Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԻՍՏ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՎԵՑԻՆՔ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ



ԽԻՍՏ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏՎԵՑԻՆՔ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆԶրույց զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ ՍԵՐԳԵՅ ԱՎԱՆԵՍՈՎԻ հետ

 

– Պարոն Ավանեսով, ըստ Պն պաշտոնական հաղորդագրության՝ հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեզ անհասկանալի պատճառով փորձեցին խախտել հայկական սահմանը:  Փորձը չիրականացավ: Թե ինչ եղավ հետո, գիտեն բոլորը: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այս սադրանքի նպատակը:

-Ես կարող եմ բազմաթիվ ենթադրություններ անել: Սակայն պետք չէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների մեջ տրամաբանություն փնտրել, նրանց արկածախնդիր ու անխոհեմ վարքին մենք վաղուց ենք ծանոթ ու յուրաքանչյուր պահի պատրաստ ենք դիմակայելու դրան: Ես զինվորական եմ և, անկեղծ ասած, ինձ առանձանպես չեն հետաքրքում Ադրբեջանի հեռահար կամ օրախնդիր նպատակները: Ես գիտեմ մի բան՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություն պետք է չոզոքացնել նվազագույն կորուստներով ու տալ անհամապատասխան ծանր հակահարված:

Խնդիրն այն է, որ հակառակորդի արկածախնդիր ու անտրամաբանական գործողությունները կարող են անակնկալի բերել մեզ:

– Չեն կարող, որովհետև մենք ամեն պահի պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքի սահմաններն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր սցենարի, յուրաքանչյուր զարգացման: Փխրուն զինադադարն ու հակառակորդի անխոհեմ գործողությունները մեզ այլընտրանք չեն թողնում: Ադրբեջանը միշտ էլ անհամեմատ մեծ կորուստներ է ունեցել, երբ փորձել է հատել մեր սահմանը կամ գրոհել հեռահար զենքերով: Եվ սեփական զինվորի կյանքը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչինչ չարժե:

– Այս անգամ գեներալ զոհվեց, որի հուղարկավորությանը Ալիևը չմասնակցեց: Ադրբեջնում անհասկանալի խանաշփոթ է:

– Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը պատրաստ չէր այս հարձակմանը: Սա հապճեպ կայացված որոշում էր: Ադրբեջանական բանակի գրեթե բոլոր գործողությունները ձախողվում էին:

Գուցե ձախողումները մեր պատժիչ գործողությունների հետևանքով առաջացած խուճապի՞ց են:

– Ես կարծում եմ, որ ադրբեջանական բանակում հոգեբանական վիճակը անկայուն է, ակնհայտորեն ահագնացող խուճապ կա: Հաջողության հասնելու համար զորքը պետք է առաջին հերթին հոգեբանորեն պատրաստ լինի մարտական գործողության: Իհարկե, զենքերը, զինտեխնիկան իրենց տեղն ունեն, բայց զորքի ոգին, հոգեբանական վիճակը հաղթանակի առաջին նախադրյալն են: Ադրբեջանական բանակի արհեստավարժության պակասը, խոցման ցածր արդյունավետությունը, կորուստների մեծ թիվը խոսում են բարոյահոգեբանական անկումային վիճակի մասին:

– Պարոն Ավանեսով, ինչպե՞ս են մեր տղաները, ի՞նչ  տրամադրություն ունեն:

– Ես Ձեզ հնարավորություն կտամ զրուցելու այն զինվորների հետ, որոնք այս պահին մարտադաշտում են, ու իրենք կպատասխանանեն…   Մինչ այդ ասեմ, որ ես միշտ էլ վստահ եմ եղել, որ մեր զինվորները անսասան կփակեն թշնամու ճանապարհը: Վստահ եմ եղել, որ նրանք հաստատակամ են, համարձակ, վճռական  ու պատրաստ են ամենաթանկը տալ հայրենքի համար: Սակայն մեր տղաների քաջությունը, ոգին, ամրությունը մարտադաշտում անգամ ինձ զարմացրեց: Ես հպարտանում եմ մեր զինվորներով: Հայ զինվորը անմեկնելի երևույթ է: Թշնամի տեսնելուն պես ամեն հայ զինվոր առյուծ է դառնում՝ պատրաստ աներևակայելի հերոսության:

– Զինվորներն ասում են, որ մարտադաշտում սպայի ներկայությունը, հրամանատարի ներկայությունը իրենց լրացուցիչ ուժ է տալիս:

– Մենք միշտ զինվորի կողքին ենք: Բոլոր գործողությունների ժամանակ հրամանատարը պիտի առջևից քայլի: Հրամատարն ու զինվորը պիտի հարգեն ու սիրեն իրար, որ պատերազմի դաշտում անպարտ լինեն: Զինվորն ու սպան մարտական ընկերներ են:

– Ինչպիսի՞ն է հիմա իրավիճակը սահմանին:

– Նախ ասեմ, որ մենք շատ խիստ հակահարված տվեցինք նախահարձակ թշնամուն: Մենք ընկճել ենք նրա բոլոր զորատեսակները, ճնշել ենք՝ պատճառելով մեծ մարդկային ու ռազմական կորուստներ: Իրավիճակը հսկվում է սահմանի ամբողջ երկայնքով:

– Իսկ ի՞նչ տրամադրություններ կան սահամանամերձ բնակչության շրջանում:

– Նրանք Արցախյան պատերազմից սկսած՝  30 տարի ապրում են նշանառության տակ: Նրանց ոչ կզարմացնես կրակոցներով, ոչ կվախեցնես: Ժողովուրդը հանգիստ է, կրակոցների ժամանակ խելամտորեն պաշտպանվում է ապաստարաններում: Հենց կրակոցները դադարում են, գնում է այգի ու սկսում մշակել հողը…

– Մարտադաշտից թիկունքին ուղղված խոսք ունե՞ք ասելու:

– Հանգիստ քնեք, մի անհանգստացեք: Բանակը հզոր է նաև ուժեղ, ամուր ու միասնական թիկունքով:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/07/2020