սարիշեն, Ջանհասան, Ղարադաղլու, Խոջալու, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջաններ:
-1992թ. մարտի 31-ին Աշոտը մեքենայով լուրջ վթարի ենթարկվեց,- պատմում է տիկին Անահիտը:- Չկարողացավ մասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց նրա գրոհային վաշտի մարտիկները մասնակցեցին: Ծանր վիրահատությունից հետո միայն հենակներով էր կարողանում քայլել, բայց նշանակվեց նորաստեղծ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ: Այդ վիճակում էլ միշտ առաջնագծում էր: 1993թ. հուլիսի 23-ն էր. Աշոտը շտապում էր դեռևս նոր նվաճված Աղդամ: Սակայն… նրանց մեքենան հայտնվել էր ականապատ դաշտում…
Տիկին Անահիտը, որ ակնածանքով հետևում էր եղբոր բոլոր մարտագործողություններին, անթաքույց հպարտանում հերոս եղբորով, ինքն էլ մի օր վճռեց՝ պատերազմում բոլորն են զինվոր:
-Ինձ միշտ պատկերացնում էի բուժակի դերում, վիրավորներին առաջնագծից դուրս բերելիս: Երբ պահը եկավ, էլ մտածելու բան չունեի: Ծնողներս էլ չհակաճառեցին: Շուշիի ազատագրումից հետո մեզ վրա լիուլի զգացել էինք հրետակոծությունների ահուսարսափը՝ ավերածություններ, զոհեր… Մի քանի ծանոթ աղջիկներով մտածում էինք՝ պատերազմ է. ինչո՞ւ պետք է ձեռքներս ծալած տանը նստենք: Եթե մեռնելու ենք, ավելի լավ է՝ մարտի դաշտում:
Կանանց նոր ջոկատի ձևավորման մասին Անահիտն իմացավ Թարանյան Մարգարիտայից: Աղջիկները մեկը մյուսին ոգևորելով՝ մեկը մյուսի ծնողներին համոզելով՝ անդամագրվեցին: Շուշիի ուսումնական կենտրոնում պարապմունքների ընթացքում այս թիվը հետզհետե պակասեց: Շատերի համար սա չափից դուրս ծանր էր: Բուժօգնությունից մինչև քարտեզագրություն, կապ, ֆիզիկական համակողմանի պատրաստություն, կրակային պատրաստություն, մարտավարություն, խրամատներ փորել… մի խոսքով՝ զինվորի լիարժեք պատրաստություն:
-Դասընթացների ավարտից հետո մենք երկու-երկու սկսեցինք միանալ մարտական գործողությունների մեկնող ջոկատներին: Երբ մարտեր չէին լինում, դիրքային պաշտպանություն էինք իրականացնում: Ավելի ուշ, մեր խնդրանքով մեզ ընդգրկեցին 8-րդ վաշտի կազմում: Դրանից հետո միասին էինք մարտերում: Իսկ 1993թ. սկզբներին 8-րդ վաշտը, մի քանի այլ ստորաբաժանումների հետ, ներառվեց Շուշիի գնդում:
Առաջին մարտական գործողությունը, որին Անահիտը մասնակցել է, 1992թ. նոյեմբերին՝ Շիրլանլու գյուղի մատույցներում էր:
-Արշոյի ջոկատի հետ մեկնեցինք՝ ես, Անահիտ Թամրազյանն ու Մարգարիտա Թարանյանը: Երբ ջոկատի տղաներն իմացան, որ Աշոտ Պետրոսյանի քույրն եմ, ինձ հանձնեցին եղբորս առաջին զենքը: Առավոտ շուտ պետք է շարժվեինք: Շատ էինք անհանգիստ. կկարողանա՞նք ամեն ինչ ճիշտ անել: Առաջին անգամ քննություն հանձնող ուսանողի պես բացում էինք մեր ուսումնական պլան-կոնսպեկտները,- ծիծաղում է տիկին Անահիտը:- Ջոկատի տարեց մարտիկներից մեկը՝ Սուրեն ապին, կատակեց՝ «Կոնսպեկտներո՞վ եք մեզ վիրակապելու»: Իսկ ուղեկցող սպան ժպիտով հանգստացրեց. «Աղջիկնե՛ր, մի կողմ դրեք այդ թղթերը: Եթե կարիք լինի, կօգնենք, չմտածե՛ք»: Այդ մարտում, բարեբախտաբար, ո՛չ վիրավոր ունեցանք, ո՛չ էլ զոհ: Մերոնք մի թուրք գերի էին վերցրել՝ 18-ամյա մի տղայի: Վախեցած էր, վիրավոր: Վիրավորին հանձնեցին Մարգարիտայի խնամքին: Մարգարիտան միայն վիրակապելուց հետո էր իմացել նրա ով լինելը, երբ քչախոս վիրավորը ադրբեջաներեն շշնջացել էր. «Ոսկուց չի մատանիս, ոսկուց լիներ՝ քեզ կնվիրեի»:
