Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎ



ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎ«Ինքնաձիգով հայուհին» hայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի  ամենահայտնի լուսանկարներից   է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի շապիկներին, Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովով Տիրամայրը»:

Տարիներ առաջ էլ «Կանայք՝ ընդդեմ պատերազմի» միջազգային կազմակերպությունը լուսանկարը հսկայական պաստառների վրա պատկերելով՝ փակցրել էր ամբողջ Ամստերդամում: Միջազգային կազմակերպության անդամները  չգիտեին էլ, թե ով է իրականում նկարում պատկերված հայուհին, պարզապես ենթադրել էին, որ հաստատ զինվորի մայր է եւ հաստատ դեմ է պատերազմին:

Իսկ թե ով էր լուսանկարում պատկերված հայուհին, հեղինակն ինքն էլ երկար ժամանակ չգիտեր: Կնոջը լուսանկարել էր Ստեփանակերտում, 1992թ., որտեղ բազմաթիվ փախստականներ էին հավաքվել:

Լուսանկարիչները միշտ փնտրում են ժամանակը խորհրդանշող կերպարներ, եւ Կլիմովը հարյուրավոր փախստականներից ընտրել էր հենց այդ կնոջը, քանի որ նրա ձեռքին ինքնաձիգ էր…

Սեւանա լճի մոտ՝ Կարճաղբյուր գյուղում է ապրում լուսանկարի կինը՝ Էլլան՝ Էլմիրա Հարությունյանը: Ապրում է նախկին պիոներական  «Լճափ» ճամբարում, որտեղ տարիներ առաջ փախստականները հանգրվանեցին:

Մի ամբողջ ոդիսական է Էլլայի ապրած կյանքը…

Լուսանկարում Էլլան 42 տարեկան է, 1992թվականն է. փախստականների մի մեծ խումբ Շահումյանի շրջանից, որտեղ թեժ մարտեր էին ընթանում, ոտքով անտառներով, դաշտերով եկել հասել էր Ստեփանակերտ, Էլլան էլ նրանց  հետ:

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎԷլլան ու ամուսինը՝ Լավրենտին, սպասում էին իրենց որդուն՝ Անդրանիկին, որ պետք է Երեւանից գար, ու Էլլան նրան հանձներ իր ձեռքի զենքը: Այդ զենքով Անդրանիկը մեկնեց ճակատ, ու այլեւս ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն…

Լուսանկարում Էլլայի աչքերում եւ սպասում է, եւ անհուն տխրություն ու անանց ցավ. ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանցիները նրա հորը դաժանաբար սպանել էին Գյուլիստանի եկեղեցում.

-Գյուղ տանկ էր մտել,- հիշում է Էլլան։- Խորհրդային բանակի սպան մեզ ասաց, որ շտապ հեռանանք անտառ, որովհետև գիշերը գյուղը ռմբակոծվելու է։ «Առավոտյան նորից հետ կգաք»՝ վստահեցրեց։ Հավատացինք ու գնացինք, բայց ծերերից շատերը մնացին։ Հայրս՝ Գրիգորը,  ասաց, որ ոչ մի տեղ էլ չի գնա. նրա ոտքերը ցավում էին։

Դե մենք էլ  մտածեցինք՝ առավոտյան հետ կգանք, և ոչինչ չվերցրինք մեզ հետ, բառացիորեն ոչի՛նչ, ոչ հագուստ, ոչ փաստաթուղթ, ոչ սնունդ…

Գիշերը Շահումյանն ուժգին հրետակոծեցին, կրակում էին գրադից։ Մենք թաքնվել էինք անտառում ու տեսնում էինք միայն հրդեհի բոցերը և լսում ուժեղ պայթյունների ձայն։ Առավոտյան Շահումյան մտան ադրբեջանցիներն ու  սկսեցին կողոպտել և սպանել բոլոր նրանց, ովքեր չէին կարողացել կամ չէին հասցրել հեռանալ։ Այնտեղ՝ եկեղեցում էլ հենց հորս սպանել էին…Ես չկարողացա առավոտյան տուն վերադառնալ, մինչ օրս էլ չեմ կարողանում…

