Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ…



ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Մեր բանակում ստեղծագործող, բազմաշնորհ զինվորները քիչ չեն: Զորամասերում շրջելիս հաճախ ենք հանդիպում «դարչնականաչավուն արվեստի»՝ այսպես ասած՝ բանակում զինվորի ձեռքով ստեղծված-արարված գործերի՝ քանդակներ, փոքրիկ մատուռներ, գեղանկարներ…

Ծառայությունից ազատ ժամերին զինվորները զբաղվում են իրենց նախասիրություններով՝ հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով թե՛ իրենց, թե՛ ծառայակից ընկերների առօրյան:

Զրուցակիցներս զորացրված երիտասարդներ են՝ ստեղծագործ աշխարհից: Ծառայել են առաջնագծի տարբեր հատվածներում, տարբեր ժամանակահատվածներում:

Արտաշես Աբրահամյանը նկարիչ է, աշխատում է Ազգային պատկերասրահում:

-Մանկավարժական համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո գործերս հանձնեցի ասպիրանտուրա ու… չընդունվեցի: Իսկ դա նշանակում էր` պետք է գնայի բանակ: Ծառայության մասին էլ, անկեղծ ասած, ավելի շատ վատն էի լսել. ծանոթներիցս շատերը պնդում էին, որ բանակը նկարչի տեղ չէ` «հոգով կկոշտանաս», «էդ 2 տարին էլ զուր, անտեղի կկորցնես»: Ու այդպես բացասական տրամադրություններով գնացի ծառայության:

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Զորամաս գնալու ճանապարհին փորձում էի ինքս ինձ ոգեւորել` դե, լավ, մի՛ նեղսրտիր, ծառայավայրդ գեղեցիկ, շռայլ բնություն կունենա, ու դու կնկարես.. Սակայն չոր, կիսատափաստանային տարածք էր: Այսօրվա պես պարզ հիշում եմ՝ զորամաս ոտք դնելուն պես մեր կողքով մի վաշտ անցավ, ու վաշտի զինվորները մեզ` նորակոչիկներիս, մի ուրիշ հայացքով չափեցին: Ես այդ հայացքը երբեք չեմ մոռանա: Այդ նույն հայացքով ես էլ մի օր, երբ արդեն «հին» ծառայող էի, նայեցի զորամաս նոր ոտք դրած նորակոչիկներին:

Վերծանեմ այդ հայացքը. դրա մեջ կար կարոտ քաղաքացիական քիչ թե շատ անհոգ կյանքի, դրա մեջ ջերմություն կար, բայց, այդ ամենով հանդերձ, այդ հայացքի մեջ մի քիչ կծու էլ կար` հլը ինչքան հաց ու պանիր պիտի ուտեք, որ մեզ հասնեք…

Բանակում առաջին իսկ օրից մտածել եմ նկարելու մասին: Առաջին նկարները իմ ընկերների դիմանկարներն էին, դրանք ուրախացնում էին զինվորներին, իսկ ես ինձ նկարիչ էի զգում։ Սակայն գնդում՝ որպես նկարիչ, հայտնի դարձա քիչ ավելի ուշ, երբ հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Գրիգորյանը հանձնարարեց պատկերել Անդրանիկ զորավարին: Խնդիրը պարտավորեցնող էր եւ դժվարին՝ սեւ- սպիտակ վերատպությունից հարկավոր էր նկարել գույնով: Երբ դիմանկարը ավարտեցի, գնդում «հայտնի նկարիչ» դարձա։ Այլեւս ինձ էին դիմում բոլորը հարեւան գումարտակներից:

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Հետագա ծառայությունս հիմնականում կապված էր գնդի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Թումանյանի հետ։ Հաճելի էր աշխատել նրա հետ, հաճախ էինք զրուցում արվեստի մասին։

Առհասարակ, ինձ լավ սպաներ են հանդիպել թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով: Նրանք իրենց գործի իսկական նվիրյալներ էին:

Մի օր էլ ինձ իր մոտ կանչեց գնդի հրամանատարը՝ Միրզախանյանը. Բանակի օրվա առթիվ իրեն որպես ծնող-սպա հրավիրել էին դպրոց, որտեղ սովորում էին իր աղջիկները: Ես էլ՝ որպես նկարիչ, պատվի էի արժանացել ուղեկցելու մեր հրամանատարին։ Զորամասի կողմից դպրոցը նվեր ստացավ իմ գեղանկար աշխատանքներից մեկը:

Հրամանատարը կրթօջախում խոսեց բանակի մասին, ես էլ՝ որպես ծառայող զինվոր, կիսվեցի բանակային թեմաներով իմ մտորումներով։ Հիմա չեմ էլ հիշում, թե ինչ ասացի, բայց հիշում եմ՝ ինչքան հուզվեցի, ուրախացա, երբ հերթական զորամասային միջոցառումից հետո հրամանատարը ինձ իր մոտ կանչեց եւ ներկայացրեց բարձրաստիճան մի սպայի՝ ասելով, որ դպրոցի ելույթիցս հետո (աղջիկն էր իրեն պատմել) տղաներից շատերն են ոգեւորվել, նույնիսկ որոշել զինվորական դառնալ։ Ինչ խոսք, դա ինձ համար պատվաբեր ակնթարթ էր։

Հիմա էլ, տարիներ անց, ջերմությամբ եմ մտաբերում բանակային կյանքից տարբեր դրվագներ, ակնթարթներ: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ամեն ինչ հարթ ու սահուն է անցել, բայց ամենայն անկեղծությամբ կասեմ՝ ես ծառայել եմ աշխարհի ամենալավ զորամասում:

 

♦♦♦

 

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Հանրային հեռուստաընկերության լրագրող Հովհաննես Վարդանյանը անցյալ ամռանն է զորացրվել:  Ծառայության ընթացքում Հովհաննեսը զորամասային ամսաթերթ է խմբագրել:

-Ես բանակ զորակոչվեցի մագիստրատուրան ավարտելուց հետո: Լրագրողը ամեն տեղ լրագրող է, իր գրիչը երբեք չպետք է ժանգոտի…Եվ իմ գրիչը բանակային «Մոնթե» ամսաթերթի շնորհիվ չժանգոտեց՝ դարձավ դարչնականաչավուն…

Երբ բանակային ամսաթերթ հրատարակելու առաջարկս ներկայացրի զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալին, նա թեեւ չհավատաց ուժերիս, բայց, երբ նկատեց համառ ջանքերս, որոշեց, այնուամենայնիվ, հնարավորություն ընձեռել։ Հանգստի ժամերին շնորհալի զինծառայողների հետ հարցազրույցներ էի անում, լուսանկարում, երեկոյան ժամերին գրում բանակային պատմություններ։ Եվ քանի որ ծանոթ էի թերթի էջադրման աշխատանքների առանձնահատկություններին, սկսեցի աշխատել նաեւ առաջին համարի ուրվագծի (էսքիզի) վրա։ Երբ տպագրվեց փորձնական համարը, ես երեք ամսվա ծառայող էի։ Այսօրվա պես հիշում եմ՝ սեւ ու սպիտակ թղթի վրա։ Հետո արդեն ընկերներիս օգնությամբ այն Երեւանում տպագրեցինք՝ գունավոր, բարձրորակ տպագրությամբ։ Աննկարագրելի էր ընթերցողի՝ ծառայակից ընկերներիս արձագանքը։ Բոլորի ձեռքին «Մոնթեն» էր, որի էջերում իրենք էին ու իրենց բանակային առօրյան։ Թերթի միջոցով փոխվեցին նաեւ ծառայելու, օրինակելի զինվոր, ջոկի հրամանատար լինելու իմ պատկերացումները, այդ ոգեւորությունն աննկարագրելի էր։ Սկսեցի անհամեմատ մեծ պատասխանատվությամբ եւ նվիրումով իրականացնել հայրենիքի՝ ինձ բաժին հասած հատվածի պաշտպանությունը։ Տեսնելով օրինակելի ծառայությունս ու զորամասում հասարակական ակտիվ գործունեությունս՝ զորամիավորման այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանն ինձ շնորհեց կրտսեր սերժանտի զինվորական կոչում։ Դա պարտավորեցնող էր, որովհետեւ հեշտ չէր լինել եւ՛ ջոկի հրամանատար, եւ՛ թերթի գլխավոր խմբագիր։ Հիմա, երբ ավարտել եմ ծառայությունս, ամեն անգամ «Մոնթեի» էջերը թերթելիս հիշում եմ այդ օրերը՝ առաջնագծում ծառայությունը, մարտական պատրաստության, կրակային պարապմունքները, զորավարժությունները, ուսումնական տագնապները, ու հպարտանում, որ ես էլ ծառայելու, զինվորի դժվարություններով ապրելու հնարավորություն եմ ունեցել։

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Իսկ «Մոնթեի» հաջողությունը, բնականաբար, պայմանավորված չէր միայն ինձանով, ես զուտ հավաքագրողի դերում էի։ Այդ հաջողությունը մեր զորամասինն էր, որը կրում է լեգենդար հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի անունը։ Հենց նրա պատվին էլ մեր թերթը կոչեցինք «Մոնթե»։ Թերթի հաջողությունը բոլորինն էր՝ ավագ հրաձիգինը, ջոկի հրամանատարինը, հրետանավորինը, կապավորինն ու մյուսներինը, որովհետեւ այդ պատմությունների գլխավոր հերոսները հենց նրանք էին, մեր հրամանատարները, որոնք իրենց կյանքն անմնացորդ նվիրել են ծառայությանն ու հայրենիքի պաշտպանությանը։ Այդ հաջողությունը մեր զինվորների ծնողներինն էր, որոնք, թերթի էջերում տեսնելով իրենց որդիներին, ուրախանում էին, ոգեւորվում։ Զանգում ու շնորհակալություն էին հայտնում, իսկ դրանից մեծ ոգեւորություն ինձ համար չկար։

Ես պատիվ եմ ունեցել ծառայելու բանիմաց հրամանատարների, Արցախյան, ապրիլյան պատերազմների թոհուբոհն անցած զինվորականների հետ։ Հենց նրանք են օգնել ինձ այդ հոդվածները գրելու ամենայն պատասխանատվությամբ: Ես միշտ կապ եմ պահպանելու նրանց հետ, որովհետեւ նրանց շնորհիվ իմ մեջ արմատավորվեց ինչ-որ բանի նկատմամբ պատասխանատու լինելու, հայրենիքն անմնացորդ սիրելու, նվիրվելու գիտակցումը։

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Զորացրվելուց հետո աշխատանքի անցա Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» բաժնում։ Զբաղվում եմ իմ սիրելի գործով՝ ակտիվ լրատվությամբ, իհարկե, չմոռանալով նաեւ բանակն ու բանակում անցկացրած օրերս։ Ռազմական ոլորտն ինձ շատ հոգեհարազատ է, առանձնակի սիրով եմ պատրաստում ռեպորտաժներ այդ թեմայով։

 

♦♦♦

 

Սիրված եւ ճանաչված  «Դետք» (հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ) երաժշտական խմբում է երգում Վահան Կիրակոսյանը (ի դեպ, խմբի անվանումը ռազմական է՝ դետք, որ նշանակում է պաշտպանության եւ հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ): Խմբի բոլոր տղաներն էլ նվիրումով ծառայել, պատվով վերադարձել են, իսկ բանակում նրանք ոչ միայն հայրենիքն են պաշտպանել. ծառայությանը զուգահեռ նաեւ ստեղծագործել են՝ երգ-երաժշտություն գրել:

-Մի տարի ու կես մենք առանձին զորամասերում էինք ծառայում, ստեղծագործում, հետո Արման Մելքոնյանը՝ մեր պրոդյուսերը, նամակ գրեց նախարարություն, որ թույլ տրվեր երեքիս գոնե մեկ զորամասում ծառայել, չմերժեցին: Բոլորս մեկտեղվեցինք սահմանային զորամասերից մեկում: Մեզ ստեղծագործելու համար ժամանակ ու սենյակ հատկացրն, օրը մեկ ժամ փորձեր էինք անում: Սկսեցինք հաճախակի մասնակցել բանակային համերգների՝ թե՛ զորամասերում, թե՛ նախարարության կազմակերպած: Քանի որ բանակային արդի երգեր մեր ժանրում չկային կամ շատ քիչ էին, սկսեցինք գրել հենց բանակային կյանքի մասին՝ հայրենիք, սեր, կարոտ, մայր, մարտում զոհված ընկերոջ կորուստ` «Իմ ընկեր», «Հայոց բանակ», «Մի ազգ, մի բանակ», «Խաղալիք զենքեր», «Խաղաղության երգ»…

ԴԱՐՉՆԱԿԱՆԱՉԱՎՈՒՆ ԱՐՎԵՍՏ...Հետագայում՝ ծառայությունից հետո, բանակային ստեղծագործությունները ամփոփեցինք երաժշտական ալբոմում՝ «ԴԻՏԱԿԵՏ – 21»:

«Դետքի» բանակային թեմաներով երգերը այսօր էլ  հնչում են զորամասերում, բանակային տարբեր միջոցառումների ժամանակ: Վաղ առավոտյան շատ զորամասերում զինվորները քայլում, մարզվում են «Դետքի» հնչյունների ներքո.

 

Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու

Ու ապրեմ այստեղ,

Իմ երկրում ուժեղ:

Ծառայելու եմ ու ետ եմ դառնալու`

Իմ խղճի դիմաց

Պարտքս կատարած….

 

Իմ զրուցակից երիտասարդները ավարտել են ծառայությունը բանակում, վերադարձել են՝ «խղճի դիմաց պարտքը կատարած»….

Հիմա էլ զինվոր են մշակութային առաջնագծում…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #27 (1347) 8.07.2020 - 14.07.2020, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


09/07/2020