ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Ամփոփիչ քննություններն ընդունեցին համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած եւ զորատեսակի մասնագետի որակավորում ստացած կուրսանտները շուտով կմեկնեն զորքեր եւ կհամալրեն համապատասխան ստորաբաժանումները: Նրանց գրագետ գործողություններով եւ արդյունավետ ծառայությամբ էլ մեծապես պայմանավորված կլինի զինված ուժերի մարտունակությունը:
Քննությունների ընթացքին հետևեցինք կապի ուսումնական ստորաբաժանումներից մեկում: Կապը անընդհատ կատարելագործվող համակարգ է: Ոլորտի զարգացմանը մեծապես նպաստել է այս զորամասը, որը մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ համալրել է մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ինչի շնորհիվ ապահովվել է նաև կապավորների արժանի սերնդափոխությունը: Զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Պողոսյանը վստահեցնում է. անցած ուսումնական փուլի ընթացքում ևս ուսումնական գործընթացը կազմակերպվել է հավուր պատշաճի: Ամբողջությամբ կատարվել է կապի մասնագետների հաստատված ծրագիրը՝ զինված ուժերին անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համաձայն: Գերակշռել են մասնագիտական և մարտավարական պարապմունքները: Ինչպես ազգային բանակի ցանկացած զորամասում, զինվորների հետ անցկացվել են բոլոր դասընթացները` համազորային կանոնադրություններ, կրակային, շարային, ֆիզիկական պատրաստություն և այլն: Զորամասի տարածքում, լսարանային պայմաններում կուրսանտների հետ տեսական պարապմունքներ են անցկացվել, որոնց ընթացքում նրանք հիմնովին յուրացրել են կապի սարքավորումների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքն ու առանձնահատկությունները: Զորամասի ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներն ամրապնդվել են գործնական պայմաններում` հարմարեցված դաշտային իրական պայմաններին: Զինվորը ինքնուրույն խնդիր է կատարել, մանրամասն ծանոթացել տեխնիկային, իր ձեռքով աշխատեցրել կապուղիները: Արվել է ամեն ինչ, որ յուրաքանչյուր զինվոր լիարժեք տիրապետի մարտական բարդ իրավիճակում կապի կազմակերպման հիմունքներին և սահմանված ժամկետում կապ հաստատի ստորաբաժանումների միջև: Հրամանատարը նաև նշեց, որ կուրսանտների մի մասը ծառայության հետագա վայրում կատարելու է ջոկի հրամանատարի պարտականություններ, և նրանց սովորեցնում են ճիշտ ղեկավարելու, ենթակա խմբի գործողությունները կանոնակարգելու հմտությունները:
Կուրսանտներն արդեն հանձնել են մի շարք քննություններ՝ կրակային, ֆիզիկական, շարային պատրաստություն և այլն: Մասնագիտական քննության օրն է, ստուգվելու է, թե կուրսանտներից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում կապի տարբեր միջոցներին:
Հանձնաժողովի անդամները հերթով տղաներին կանչում են քննասեղանի մոտ, տարբեր հարցեր տալիս, հանձնարարում աշխատեցնել տվյալ կայանը: Տղաները մանրամասն ներկայացնում են գերկարճալիք և կարճալիք տիրույթներում աշխատող «իրենց» կապի միջոցները, տեղադրում համապատասխան հաճախականություններ, կապ հաստատում նշված կենտրոնի հետ: Բոլորի գործողությունները վարժ են, հստակ: Կայանը մարտական վիճակի բերելու առաջադրանքի կատարման նորմացույցը գնահատվում է հետևյալ կերպ՝ երեք րոպե՝ գերազանց, չորս րոպե՝ լավ, հինգ րոպե՝ բավարար: Իր գիտելիքներով աչքի է ընկնում կուրսանտ Աղվան Մակարյանը: Ապագա ծրագրավորող է, զորակոչվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական համակարգեր բաժինն ընդունվելուց հետո: Հստակ ներկայացնում է կրովի ռադիոկայանի տեխնիկական տվյալները, աշխատելու կարգը, կապի հաստատման հեռավորությունը տարբեր տեղանքներում և այլն:
-Շատ բան եմ սովորել այստեղ, ինչը հաստատ պետք է գալու իմ մասնագիտության մեջ,- ասում է Աղվանը: -Չափազանց հետաքրքիր էր գաղտնագրված կապ հաստատելը: Կապը զորքերի կառավարման հիմնական միջոցն է, և ես ձգտելու եմ կատարելագործել գիտելիքներս՝ լավ մասնագետ դառնալու, զինված ուժերին պիտանի լինելու համար:
Հետևեցինք նաև ռադիոկայանով համալրված մարտական տեխնիկայի շահագործման աշխատանքներին և բացազատմանը, ալեհավաքի տեղադրմանը: Փաստեցինք, որ հանձնաժողովի անդամների նախնական գնահատականը գոհացուցիչ է. անձնակազմն ամբողջությամբ տիրապետում է ամրակցված տեխնիկային և կապի միջոցներին:
Շուտով դրական գնահատական ստացած կուրսանտները կմեկնեն նախորոշված զորամասեր: Քննությունների արդյունքները դեռեւս պետք է ամփոփվեն եւ մասնագիտական խոր վերլուծության ենթարկվեն, ինչից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է արդյունավետ անցկացվել ուսումնական գործընթացը, որ կարևոր օղակն է, համապատասխան միջոցներն ու հնարավորությունները նպատակային ու ճիշտ օգտագործելով, մարտունակ մասնագետներ պատրաստելու համար:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում