«ԿՏԵՍՆԻ՞Ս, ԹԵ ԻՆՉ ՍԻՐՈՒՆ ԶԻՆՎՈՐ ԵՄ»
Նվիրվում է Քառօրյա պատերազմի հերոս Գեւորգ Վարդանյանին
Գևորգը՝ Շահանե և Գագիկ Վարդանյանների որդին, ծնվել է 1996թ. օգոստոսի 19-ին, Գյումրիում: Արցախ թաղամասի Մատնիշյան փողոցի թիվ 230 տանը Գևորգն ապրեց ընդամենը 6 տարի: Փոքրիկ քույրն էլ՝ Կարինեն, 5 տարեկան էր, երբ ընտանիքը բնակություն հաստատեց ՌԴ Ալթայի երկրամասում: Դասարանում միակ այլազգին էր: Աշխատասիրությամբ, խելքով, բարությամբ նվաճեց համադասարանցիների, ուսուցիչների սերը: Տիրապետեց մարտարվեստի, սովորեց լավ կրակել: Ռուսերեն տառերով, հայերեն բառերով գրի առավ «Տերունական աղոթքը, անգիր արեց…
…Ռուսաստանում, որքան էլ բարենպաստ էին պայմանները, նրա սիրտն արմատներ չգցեց: Օտարի սեր և ջերմություն ստացավ, գնահատվեց, բայց սրտով ու հոգով չմերվեց օտարությանը: Հրաշալի տիրապետեց ռուսաց լեզվին, բայց երբ դպրոցում շարադրություն հանձնարարեցին, Գևորգը գրեց Արցախի մասին, որտեղ երբեք չէր եղել ու նշեց, որ անպայման ծառայելու է հայրենի հողում: Ընդունվեց քոլեջ, բայց չավարտեց, որովհետև լրանում էր տասնութ տարին…
Սիրող սրտերի բաժանումը ծանր է, դաժան, հանդիպման հույսն ու հավատը՝ սպասված, մեծ, կարոտակեզ: Դպրոցում նույն նստարանին էին նստում Քրիստինան ու Գևորգը …Բաժանվեց հայրենիքի կանչով, խոստացավ վերադառնալ: Ժամանակը հոսում է: Քրիստինան իմացել է կատարվածը, բայց չի հավատում, սպասում է… Հաճախ է զանգում տիկին Շահանեին, զրուցում, արտասվում, հիշում, կարոտում ու հավատում է՝ Գևորգը կա՛… Գևորգը դասարանի շունչն էր, հոգին, համախմբողն ու ուրախացնողը: Երբ Վարդանյան ամուսինները վերջին անգամ գնացին Ալթայ, Գևորգի դասարանցիներն այցի եկան: Գևորգից հետո ծանր հանդիպում էր ոչ մայն Քրիստինայի, այլև բոլորի համար: «Նեղ վիճակում էի: Գումար էր պետք, դիմեցի շատերին, ոչ ոք չօգնեց: Միայն Գևորգը հայտնեց իր պատրաստակամությունն ու աջակցեց: Դժվարին պահերին կանգնում էր կողքիս, և ոչ միայն իմ, մեր բոլորի»,- արցունքները մի կերպ թաքցնելով՝ պատմում էր համադասարանցի Վովան:
Գևորգի երակներում մշեցու հպարտ արյուն էր հոսում: Միշտ համացանցով տեղեկանում էր հայրենիքի ներկայի ու անցյալի մասին:
Աշխարհի կենտրոնը՝ հայրենի Գյումրին, շատ խորն էր արմատավորված Գևորգի ներաշխարհում: Անդիմադրելի ձգողականությամբ այն կանչում էր: Պետք է վերադառնար, պետք է ձուլվեր հայրենիքի լույսին… Ծննդյան տարեդարձից երեք օր առաջ արդեն Գյումրիում էր: Այդ օրերին մորեղբայրը՝ Տիգրանը, նոր էր զորացրվել: Գևորգը հագավ քեռու զինվորական համազգեստը:
«Մա՛մ, ասի՝ հագնեմ, տեսնեմ՝ կսազի՞: Կտեսնի՞ս, թե ինչ սիրուն զինվոր եմ»:
Լուսանկարվեց մայրիկին փարված: Սա միակ լուսանկարն է մոր հետ՝ զինվորական համազգեստով: Հորեղբոր որդու՝ Հովիկի հետ ներկայացավ զինկոմիսարիատ: Հաշվառման մեջ բացակայում էր անունը. հարթաթաթություն ուներ, ձեռնամարտի ժամանակ երկու թևերը կոտրվել էին, թեք կպել: Խնդրեց, համառեց, պնդեց. «Գնալո՜ւ եմ Արցախ»:
…Ամեն ինչ լավ էր: Լեզուն էր խանգարում: Գյումրիի բարբառը, գրական հայերենը խառնվում ու խառնաշփոթ էին առաջացնում ռուսերենի հետ: Ստիպված ռուսերեն էր խոսում, դրա համար էլ զինակից ընկերները նրան Ռուսկի Գևորգ էին ասում: Սերժանտի կոչումից հրաժարվեց հենց այդ պատճառով, որովհետև գրագրությունը հայերենով պետք է արվեր: Մի օր շատ ուրախ տրամադրությամբ զանգեց մայրիկին, հայերեն նոր բառ էր սովորել. «Մա՛ ջան, գիտե՞ս՝ ինչ եմ պատրաստում. երշիկով ձվածեղ»:
Առաջին անգամ «կալբասի» փոխարեն՝ երշի՜կ, և այս մեկ բառն այնպես էր ոգևորել…
