Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԱՇՈՏ ՋՈՒՄՇՈՒԴԻ ԿԱՍՊԱՐՈՎ (ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1909թ. դեկտեմբերի 29-ին Քյուրաթաղ գյուղում (Հադրութի շրջան, Լեռնային Ղարաբաղ), բանվորի ընտանիքում։

Աշոտ Ջումշուդի Կասպարովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, Հեռավոր գործողության ավիացիայի (ՀԳԱ) օդաչու, մայոր։

1931-ից ծառայել է Խորհրդային բանակում։ 1934թ. ավարտել է Բաքվի հետևակային դպրոցը, իսկ 1935թ.՝ դիտորդ օդաչուների ռազմական դպրոցը (Օրենբուրգ)։ Դարձել է ավիացիայի մայոր։ Մարտնչել է 101-րդ ավիագնդում (1-ին ավիացիոն դիվիզիա, 7-րդ ավիացիոն կորպուս, ՀԳԱ)։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռմբակոծիչի շտուրման։ Աչքի է ընկել Բելոռուսիայի և Ուկրաինայի պարտիզանական ջոկատներին օդից պարենամթերք ու զինամթերք մատակարարելիս։

Կռվել է Կուրսկի աղեղում, Դնեպրի, Լվովի մոտ, Թիլզիտում, Քյոնիգսբերգում, Կալինինի, Ստալինգրադի, Լենինգրադի, Արևմտաբելոռուսական 1-ին, 2-րդ և 3-րդ ռազմաճակատներում։

Ռմբակոծիչի ղեկապետը 1942թ. հուլիսից դարձել է ինքնաթիռային օղակի շտուրման։ Հաջողությամբ ռմբակոծել է ֆաշիստական զորքերի՝ Դնեպր գետի անցատեղերը, ինչպես նաև Վյազմայի, Օրյոլի, Սմոլենսկի, Լվովի, Ռոսլավլի, Բրյանսկի, Վիտեբսկի, Մինսկի, Գոմելի երկաթուղային կայարաններում եւ կարևոր այլ պլացդարմներում թշնամական զորքերի ու տեխնիկայի կուտակումները։

Հեռավոր գործողության 101-րդ ավիագնդի (1944թ. 2-րդ կեսից՝ Հեռավոր գործողության 31-րդ գվարդիական Կրասնոսելսկյան կարմրադրոշ ավիագունդ) էսկադրիլիաներից մեկը, որի շտուրմանը եղել է մայոր Կասպարովը, քանիցս ռմբահարել է հենց թշնամու տարածքում եղած զինառազմավարական հանգույցները, զինուժի կուտակումներն ու արդյունաբերական կենտրոնները։ Նույն ինքնաթիռախումբը թռիչքներ է գործել դեպի Հելսինկի, Կոտկա, Թիլզիտ, Քյոնիգսբերգ, Ինստերբուրգ՝ իր ռմբակոծումներով նյութական ու տեխնիկական մեծ վնաս պատճառելով թշնամուն։ Կասպարովը 16 անգամ մասնակցել է Բեռլինի ռմբակոծմանը։

Մինսկի 1-ին պարտիզանական բրիգադը շտուրման Կասպարովին ընդգրկել է Պատվավոր պարտիզանների անվանացուցակում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի նրա անձնական հաշվում առկա է ավելի քան 300 (հիմնականում՝ գիշերային) մարտական թռիչք, այլ կերպ՝ 2650 թռիչքաժամ։ Ա. Զ. Կասպարովը թշնամու վրա գցել է 256 տոննա ռումբ՝ ոչնչացնելով բազմաթիվ հիտլերականների և մեծաթիվ զինտեխնիկա։

1944թ. նոյեմբերի 5-ին Աշոտ Զումշուդի Կասպարովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։

Պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի 2 (1942թ., 1944թ.), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1944թ.), Կարմիր աստղի (1944թ.) շքանշաններով, մեդալներով։

Ռազմաօդային ուժերում մայոր Կասպարովը ծառայել է մինչև 1946թ.։ Իր քաղաքացիական պարտքը կատարած՝ նա զորացրվել ու վերադարձել է հայրենի գյուղ։ Եղել է կոլտնտեսության, գյուղխորհրդի նախագահ, ավտոշարասյան պետ, կոմունալ տնտեսության վարիչ, մթերման շրջանային գրասենյակի տնօրեն։

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Պատմության էջերից


13/08/2020