ՄԵԿ ՕՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Մարտական հենակետի ավագը տարիքով ամենակրտսերն է։ Սա է իրականությունը, և որքան էլ տարօրինակ հնչի՝ բնորոշում է մեր բանակի անգերազանցելի ներուժը։ Դավիթ Թադևոսյանը զինվորական ծառայությունից հետո, զորացրվելուն պես վերադարձավ բանակային կյանք, այս անգամ, պայմանագրային տղաների շարքը համալրելու։ Եվ այն դիրքում, որտեղ հայտնվեց, պարզվեց ամենաերիտասարդն է։ Հոր, նույնիսկ պապի հասակակիցների հրամանատար նշանակվեց և հաջողեց,նաև՝շնորհիվ դիրքապահների, գաղափարի, ընտանեկան միջավայրի, եղբայրական սիրո ու նվիրումի։
Զինվորական ծառայության յուրաքանչյուր տեսակն իր առաձնահատկությունն ունի, ժամկետային տղաների կյանքն այլ է. մեկ ստորաբաժանման կազմում են ընկերանում՝ ծառայության բերումով, հեռավոր ուղղություններից մեկ կետում հավաքվելով, առաջադրանք կատարելով։ Հակառակ պատկերն է պայմանագրայինների դեպքում.նրանք հիմնականում խրամատների անմիջապես թիկունքում գտնվող համայնքներից են, սահմանամերձ, ավելի ճիշտ՝ սահմանապահ գյուղերից, զինվորի ու խաղաղության գինն իմացող, զինվորի կյանքով ապրող, հայրենիք պահող ու շենացնող։ Նանք զինվորական գործն ընտրած, մարտական հերթապահությամբ ոգևորված զինծառայողներ են, որովհետև պահում են առաջին հերթին իրենց փոքր հայրենիքը՝իրենց տունը, գյուղը, շրջանը և հետո արդեն ամբողջ Հայաստանը։
Նրանք առաջնագծի հասուն բնակիչներ են: Նրանց համար սահմանի հարաբերական անդորրը շոշափելի արդյունք է, նրանց համար կրակի դադարն ուղիղ նշանակություն ունի՝ կյանքի, կենսագործունեության, գյուղատնտեսական աշխատանքի, դպրոցահասակ երեխաների անվտանգ կրթության, բարեկեցության: ԵՎ սա է պատճառներից մեկը, որ զինվորական կարգապահությանը զուգահեռ ունեն նաև իրենց կարգուկանոնը, իրենց չգրված օրենքները։ Պայմանագրայինների երկրորդ տանն էլ (դիրքն են այդպես համարում) ամեն ինչ տուն է հիշեցնում՝ խնամքով պահպանված, կահավորված, անվտանգության երաշխիքներով։ Այստեղ բարձրաձայն չեն խոսում, երբևէ չեն աղմկում, այստեղ համերաշխության նախանձելի վկայություններ կան. հրամանը կատարում են սահմանված կարգով, միմյանց օգնում են առանց դիմելու, խնդրելու, սահմանը հսկում են սրտացավությամբ, ճաշում են աղոթքով, զրույցներն ավարտում են կատակելով, ժպիտով։
Զինանոցի մասին խոսում են զուսպ: Ձեռքի տակ բոլոր միջոցները կան մարտական առաջադրանք կատարելու, արկածախնդիրներին լռեցնելու, հետ շպրտելու համար։ Դա հիմնավորում են օրինակներով, փորձով։ Հակառակորդի զինծառայողները քաջատեղյակ են այս տղաների ուժին, կարողությանը, միասնությանը: Ապացույցն այն լռությունն է, որ տիրում է սահմանին ու սահմանից այն կողմ։
…Մենք հանրապետության հարավարևմտյան սահմանագոտու՝ Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի՝ Արծրուն Միքայելյանի անվան մարտական դիրքում ենք: Պատերազմից, մարտական գործողություններից հետո են այս խրամատը փորել, դիրքը կառուցել, հակառակորդին ճնշել ու հենց Արծրունի ընկած վայրն էլ ոգեկոչել են, դիրք-սրբատեղի դարձրել, իրենց համագյուղացի մարտիկի անունն անմահացրել։ Այս դիրքում, հիմա, ազատամարտիկի եղբորորդին է ծառայում՝ Միշան։ Իրենց տոհմի ավանդույթը շարունակելու համար է զինվորագրվել, Միքայելյանների գենետիկ առաքելությունն իրականացնելու համար է համազգեստ կրել և հարազատ ու խորհրդանշական հենակետ բարձրացել։ Կյանքից թանկ,երևի թե, հենց այս դիրքն է, որը պետք է պահել ու հակառակորդի հիշողությունը թարմացնելու հնարավորությունը բաց չթողնել, ցանկություններն էլ վիժեցնել տեղում. Միշայի խոսքն է, դիտակետում ավելին ասել չի կարող՝ մարտական հերթապահության է։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #27 (1347) 8.07.2020 - 14.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում