ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՂՋԻԿ ՍԱՆԵՐԻՆ
Երբ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը հայտարարեց, որ այսուհետև իրենց շարքերը համալրելու են նաև աղջիկները, Անին ու Աստղիկը առաջիններից էին, որ վճռեցին դառնալ տարածաշրջանի լավագույն ռազմական վարժարանի սան:
Երկուսն էլ նոր են ավարտել իննամյա կրթությունը, սովորել են լավ, ֆիզիկապես կոփված ու պատրաստված են: Մոնթեական դառնալու համար կարևոր քննությունների են պատրաստվում:
Աստղիկն իր ընտանիքի առաջին երեխան է, ընտանիքի առաջին ապագա զինվորականը: Դառնալ պատմաբան, թե՞ սպա. այս բարդ ընտրության առաջ կանգնած աղջիկն ի վերջո ընտրեց զինվորականի մասնագիտությունը. «Դպրոցում ամենաշատը սիրել եմ պատմություն առարկան, դասարանում ամենալավը ես գիտեի մեր պատմությունը, ու երբևէ չեմ կասկածել, որ պատմաբան եմ դառնալու: Բայց, երբ լսեցի, որ աղջիկները նույնպես կարող են ընդունվել Մոնթե Մելքոնյան վարժարան, ինձ հարց տվեցի՝ արդյո՞ք միայն տղաների պարտքն է, որ պաշտպանեն մեր հայրենիքը…»:
Հենց այդ պարտքի գիտակցմամբ է, որ Աստղիկը վճռեց գնալ զինվորականի պատվաբեր ճանապարհով, թև ու թիկունք դառնալ մեր տղաներին՝ «առճակատման» դուրս գալով ծնողների հետ. «Դժվար էր ընտանիքիս համոզելը, որ ես կարող եմ անցնել բոլոր այն փորձություններով, որ կարող են հանդիպել իմ ճանապարին: Մայրս փորձում էր ինձ հետ պահել այս քայլից, բայց ի վերջո նա էլ ընդունեց իմ որոշումը, ու հիմա ծնողներս վստահ են՝ իմ ճանապարհը բանակի հետ համընթաց է լինելու…»:
Ի տարբերություն Աստղիկի՝ Անիի համար զինվորական կյանքը երազանքների աշխարհ է. «Ամենաուրախալին այն է, որ ես ավելի շուտ կարող եմ մուտք գործել բանակ, քան պատկերացնում էի»,- զվարթ ձայնով ու բոցավառ աչքերով ասում է Անին, հետո հավելում.
«Վստահ եմ ՝ լավ զինվոր կլինեմ մեր բանակի համար»:
Բանակային կյանքով հրապուրված աղջիկան այդ կյանքը բոլորովին էլ անծանոթ չէ. տասներեք տարեկան էր, որ զինվորագրվեց «Երիտասարդ երկրապահ» կամավորական միությանը, առաջին անգամ զինվորականի հագուստ կրեց, սերտեց զինվորականի օրագիրն ու լավ ծառայության համար ԵԿՄ-ում ստացավ առաջին կոչումը՝ կրտսեր սերժանտը. «Անգամ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ նշանակություն ունի բանակն ինձ համար: Առաջին հաջողություններս ԵԿՄ-ում եմ ունեցել, բայց վստահ եմ, որ մեր զինուժը ինձ պես սան ունենալու համար հպարտ է լինելու: Սովորելու եմ այնպես, որ լավագույնը լինեմ, պաշտպանելու եմ այնպես, որ բոլորը հպարտ լինեն…»:
Զինվորականին հարիր վճռականություն, համառություն ու կոփվածություն. Անի՛ն էլ, Աստղի՛կն էլ վստահ են վարժարանում բոլոր փորձությունները կհաղթահարեն պատվով, կսերտեն ու հավատարիմ կլինեն մոնթեականների կարգախոսին ու Մոնթեի գաղափարախոսությանը:
Ոչ միայն նրանց, այլև վարժարան դիմած մյուս աղջիկների նպատակը գիտելիքն է, հետո զինվորականի պատվաբեր ուղին ու ծառայությունը հայկական բանակում:
Անին արդեն որոշել է՝ դիպուկահար է դառնալու, մինչդեռ Աստղիկը մասնագիտության ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել, բայց երկուսն էլ հաստատ գիտեն. հայրենի երկրի իրենց վստահված սահմանն, անշո՛ւշտ, պաշտպանված կլինի…
…Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են ընդունվել 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններն ավարտածները: Ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները գրավոր դիմումները պետք է ներկայացնեն վարժարան մինչև հուլիսի 15-ը. «Հուլիսի 15-ին կավարտվի փաստաթղթերի ընդունումը, որից հետո կսկսվի կարևոր փուլերից մեկը՝ բուժզննման փուլը, եւ արդեն կունենաք որոշակի արդյունքներ»,- ասում է վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը:
Ի դեպ, այս տարի Մոնթե Մելքոնյան վարժարանի դիմորդները հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից գրավոր քննություն չեն հանձնի: Նրանք մասնակցելու են միայն հարցազրույց-քննության, ինչի ժամանակ էլ բանավոր հարցումների միջոցով ստուգվելու է դիմորդների գիտելքիները հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից»։
Նախորդ տարի, երբ դեռ ռազմամարզական վարժարանում աղջիկների ընդունելություն չկար, չորս տասնյակից ավելի դիմում են ստացել: Ռազմական կրթության պատասխանատուն վստահեցնում է՝ աղջիկ դիմորդների ոգևորությունն ակնհայտ է, և նրանցից սպասելիքները բավականին մեծ են.
«Մենք մեծ ոգևորությամբ ենք սպասում մեր աղջիկ դիմորդներին: Վարժարանը նրանց դիմավորելու է ոչ մայն իր գեղատեսիլ բնությամբ, այլ նաև որակյալ կրթությամբ»։ Ըստ Արթուր Կարապետյանի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ թե՛ որակյալ կրթության, թե՛ առողջ ու բարեկեցիկ ապրելակերպի համար:
Կրթական պրոցեսը վարժարանում տևելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին նրանք կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։
…Հողն ու հայրենիքն առավել պաշտպանված կլինեն, երբ հայ զինվորականների կողքին արժանավոր կանայք լինեն՝ ոչ միայն ընտանիքում, այլ նաև մարտական դիրքերում: Ե՛վ տղաների, և՛ աղջիկների համար հիմա արդեն լեյտենանտից մինչև գեներալ տանող լավագույն ճանապարհի առաջին մեծ քայլը Մոնթեի «բարձունքը» հաղթահարելն է:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #27 (1347) 8.07.2020 - 14.07.2020, Բանակ և հասարակություն