ԶՈՐԱԿՈՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հուլիսի 20-ին Քաշաթաղում զորակոչ է: Առավոտյան շրջանային զինկոմիսարիատում սկսվեց զորակոչիկների ընդունելությունը։ Զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքում գրանցեցին տղաներին, վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը։ Ձեռքերի ախտահանումից և ջերմաչափումից հետո պարտադիր զինծառայության մեկնող պատանիներին բաժանվեցին պաշտպանիչ դիմակներ: Բաժանմունքի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը շարք կանգնած տղաներից հետաքրքրվեց նրանց առողջական, վիճակով, տրամադրությամբ: Վերջին օրերին Հայոց սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով նրանք ուզում են ժամ առաջ հասնել իրենց զորամասեր… Երկրորդ կարևոր արարողությունը թեսթավորումն է կորոնավիրուսի դեմ։ ԱՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ Ռենա Ավանեսյանն ու համաճարակաբանի օգնական Նարինե Ստեփանյանը կատարում են թեսթավորում: Զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը վստահեցրեց. այս զորակոչին առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկ չեն ունեցել: Այս զորակոչն էլ է ընթանում կազմակերպված, չկան խուսափողներ։
Շրջանի տարբեր համայնքներից են զորակոչիկները: Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: Ներքին Սուս գյուղից են Հայկ Սարգսյանը և Յուրի Ներսիսյանը։ Այս տարի են ավարտել դպրոցը։ Հանձնել են միասնական քննություն և ընդունվել բուհ՝ Հայկը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Յուրին՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։
Ուսումը կշարունակեն զորացրվելուց հետո՝ ժպտալով ասում են տղաները:
Զաքարյան Պարգևը Ծիծեռնավանքից է, բազմազավակ ընտանիքի հինգերորդ տղան է: Նրա 4 եղբայրները նույնպես ծառայել են։ Բարձր է նրա տրամադրությունը, ուրախ է, որ զինվոր դառնալու իր ժամանակն էլ եկավ։
Բազմազավակ ընտանիքից է նաև Գանձացի Սասուն Օսեյանը։ Ավագ եղբայրն արդեն զորացրվել է։ Հիմա իր հերթն է:
-Իմ ժամանակն էլ եկավ… Եղբորս նման լավ եմ ծառայելու,- վստահեցրեց Սասունը։
Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը մոտեցավ տղաներին, առանձին-առանձին սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, խաղաղություն և անփորձանք ծառայություն մաղթեց Հայրենիքի պաշտպաններին:
– Քաշաթաղցի զորակոչիկները կշարունակեն իրենց ավագ եղբայրների ավանդույթը՝ տուն կդառնան միայն պարգևներով, զորամասերի հրամանատարների կողմից շնորհակալական նամակներով,- համոզված է զինվորական կոմիսարը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն