Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆՆԵՐԸ



Ռուսական «Իզվեստիա» թերթի տվյալներով, Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի բոլոր ժամկետային զինծառայողներին կփոխարինեն պայմանագրային զինծառայողներ:

Թերթը նշում է, որ ժամկետային զինծառայողները Տաջիկստանում պարբերաբար ինչ-որ միջադեպի մասնակից են դառնում և որոշակի խնդիրներ առաջացնում: Իսկ պայմանագրայինները գիտեն, թե ուր են գնում և կարող են պատասխան տալ իրենց գործողությունների համար:

Օրինակ` այս տարվա հունվարին շարքային Իգոր Գորդեևը լեռնային ճանապարհին «Կամազը» վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը ինչի հետևանքով երեք տաջիկ է մահացել: Դատական լսումների պատճառով շարքայինի ծառայության ժամկետը փաստացի երկարել է կես տարով: Իսկ պայմանագրային զինծառայողի հետ նման խնդիրներ ամենայն հավանականությամբ չեն ծագի:

Ի տարբերություն ժամկետային զինվորների` պայմանագրայինները Տաջիկստանում կանցկացնեն երեք տարի: Նրանք կստանան բարձր աշխատավարձ, հարմարավետ ծառայողական բնակարաններ` ձևափոխված զորանոցներում:

Այս տեղեկությունը հաստատել է նաև մի քանի այլ լրատվամիջոց` հենվելով ռուսական ռազմաբազայի սպաների տրամադրած տեղեկությունների վրա: Սակայն ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչությունում նշել են, որ ժամկետայիններին ամբողջությամբ պայմանագրայիններով փոխարինելու խնդիր այս պահին չի դրված, քանի որ կարճ ժամանակում մի քանի հազար պայմանագրային հնարավոր չէ գտնել:

Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների ընդհանուր թվաքանակը շուրջ 5,5 հազար է, որից ավելի քան 3 000-ը ժամկետային զինվորներ են:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


11/11/2011