Այս ամենից հետո Էլլայի  փոքր տղան՝ Սաշան (Ալեքսանդրը), որ  այն ժամանակ  ընդամենը 16 տարեկան էր, փախավ տնից, գաղտնի միացավ ազատամարտիկներին: «Եղնիկներում» էր կռվում, այդտեղից  կորցրած ծննդավայրը մոտ էր…

Երկուսուկես  տարի Ալեքսանդրը ծառայեց արցախյան բանակում։ Իրենից ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չէր հայտնում մորը, թաքնվում էր մորից, չէր ուզում հետ դառնալ, ուզում էր կռվել, երազում էր   հայրենի Շահումյանն ազատագրել…

Այդժամ Էլլան հասավ Արցախ, գնաց որդու հրամանատարի մոտ և պահանջելու պես խնդրեց, խնդրելու պես պահանջեց. «Վերադարձրու որդուս, նա իմ  վերջին հույսն է»։ Եվ որդուն վերադարձրին։

Աշխարհում հազար մասնագիտություն կա, բայց  Ալեքսանդրը չէր կարող այլ մասնագիտություն ընտրել, հաշտ չէր լինի ինքն իր հետ. Ալեքսանդրը զինվորական է՝ պայմանագրային շարքային, ծառայում է սահմանային զորամասերից մեկում:

Երեք  զավակ ունի Ալեքսանդրը՝ երկու տղա եւ մի աղջիկ։ Որդիներից մեկին անվանակոչել է  Անդրանիկ ՝ անհայտ կորած եղբոր պատվին։

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԻՐ ԶԻՆՎՈՐՈՎԱլեքսանդրի  Արթուր որդին այսօր  մեկնում է  ծառայության.

-Արթուրս  գնում  է բանակ, գնում է  իր նման զինվոր տղերքի հետ հայրենիքը պաշտպանելու,  որ մեր բաժին էս հողը չկորցնենք, տունուտեղ չթողնենք ու  նորից փախստական դառնանք,- ասում է Էլլան:- Աշխարհում ամենածանրը զավակ ու   ծննդավայր կորցնելն է ու  կարոտը սրտում ապրելն է… Ամենազոր ժամանակն  անզոր է իմ ցավի դեմ: Բայց հույսս, հավատս չեմ կորցնում….

-Ամեն բացվող  օրը տատիս, հորս  խոսքուզրույցի առանցքում  անհետ կորած Անդրանիկ  հորեղբայրս է ու կորցրած ծննդավայրը, անվերջ հիշում են, հազար պատմություն պատմում, կարոտով  հիշում են իրենց դրախտային այգին, ուր ինչ ծառ ասես չէր աճում, հիշում են իրենց տունը,- պատմում է Արթուրը:- Ամեն օր լույսը բացվելուն պես  միշտ նույն բառերն են ասում աղոթքի նման՝ վաղ թե ուշ կվերադառնանք մեր ծննդավայր… Հայրս   անընդհատ կրկնում  է՝ մեր ժողովրդի պատմության   որ էջն էլ թերթես՝ թուրքի արյունոտ ձեռագիրն  է: Ուրեմն՝ ուժեղ պետք է լինենք, հզոր, որ հետ բերենք մեր ունեցածը, քանի որ աշխարհում ինչ էլ փոխվի-չփոխվի՝ ուժեղինն է աշխարհն ու իրավունքը:

Արթուրը դպրոցն ավարտելուց հետո գնացել էր Ռուսաստան՝ աշխատելու: Հիմա վերադարձել է հայրենիք, որ գնա ծառայության:

Ասում է՝ հողն ամուր է իր զինվորով, իր բանակով ու  հավելում.

-Ծառայությունից հետո որոշել եմ զինվորական դառնալ, հորս պես կանգնելու եմ սահմանին…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՕԼԵԳ ԿԼԻՄՈՎԻ,

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


16/07/2020