ԺԻՐՈՆ
Հատված «Վրիժակ» անտիպ վեպից
Ռազմական ուղղաթիռը հարմար տեղ գտնելու համար պտտվեց վանքի շուրջն ու վայրէջք կատարեց Ամարաս գետի ափին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սարի ստորոտում։ Առաջին հայ կաթողիկոսը էդ սարալանջն էր բարձրացել, որ աղոթատան համար հարմար տեղ փնտրի, բայց բլրաշարերի շուրջպարով զմայլվել, դժվարացել էր ընտրություն կատարել։ Նա գիշերը աղոթքներով էր անցկացրել, ու այգաբացի հետ մի աստղ լուսե շիթի պես կաթել, վանքի տեղը ցույց էր տվել…
Շրջակա գյուղերի երկրապահները վաղուց զգոն հսկում էին Ամարասի հովիտը, Հայաստանից հետզհետե նորանոր ջոկատներ էլ էին հասնում, գետափին հանգրվանում։ Ակնունու դուրը չեկավ, որ իրենցից առաջ տեղակայվածները ո՛չ խանդակներ էին փորել, ո՛չ էլ ծածկապաշտպանվելու մասին մտածել. շոգ էր, հանվել, գետն էին լցվել։ «Բնօրրանն» իրեն հավատարիմ մնաց. տղաները չհանգստացած, աղվեսներին ու կրիաներին քնահարամ անելով, խրամատներ բացեցին, մինչև գոտկատեղը խորացրին։ Այդ ընթացքում տեղախույզները վերադարձան ու զեկուցեցին, որ հանդիպակաց դիրքերում առայժմ զորաշարժ չի նկատվում, թշնամին ոնց որ թե գրոհի չի նախապատրաստվում։ Հենց մութն ընկավ, բոլորն էլ հոգնած էին, փռվեցին արմատները հողի ընդերքը խրած, հազար արմատով հողից կառչած կաղնու տակ, ու ինչպես ջոկատի Չապլինն էր իր արևին զվարճախոսում՝ անբանությունից սկսեցին երկնքի աստղերը հաշվել։
-Տղե՛րք, կարգին չծանոթացանք էլ,- մխացող ծխուկի վրա թքեց, կիսաճտքի կրունկով տրորեց ջոկատի խոհարարը՝ գյումրեցի Առաքելը։
Նա շիլ էր: Ժաժքի ժամանակ իրենց շենքը փլուզվել, կնոջը, երեխաներին տակովն էր արել։ Մնացել էր անտուն ու անտեր։ Հազիվ երեք երկվայրկյան տևած պատուհասից փախել, հասել էր Երևան, Օպերայի հրապարակում ծանոթացել էր «Բնօրրանի» տղաներին, հետները եկել Արցախ։ Նախօրոք էլ զգուշացրել էր, որ ինքը կռվող չէ, բայց լավ խոհարար է։ Խոհարար էր եղել նաև հայրը, պապը Արփաչայի ձորում Ավետիք Իսահակյանի ու նրա հյուրերի (մեկը՝ Հովհաննես Թումանյանի, մյուսներին չէր ճանաչել) համար անձամբ կարմրախայտ էր խորովել։ Ուրիշ շատ նշանակալի իրադարձություններ էին տեղի ունեցել խոհարարների իրենց գերդաստանում, որ Շիլ Առաքելը հրադադարի պահերին, ցանցառ, անհավասար բուսնող մորուքը շոյելով, պատմում էր, ու տղաները հեշտությամբ հավատում էին, որովհետև համով էր պատմում։ Իր շարժական խոհանոցում համով էլ կերակուրներ էր պատրաստում։
Նորեկները հերթով, մի տեսակ քաշվելով ասում էին իրենց անունները, ոմանք՝ նույնիսկ ազգանունները։ Դեռ չգիտեին, որ խրամատավորվելու հաջորդ օրը, առաջին մարտը չսկսած, այդ անուն-ազգանունները մեկընդմիշտ մոռացվելու են ու իրենք, ըստ իրենց արտաքինի, դառնալու են Շեկո, Ճուտո, իսկ նրանք, ովքեր արտաքին առանձնահատկություն չունեին, նայած թե որտեղից էին եկել, կոչվելու էին Էջմիածնեցի, Սիսիանցի, Ապարանցի… Հայաստանում քիչ գյուղ ու քաղաք կա՞։
Ջոկատն ամբողջ օրը խանդակ էր փորել, հորանջում էր, Ակնունին ուզում էր քնելու հրաման տալ, կաղնու չերևացող կողմին հենված երիտասարդը գրավեց ուշադրությունը։ Նա ուղղաթիռ նստելու պահից էլ ընդհանուր զրույցին չէր խառնվում, ձայնն ընդհանրապես չէր լսվում։ Օպերայի հրապարակում «Բնօրրանի» կազմում ընդգրկվելիս իր մասին որոշակի ոչինչ չասաց, հրամանատարն էլ մանրամասներ ճշտելու հնարավորություն չունեցավ։ Շուրջը խճողում էր, համ էլ ընդգրկվելը դեռ ոչինչ չէր նշանակում։ Թաղամասերով գալիս էին, կամավորական գրվում, մեկնելու օրն անհետանում էին։
Հենց մի պահ լռություն իջավ, Ակնունին դիմեց նրան։
-Զինվո՛ր,- ասաց,- քո անունը չիմացանք։
Հրամանատարի զգուշավորությունը անհիմն չէր, տարիների ճակատային փորձ ուներ։ Երևանում շատ էին պատահում ջահելներ, որ հանցագործություն, անգամ ոճրագործություն էին կատարած լինում ու դատ-դատաստանից խուսափելու համար ուրիշ անունով ազատամարտիկ էին արձանագրվում, գալիս էին, Արցախում հետքները կորցնում։ Առաջին իսկ հնարավորության դեպքում էլ զոհվածի թղթեր էին հաջողացնում, ընդհանրապես չքվում։ Եթե պարզվեր, որ ամբողջ օրը մի բառ չասած նորեկը այդպիսի մեկն է, թեկուզ գիշերով, Ստեփանակերտ՝ ռազմական ոստիկանություն կզանգեր։ Թող գային, տանեին, ով լինելը ճշտեին։ Ջոկատում առանց այդ էլ այդպիսի մեկն ուներ, բայց նրան, եթե ռազմական ոստիկանների մի ստորաբաժին էլ գար, չէր հանձնի: Լավ կռվող էր:
Նորեկն իր կիսամութ անկյունում՝ կաղնու սաղարթներում մնալով, միաժամանակ, ըստ զինվորական կանոնակարգի ձգվելով, զեկուցեց.
– Անունս Վարդան է, պարո՛ն հրամանատար։
Հնչերանգն էլ էր խորթ։ Օտարոտի։
– Որտեղացի՞ ես, Վարդա՛ն։
– Իջևանցի։
– Իջևանի ո՞ր գյուղից։
Նորեկը մի պահ մտմտաց, հետո կարծես հիշեց.
– Աչաջրից։
Սաքոն մինչ այդ կեսքուն-կեսարթուն էր լսում իր համար սովորական հարցուպատասխանը։ Վերջին խոսքի վրա վեր թռավ, պինդ բռնեց նորեկի օձիքը.
– Արա՛, խի՞ ես խաբում, աչաջրցին ես եմ, դու ումոնցի՞ց ես, որ քեզ չեմ ճանաչում։
Նորեկը դեպի խավարը շրջվեց, ասես թփուտներից կասկածելի ձայն գրավեց ուշադրությունը։ Հայրենասեր Հայկը Ճուտոյի ետևից մոտեցավ նորեկին, հենց առաջին օրը սուտ խոսելու համար ուզում էր երևի խփի, դեմքը մոտեցրեց շեկ, գանգուր մազերին, շեկ, գանգուր մորուքին, ապշեց.
– Լսի՛, դու ԱՍԱԼԱ-ի Ժիրոն չե՞ս։
Նորեկի հայացքը թփուտներից կաղնու վերին սաղարթները հասավ, ու բոլորը տեսան, որ հոնքերն ու թարթիչներն էլ են մի տեսակ խուճուճ, մթան մեջ շեկին են տալիս։ Հեչ հայի նման չէր։
– Ի՞նչ ԱՍԱԼԱ, ի՞նչ Ժիրայր,- նա այնպես արտաբերեց այդ բառերը, կարծես իմաստ չունեին, եթե անգամ ունեին, ինքը չգիտեր։
Հայրենասեր Հայկը կատաղեց. երևի իր վրա վստահ էր։
– Ձե՞ռ ես առնում, դեսպանատան առաջ ես եմ մեծացրած նկարդ պահել, ամառվա շոգին քեզ համար ցույց ենք արել, ազատ արձակվելդ ենք պահանջել։
Նորեկն ընկրկեց։
– Պահել ես, լավ ես արել, ինչի՞ ես երեսով տալիս։
Տղաները հոգնությունը մոռացան, աշխուժացան։
-Ապե՛ր, քեզ ինչի՞ էին նստացրել։
Նորեկը լուռ էր։ Հայկը նրա համար ցույց էր արել, նրա փոխարեն պատասխանում էր.
-Էդ է՞լ չեք իմացել, Թուրքիայի ռազմական նախարարին էր խփել։
-Ինչի՞։
Ժիրայրը խոնավ հազաց։ Երևի վիրավորվեց.
-Շվեյցարացի դատավորն էլ ինձ ճիշտ նույն հարցը տվեց։
-Դու ի՞նչ ասացիր։
-Ասացի՝ չգիտեմ։
-Ո՜նց թե չգիտես։
-Չգիտեմ էլի։ Պապիս լեզուն կտրել էին, խոսել չէր կարողանում, որ պատմեր, ես էլ իմանայի։
-Թուրքե՞րն էին կտրել։
-Չէ՛, Ալյասկայի ալեութները։ Բռնագաղթին մեր գերդաստանին Խարբերդից տարել էին Ծովքի ափը, յաթաղանները հանել։ «Առաջ ի՛նձ սպանեք, աչքերս փորեք, որ չտեսնեմ թե հորս, մորս, քույրերիս ու եղբայրներիս ի՛նչ եք անելու»,- երեխա-երեխա թախանձել էր պապս։ «Ո՛չ,- վճռել էր հրոսակապետը,- քո այդ խոսքերի համար ես հիմա լեզուդ կկտրեմ, որ ամբողջ կյանքում տեսածներդ չմոռանաս, բայց և պատմել չկարողանաս»։
Լեզուն կտրելուց հետո նրան կապել էին ծառին, ժամերով բերանից արյուն էր ծորացել, ժամերով աչքի առաջ ամբողջ գերդաստանին… Ասացի էլի, խոսել չէր կարողանում, որ իմանամ՝ ինչ են արել։ Համ էլ, ինչի՞ եք ինձ հարցնում, դուք չգիտե՞ք…
– Էդ բոլորը դատավորի՛ն,- հայաստանցի կամավորականները պառկած տեղներից ելել, խելք էին սովորեցնում արդարամարտիկին,- դատավորի՛ն պիտի պատմեիր, որ ցմահ բանտարկության վճիռ չտար։
-Պատմել եմ, չէր ուզում տար։ Դատին ներկա էին ռազմական նախարարի կինն ու որդին։ Որդին, ինչպես պապս ջարդի ժամանակ, երեխա տղա էր։ Երևի նույն տարիքին կլիներ։ Նիստի վերջում դատավորն ասաց. «Այս կնոջից ու տղայից, որոնց դժբախտացրել ես, ներողությո՛ւն խնդրիր, համոզվեմ, որ զղջում ես, մեղմ վճիռ կայացնեմ»։ «Թող դահլիճում ներկա թուրքերը ներողություն խնդրեն մեկ ու կես միլիոնի համար, ես իմ սպանած մի հոգու համար կխնդրեմ»,- ասացի։ Ո՛չ նրանք խնդրեցին, ո՛չ՝ ես, ու ցմահ բանտարկության դատապարտվեցի։
– Բա ո՞նց ես բանտից փախել, Շվեյցարիայից Հայաստան հասել։
Ժիրայրը մթան մեջ Ակնունու հայացքը որոնեց։ Գտավ։
-Պարո՛ն հրամանատար, թույլ տվեք էլ ոչ մի հարցի չպատասխանեմ։
-Նորեկին հանգի՛ստ թողեք,- սաստեց Ակնունին…
Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Հոգևոր-մշակութային