Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԼԱՄՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ



Ամերիկյան սպառազինության համակարգերում լայնորեն օգտագործվում են չինական արտադրության դետալներ և կեղծ էլեկտրոնային սարքավորումներ: Այսպիսի եզրակացության է հանգել ԱՄՆ Սենատի` զինված ուժերի հարցերով հանձնաժողովը:

Հանձնաժողովը ուսումնասիրել է ավելի քան 100 սարքավորումներ և պարզել է, որ դրանց դետալների 70 տոկոսը գնվել է Չինաստանում: Եվս 20 տոկոսը ստացվել է Կանադայից և Մեծ Բրիտանիայից, սակայն դետալները միջնորդների միջոցով կրկին Չինաստանից են ձեռք բերվել:

Լայնածավալ հետաքննության համար առիթ է հանդիսացել ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած զեկույցը, որի համաձայն` վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ամերիկյան ռազմական տեխնիկայում կեղծ բաղադրամասերի հայտնաբերման դեպքերը: Եթե 2005թ. զինվորականները հայտնաբերել են 3868 նման դեպք, ապա 2008թ.` 9356:

Նման դետալներ հանձնաժողովի անդամները հայտնաբերել են սպառազինության ղեկավարման, ինքնաթիռների ինքնապաշտպանության համակարգերում, գիշերային տեսանելիության սարքավորումներում և այլն:

Կեղծ սարքավորումների մատակարարման կենտրոնը չինական Շենչժուն քաղաքն է, սակայն մատակարարված դետալների մի մասը չինական արտադրության չէ: Տարբեր ընկերություններ ԱՄՆ-ում գնում են էլեկտրոնային սարքավորումների թափոններ և տեղափոխում Չինաստան: Այնուհետև մասնագիտացված ձեռնարկությունների աշխատակիցները դետալները առանձնացնում են հնացած սարքերից, լվանում և չորացնում են, ինչից հետո դրանք գործնականում չեն տարբերվում նոր արտադրված դետալներից: Միջնորդների շղթայի միջոցով բոլոր դետալները արդյունքում նորից վերադառնում են ԱՄՆ:

ԱՄՆ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների դեմ սենատորները առաջարկում են պայքարել օրենսդրական ճանապարհով: 2012թ. կարող է օրենք ընդունվել, որը կպարտադրի ընկերություններին սեփական միջոցների հաշվին փոխարինել հայտնաբերված կեղծ բաղադրամասերը: Այսօր էլ նման հնարավորություն նախատեսվում է, սակայն Պենտագոնը պետք է ապացուցի, որ ընկերությունում նախապես տեղյակ են եղել կեղծ դետալներ գնելու մասին: Իհարկե, դա շատ դժվար է ապացուցել, արդյունքում ռազմական բյուջեից տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսվում նոր, գործարանային արտադրության մասեր գնելու և կեղծերը փոխարինելու համար:

Բացի այդ, ուսումնասիրվում է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հաջողված փորձը: 2008թ. գործակալության ղեկավարությունը սկսել է կիրառել հավաստագրման մեթոդը: Այն ընկերությունները, որոնք չեն կարողացել ներկայացնել մատակարարվող արտադրանքի ծագումնաբանության վերաբերյալ փաստաթղթեր, զրկվել են համագործակցության իրավունքից: Իսկ հավաստագրված մատակարարներին արգելվել է պահանջվող դետալները գնել այլ ընկերություններից առանց գործակալության ղեկավարության թույլտվության:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/11/2011