Ջոկատի տղաները հոգնած էին. այդ գիշեր մենք աղջիկներով էինք հերթապահում: Ճիշտ է, հանգստանում էին, բայց աչքի պոչով հետևում էին մեզ: Ինձ փոքր Անահիտ էին կոչում, մեր մյուս՝ Թամրազյան Անահիտից տարբերելու համար: Նրա տանկիստ ամուսինը զոհվել էր պատերազմում: Ծանր վիրավորված՝ արնաքամ էր եղել… Անահիտը մինչև այդ էլ ամուսնուն ամեն մարտի մեկնելիս խնդրում էր՝ «Գամ հետդ»: Դեպքից հետո ծնողների խնամքին էր հանձնել ութամյա որդուն, մեկնել մարտադաշտ: Չէր ուզում, որ որևէ ընտանիք հարազատի կորստյան ցավն զգա: Երբ պատրաստվում էինք հաց ուտել, գերին մի անկյունում կուչ եկած, նստած էր,- իր պատմությունն է շարունակում Անահիտը:-Մեր Մեծ Անահիտը նրան թաքուն ուտելիք էր տալիս: Տղաների աչքից, իհարկե, սա չէր վրիպում: Իսկ մենք՝ աղջիկներով մտածում էինք՝ 18 տարեկան երեխա է, սոված, վախեցած. իր ներկայությամբ ի՞նչ խղճով հաց ուտենք…:
-Եղե՞լ է պահ, որ ասեիք՝ «Բա մեզ պե՞տք էր այս ամենը»,- հարցնում եմ տիկին Անահիտին:
-Եղել է,- ուրախ ծիծաղում է. դեպք է հիշել:- Մեր երկրորդ մարտագործողությունն էր՝ առաջինից ուղիղ մեկ շաբաթ էր անցել. Լաչինի 80-81 բարձունքը պետք է գրավեինք: Ես ու Մեծ Անահիտը Արշոյի ջոկատի հետ էինք գնալու: Սպաներից Վադիմն ու Արայիկը ուղեկցում էին մեզ: Մի կերպ էինք առաջ շարժվում. ձյուն, քամի, փոթորիկ. բոլորս ուժասպառ էինք եղել: Մի պահ եկավ, որ հրամանատարը կարգադրեց՝ «Առա՛ջ ենք գնում», բայց ոչ ոք տեղից չէր կարողանում վեր կենալ: Անահիտը դիպուկահարի ինքնաձիգը ձեռքին տեղից վեր թռավ ու գոռաց. «Հենց հիմա վե՛ր ենք կենում ու առաջ շարժվում առանց մի խոսքի»: Բոլորը զգաստացան, ու առաջ շարժվեցինք: Ես քայլում էի գնդացրի ծանր փամշտակալները գրկած, զենքը ուսիցս կախ: Խորը ձյան միջով մի կերպ սողում էի: Անահիտը ետ նայեց, տեսքս երևի անմխիթար էր, ասաց՝ «Անկա պուլիմյոտշիցան կյամ ա»: Կարողանում էր ամենադժվար պահին մի կատակով, մի ժպիտով տրամադրություն ստեղծել: …Այդ օրը դիրքը վերցրինք, հակառակորդն իջավ բարձունքից, իսկ մենք պետք է գիշերը մնայինք հերթապահելու, որ ետ չգային: Սարսափելի մառախուղ էր. մի քանի մետրի վրա ոչինչ չէր երևում: Տղաները կարգադրեցին չհեռանալ իրարից. մառախուղի մեջ կարող էինք մոլորվել, ցած գլորվել բարձունքից: Սակայն սառնամանիքը գնալով սաստկանում էր…Մեր տղաներից մեկը, որին հետագայում մարտերից մեկում կորցրինք, ադրբեջանցիներից վերցրած մի ոչխարի բրդից բաճկոն ուներ, մեզ տվեց, թե՝ քաշե՛ք վրաներդ, տաքացե՛ք: Սառնամանիքն ավելի էր սաստկանում. եթե նստած մնայինք՝ սառչելու էինք: Ամեն մեկս մի տղայի թևանցուկ արեցինք ու սկսեցինք քայլել: Անահիտը նորից կատակեց. «Զբոսայգում զույգերով ման ենք գալիս, էլի»: Մինչև առավոտ այսպես զույգերով շրջում էինք մառախուղի մեջ, մինչև երևացին արևի առաջին շողերը…
Առավոտյան հանձնեցինք հերթափոխը և սկսեցինք իջնել բարձունքից: Իմ սապոգների ետևի մասը մաշվել, լայնացել էր. ամեն անգամ ոտքս ձյան մեջ դնելուց՝ ոտքիցս դուրս էր գալիս, մնում ձյան մեջ: Այստեղ էր, որ աղջիկներով մի ուրիշ կատակ հորինեցինք. դեմքից, մազերից ժամանակ առ ժամանակ թափ էինք տալիս կախված սառցալուլաներն ու ծիծաղելով կրկնում էինք հայտնի մի անեկդոտի խոսքերը. « Ну скажи, это тебе надо?…»: Այսպես հասանք Շուշի: Մեզ համար տղաներն արդեն վառարան էին վառել-տաքացրել, թեյ դրել, սեղան գցել:
Մի երկու օրից Խնուշինակենց ջոկատը (հրամանատարին իր ծննդավայրի անունով Խնուշինակ էինք ասում) պիտի նոր մարտագործողության գնար: Տղաները տեսան, որ հապշտապ պատրաստվում ենք ճամփա ընկնելու, հիշեցրին, թե՝ մի երկու օր առաջ ոնց էինք ասում՝ «А это тебе надо?»: Երբ մեկ-երկու անգամ գնում ես մարտագործողության, անկախ քեզնից, առաջնագիծը ձգում է:
… Թարանյան Մարգարիտան, ես ու Անահիտը Խնուշինակի ջոկատի կազմում էինք. բարձունք պիտի վերցնեինք: Տասը կիլոմետր սարերով՝ ձյուների միջով գնացինք: Այդ մարտի ժամանակ էլ, փա՜ռք Աստծո, զոհ չունեցանք, բայց հրամանատարը՝ Խնուշինակն էր վիրավորվել: Տղաները բերեցին վիրավորին, վիրակապեցինք, սկսեցինք ետ շարժվել: Նեղ արահետով՝ կիրճի եզրով էինք քայլում: Տղաներն անընդհատ զգուշացնում էին. «Եթե սայթաքեք, ընկնեք, չենք կարողանալու ձեզ բարձրացնել»:
Զենքն ինձ միշտ խանգարում էր վիրավորին դուրս բերելիս, վիրակապելիս: Մի քանի անգամ նույնիսկ կորցրել եմ, նորից գտել: Բայց պայուսակիս մեջ միշտ նռնակ էի պահում,- շարունակում է տիկին Անահիտը,- քիչ տեղ էր զբաղեցնում, հարմար էր: Մտածում էի՝ եթե գերի ընկնելու վտանգ լինի, կպայթեցնեմ բոլորիս:
Լաչինի Ֆինգա գյուղում էինք: Հունվարի 3-ն էր: Կազլու-1 (Օրեխովո) գյուղի ուղղությամբ պիտի առաջ գնայինք: Երկու՝ մեծ ու փոքր Անահիտներով, Վարդուհին, Կարինեն և երկու՝ Սարգսյան և Թարանյան Մարգարիտաներով էինք: Ծանր գործողություն էր. զոհեր, վիրավորներ ունեցանք, մերոնցից գերի վերցրին… Հազվադեպ գործողություններից էր, երբ հարկադրաբար ես էլ զենքս գործի դրեցի: Վիրավորներին սկսեցինք արագ դուրս բերել ու ետ քաշվել: Երբ վերջին՝ կոնքից վնասվածք ստացած վիրավորին էինք դուրս բերում, վաշտի հրամանատար Վազգենը կարգադրեց. «Աղջիկնե՛ր, անմիջապես թողե՛ք վիրավորին ու շուտ հեռացե՛ք էստեղից, մենք նրան կբերենք»: Հետո հասկացանք, որ վիճակը շատ բարդ էր. մեր գերի ընկնելու հավանականությունը՝ շատ մեծ: Հետաքրքիր բան՝ մարտագործողությունների ընթացքում վախի մասին չէինք էլ մտածում, վախի զգացում չունեինք: Բայց, երբ հետո խոսում էինք, անդրադառնում, թե ինչ վտանգավոր իրավիճակում ենք եղել, նոր միայն վախ էինք ապրում, թե ինչից ենք պրծել…
Սրանից հետո մի փոքր հանգիստ առանք ու գնացինք մերոնց վերցրած դիրքերում հերթապահելու, մինչև նորից մարտի մեկնելը…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ Անահիտ Պետրոսյանի անձնական արխիվից
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում