Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓԱՌՔՈ՛Վ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ…»



«ՓԱՌՔՈ՛Վ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ...»-Հողը ծարավ էր,- ասում է Հայկազ պապին ու բահով փոխում առվի հունը: Ջուրը գլգլալով հոսում է, թրջում հողի ճաքած շուրթերը: Ու հանկարծ տարիների հեռվից թրթռում, արթնանում է մի պատկեր՝ մի փոքրիկ այգի՝ կանաչի մեջ թաղված: Հայրս բահը խրում է հողի մեջ ու սպիտակ վերնաշապիկը կախում ծիրանենու ճյուղից: Լայն թիկունքն արևախանձ է, ինքը՝ բարձրահասակ, սլացիկ ու սիրուն: Կողքին ես եմ՝ 3-ամյա, կարմիր խալաթիս վրա՝ սև պտեր: Ոնց որ՝ մեծ զատիկ՝ ծաղկած սամիթի մեջ.

«-Հողը խմեց, հագեցավ, շնչեց:

-Պա՛պ, որ հողին ջուր չտանք, ի՞նչ կլինի:

-Տես, հողը մեզ ինչքան բարիք է տալիս՝ ծառ, ծաղիկ, հազար տեսակի միրգ ու բանջարեղեն: Տալիս է ու փոխարենը ոչինչ չի ուզում: Մենք հողի վրա ենք տուն սարքում, հողի վրա ենք քայլում: Հողը մեր հարազատն է: Ո՞նց կլինի, որ հողին ջուր չտանք, բալիկս… »:

– Միտքդ ո՞ւր հասավ:

-Հորս հիշեցի, Հայկազ պապի, ասում էր՝ հողը մեր հարազատն է:

-Լույս իջնի հոգուն, լավ է ասել: Հողից քաղցր բան աշխարհում չկա: Տե՛ս՝  ոնց է հատուցում չարչարանքդ, ոնց է մեկդ հազար անում:

Հայկազ պապին քայլում է պտղած ծառերի միջով: Ճյուղերը կքել են բերքի առատությունից՝ սալոր, դեղձ, խնձոր, հոն, թուզ, սերկևիլ՝ ինչ լեզուդ պտտի: Թփերից մոշն ու մորին կարմրին են տալիս, մարգերի միջով ջուրը հոսում, լցվում է ծառերի տակ: Օդի մեջ հազար ծաղկի բույր կա…

Հայկազ պապին նստում է հաստաբուն վազների տակ:

-Ոնց որ ծառեր լինեն,- ասում եմ:

Պապին գլխով է անում.

-Դու ողկույզների մեծությունը տես, ամեն մեկը կիլոյից ավելի կկշռի:

Արևը ճեղքում է վազների կանաչ տանիքն ու թրթռում Հայկազ պապի կոշտացած, ոսկրոտ մատներին:

-Երբ ադրբեջանցիները սկսում են խփել, հարազատներիս հավասար՝ էս հողի, ծառերի, թուփ ու ծաղկի մասին եմ մտածում: Լավ, բա 30 տարի էդ անօրենները չհասկացա՞ն, որ մենք էս գյուղից գնացողը չենք: Մեզ համար արդեն արկի պայթյունն ու շան հաչոցը մի հաշիվ են: Էս հողից ենք ծնվել, էս հողին ենք միանալու:

Պապը կռանում է, կոշտացած ձեռքերը դնում հողին:

-Դե, երևի մտածում են՝ ջահելները կվախենան: Ի վերջո, մի օր կհոգնեն, կգնան գյուղից: Աշխարհում էնքան գեղեցիկ, խաղաղ ապահով անկյուններ կան: Էս կյանքն էլ մի անգամ է տրվում.- ուզում եմ պապին խոսեցնել, որ պատկերը երկար մնա՝ պապի աչքերի փայլը, հայացքի վճռականությունն ու պնդությունը, երբ մատները դնում է հողին ու տավուշցու ծորուն առոգանությամբ ասում.

-Մեր արմատն էս հողի մեջ է, արմատից պոկվենք, կչորանանք:

-Ջահելնե՞րն էլ չեն վախենում,- կրկնում եմ, մինչ պապին  բառեր է որոնում: Մի հնար լիներ, նկարեի պապի հայացքը՝ քմծիծաղի, արհամարհանքի, բարկության խառը արտահայտությամբ:

«ՓԱՌՔՈ՛Վ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ...»-Ջահելները երկնքի՞ց են ընկել, անարմատ բո՞ւյս են, էս հողի ծնունդը չե՞ն,- գոռում է:- Ջահելները, թե կուզես իմանալ, մեզնից համարձակ են, մեզնից թասիբով ու մեզնից շատ են սիրում իրենց հողը: Երևան տուն ունեմ, մեկը չի գնում՝ ապրի: Միայն Երևանում սովորող թոռներս են մնում էդ տանը փոխնիփոխ: Չորս երեխա, ութ թոռ ունեմ, բայց եթե ուսանող չենք ունենում, Երևանի տան դուռը փակ է մնում:

-Դե, ի՞նչ իմանամ, ջահելները սիրում են ժամանցի վայրեր, սրճարաններ, թատրոն, կինո,- ասում եմ ու փոշմանում: Էնքան եմ անելու՝ պապը կոպտի: Նա կտրուկ ոտքի է կանգնում.

-Հայկ, վազելով արի: …Հայկը թոռս է, էս երկու օրը բանակ կգնա: Մեծ թոռս՝ Կարենը նոր է զորացրվել. տուն մտավ՝ զինվորական համազգեստի վրա սերժանտի ուսադիրներ, կրծքին՝ երկու նշան՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»…

Հայկը պինդ տղա է, սպորտային կազմվածք ունի, իսկ կամքն ու վճռականությունը ուղղակի կաթում են դեմքից: Կանգնել է՝ հոնքերը կիտած:

-Ասում է՝ երբ ադրբեջանցիները արկեր են գցում գյուղի վրա, ջահելները չե՞ն վախենում,- պապը գլխով ցույց է տալիս ինձ՝ դեմքին նույն քամահրական արտահայտությունը:

-Բա չես ասում՝ ջահելները ծնված օրվանից հրետակոծության տակ են մեծացել, ինչի՞ց վախենան:

-Պատրա՞ստ եք զինվորանալու,- հարցնում եմ ու հասկանում, որ ամեն ինչ փչացրի. ո՞վ է տեսել Ներքին Կամիրաղբյուր գյուղում մեծացած տավուշցուն հարցնեն՝ պատրա՞ստ ես զինվորանալու:

-Մեր գյուղում յուրաքանչյուր տան պատուհանից զինվոր է երևում:

– Ասա՝ ո՞նց ես ավտոմատ քանդում-հավաքում: Ամենալավը դու ես,- հուշում է պապը:

-Լավ, պապ,- նեղսրտում է Հայկն ու շարունակում պատմել:- Մեր գյուղում չկա մեկը, որ փոքր ժամանակ իր համեղ պատառը սահման պահող զինվորի հետ կիսած չլինի, զինվորի բաժինը կապոց արած՝ բարձրացրած չլինի դիրքեր: Մի ամբողջ կյանք մենք ապրում ենք սահմանին…

Օդի մեջ ինչ-որ համանվագ կա, որ չի թողնում կենտրոնանալ.  ամեն ծառ, ամեն թուփ խշշում է իր յուրահատուկ ձայնով, միանում տարբեր թռչունների, միջատների միաձույլ երգին: Քիչ հեռու, բացօթյա պատշգամբում ընտանիքը բոլորվել է սեղանի շուրջ. սուրճ են խմում: Նրանցից մեկը՝ մի երիտասարդ տղամարդ, բաժակը ձեռքին մոտենում է մեզ.

-Զինվորը գյուղի պաշտպանն է, գյուղը՝ զինվորի թիկունքը: Զինվորն ու գյուղը մի ամբողջություն են…

-Դո՞ւք…- ես ուզում եմ գուշակել, թե ով է…

-Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետն եմ՝ Լևոն Առաքելյանը:

-Ի՜նչ լավ եք արել, որ եկել եք,-խանդավառվում եմ.-Ձեզ հետ անպայման պիտի հարցազրույց անեի՝ ադրբեջանցիների վերջին հարձակման առիթով:

-Ո՞ւր եմ եկել,- հարցնում է գյուղապետը զարմացած:

-Մեր զորակոչիկի՝ Հայկենց տուն,- պատասխանում եմ ոչ պակաս զարմանքով:

-Հայկն իմ տղան է,-ասում է գյուղապետը:

Ոնց չէի նկատել՝ հայր ու տղա մի խնձորի երկու կես են, նույն դեմքն է՝ նույն կիտած հոնքերը, դեմքի խիստ ու համառ արտահայտությունը: Այդ պահին զինվորական համազգեստով կինը մի տուփ ձեռքին սրճողների խմբից դեպի մեզ է գալիս, հետո բացում է տուփը, միջից մի արձաթյա Խաչ է հանում ու կախում Հայկի պարանոցից: Ես ճանաչում եմ Շուշանիկ Մելիքբեկյանին՝ զորամասում է ծառայում է:

-Ո՞ւմ նվերն է Խաչը,- հարցում եմ:

-Իմ հիմնած «Անառիկ բերդ» հասարակական կազմակերպության: Մենք ռազմահայրենասիրական միջոցառումներ ենք կազմակերպում դպրոցներում, զորակցում ենք զինվորների ընտանիքներին, զոհված հերոսների հարազատներին ու Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնած Խաչերը նվիրում ենք մեր բոլոր զինակոչիկներին:

-Թող թալիսման դառնա ու պաշտպանի քեզ ամեն փորձանքից ,-օրհնում եմ ես Հայկին: Շուշանիկը մի քանի քայլ առաջ է գալիս ու հանդիսավոր ասմունքում.

 

-Սրտիս աղոթքը զրահի նման

Թող ձեզ պաշտպանի, որդիներ ի՛մ թանկ,

Չթողնեք հանկարծ թշնամին պղծի

Ոչ մի օրորոց, ոչ մի տուն ու վանք:

Մեր Աստծո Աջը ձեզ միշտ պահապան,

Թող խաղաղություն իջնի սահմանից,

Որ տուն գաք բարով՝ հերոսի նման,

Ու ցնծություն հորդա մեր Տնից…

 

Բոլորս եռանդով ծափահարում ենք:

– Ես եմ հեղինակը,- ասում է Շուշանիկը ամաչկոտելով: Մենք ավելի բարձր ենք ծափահարում:

– Ես մի վայրկյան իսկ չեմ կասկածում, որ Հայկս հերոսի նման կծառայի,- Հայկազ պապին ոգևորվում է բանաստեղծությունից:

-Ձեզ ընտանիքիս հետ ծանոթացնեմ,- Հայկը սահուն փոխում է թեման:

-Մայրս՝ Անահիտը, եղբայրս՝ Հարությունը, 15 տարեկան է, արդեն բանակի համար պատրաստվում է. մարզվում է՝ մարտ առանց կանոնների: Վերջապես 46 տարվա մանկավարժ Օդեր տատս, ինձ մաթեմատիկա է դասավանդել, մի անգամ դասից փախչելու համար ծնող էր կանչել…

Բոլորը բարձր ծիծաղում են, Օդեր տատը արցունքոտվում է.

-Ո՞նց եմ դիմանալու կարոտին:

-Ասի՞ր, որ կինեզոլոգ ես դառնալու, որ վիրավոր զինվորներին օգնես,- Հայկազ պապի քչփչոցն է:

-Պապի, լավ էլի, իմ մասին խոսակցությունն  արդեն ավարտվել է, ուրիշ բանից ենք խոսում:

-Չի ավարտվել, դու չասիր, ես եմ ասելու:

Ես չեմ կարողանում զսպել ծիծաղս:

-Ասեք, Հայկազ պապի ջան, ի՞նչ կինեզոլոգ…

-Հեչ-, ասոմ է Հայկը,- ես ֆիզկուլտ ինստիտուտի կինեզիոլոգիայի բաժնում եմ սովորում…

-Որ վիրավոր զինվորներին բուժի,- ավելացնում է պապը, հետո հարցնում,- գիտե՞ս   ինչ է կինեզոթերապիան:

-Չէ,- ասում եմ, բայց շատ լավ էլ գիտեմ. ուղղակի ինձ դուր է գալիս պապ ու թոռան «պայքարը»:

-Բուժական մերսումն է: Սահմանին վիրավորված զինվորներին շատ է պետք, որովհետև…

Հայկը ժպտում է ու թոթվում ուսերը, այսինքն՝ որոշել է՝ պիտի ասի: Հանկարծ ես նկատում եմ, որ գյուղապետը նստել է մեկուսի, չի մասնակցում զրույցին: Սեղանին դրված բաժակը դեռ սուրճով լի է:

-Մտահոգ եք,- ասում եմ:

-Գիտեք՝ քանի գյուղացու այգում է արկ պայթել: Քանի տուն է վնասվել: Ես երբեք էս ժամին տանը չեմ լինում, էնքան գործ կա անելու: Ուղղակի ասացին՝ Պաշտպանության նախարարության լրագրողի հետ պիտի զրուցես, եկա: Հիմա վնասի չափն ենք ճշտում: Մարզպետարանը բոլորին կհատուցի՝ մի բան էլ ավելի: Տեսնո՞ւմ եք էս տները, սրանք ամենաուժեղ սահմանապահներն են: Գյուղի լույսերը, որ վառվում են գիշերով, ամենահզոր զենքն են թշնամու դեմ…

-Հայկին շատ հավանեցի: Նա Ձեր տան լույսը վառ կպահի:

-Հարությունի հետ չզրուցեցիք, Հայկին չի զիջում: Մեր գյուղում ոչ մի տղա Հայկին չի զիջում: Պիտի լավ որդիներ դաստիարակես, որ ապագա ունենաս: Քարոզով չէ, գենով, մայրական կաթի հետ է փոխանցվում պապերիդ քաջությունը, մարդասիրությունը, հայրենի հողի պաշտամունքը…

-Այդուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ եք տալու Հայկին բանակ ճանապարհելիս: Ամենակարևորը…

-Ոչ մի: Ինքը գիտի, որ սահմանի ուժը գոյանում է ամեն զինվորի ուժից: Գիտի, որ իր ուժեղ լինելը քիչ է սահմանին, պիտի ուժեղացնի նաև զինակից ընկերոջը:

-Ո՞նց ուժեղացնի:

-Եղբայրանալով…Իսկ տղայիս բանակ ճանապարհելուց առաջ ասելու եմ՝ փառքո՛վ վերադարձիր:

…Բոլորը գնում են իրենց գործին: Մնում ենք ես ու Հայկազ պապին.նա ինձ սովորեցնում է թարմա կապելու ձևը: Ես եմ խնդրել…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/07/2020