Պահ կա, որ ամբողջ կյանք արժե, կյանք կա, որ ոչ մի պահ չարժե:
Գևորգ Վարդանյանն իր ապրած մեկ պահն իմաստավորեց, անմահացա՜վ…
«Զգույշ կլինես, Գևո՛րգ ջան, տե՛ս, բան չպատահի»,-միշտ անհանգստանում էր տիկին Շահանեն:
«Ըդպես էլ կա, մա՛ ջան, ես ողջ-առողջ կգամ»,-ռուսական առոգանությամբ պատասխանում էր տղան:
Վեց ամիս Մատաղիսում ծառայեց, հետո տեղափոխվեց Թալիշի N զորամասի մոտոհրաձգային վաշտ, որի հրամանատարն էր բոլորիս լավ ծանոթ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը: Զարմանալի չէր Հրաչ Գալստյանի և Գևորգ Վարդանյանի առանձնահատուկ մտերմությունը: Երկուսն էլ Գյումրիում են ծնվել: Գևորգն անմիջապես կապվեց զինակիցների սերն ու հարգանքը վայելող հրամանատարի հետ: Գյումրիից երկար տարիների բացակայության կարոտը Հրաչից էր փորձում ստանալ, հոգու ծարավը հագեցնում էր չափից ավելի հարազատացած հրամանատարով, նրանից մարտական հմտություններ էր սովորում և ոչ մի քայլ կողքից չէր հեռանում: 2015թ. սեպտեմբերին, թշնամու հերթական դիվերսիայի ժամանակ, գնդակոծության տարափի տակ, Գևորգ Վարդանյանն անտեսելով վտանգը, վիրավոր ընկերոջը՝ Արսենին, դուրս է բերում կրակի տակից, վիրակապում, հասցնում է բուժկետ՝ փրկելով նրա կյանքը: Սխրանքի համար շնորհակալագիր և արձակուրդ է ստանում: Նույն օրն իսկ գնում է հիվանդանոց՝ Արսենին այցելության: Տեղը չէր գտնում. «Տեսնես՝ հիմա ի՞նչ է կատարվում դիրքերում»:
«Կարոտել եմ դիրքերը, ուզում եմ շուտ վերադառնալ»,-ասաց բարձրաձայն:
Հինգ օրվա փոխարեն երեք օր մնաց տանը: Օր առաջ ուզում էր միանալ ընկերներին: Թալիշի դիրքերն ու սահմաններն իսկական պաշտպանների կարիք ունեին: Նույն վաշտում ծառայող երկու գյումրեցիներ միասին մարտնչեցին, միասին խիզախեցին, միասին հերոսացան…
Քառօրյա պատերազմի առաջին ժամերն ահավոր էին… Թշնամու լայնածավալ, դավադիր հարձակման ժամանակ մեր տղաներն աննախադեպ խիզախություն, մարտ վարելու հմտություն ցուցաբերեցին: Բայց ազերիները գրոհի էին նետել ռազմատեխնիկայի բոլոր տեսակները և մինչև ատամները զինված, հատուկ պատրաստություն անցած բազմաքանակ վարձկանների: Գիշերային ներխուժումն սկսվել էր:
Պատերազմի արհավիրքը վառոդաբույր չար կրակի տարափով հրեշի նման պատրաստ էր լափելու, ոչնչացնելու ամեն ինչ ու ամենքին: Մեր դիրքապահները մինչև լուսաբաց մարտնչեցին անձնվեր և խիզախաբար:
Թալիշն ազատագրվեց, վերագրավվեցին մեր դիրքերը: Հրաչ Գալստյանին և իր վաշտի տղաներին վիճակված էր ևս մեկ մարտ մղել. անհրաժեշտ էր ազերիներից մաքրել կարևոր նշանակության մի բարձունք ևս:
Ապրիլի երեքին տիկին Շահանեն վերջին անգամ խոսեց Գևորգի հետ: «Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է»…
Հետո խնդրել էր քեռի Տիգրանին. «Դո՛ւ խոսիր մայրիկի հետ, հանգստացրու, քեզ կհավատա»…
Ազերիները կրկին գրոհում էին: Հրետակոծության տարափը չէր դադարում: Թշնամուն ջախջախելու, մեր սահմաններից դուրս քշելու վճռականությամբ՝ Հրաչ Գալստյանը դիրքավորեց տղաներին, ինքը դուրս եկավ բաց տարածք: Գևորգը հետևեց հրամանատարին, չթողեց մենակ: Նրանք խոցեցին գետնատնակին մոտեցող տանկը, փրկեցին իրենց ընկերների կյանքը, բայց… մյուս տանկի կրակոցից մնացին մարտադաշտում:
Թեժ պայքար մղվեց բարձունքի համար: Զինակից ընկերները հնարավորն ու անհնարինն արեցին, կրակոցների չդադարող տարափի տակից կարողացան դուրս բերել արդեն իսկ հավերժի ուղին բռնած Հրաչ Գալստյանին, Գևորգ Վարդանյանին, Հենրիկ Ղահրամանյանին…
Հետմահու ՀՀ «Արիության» և ԱՀ «Մարտական ծառայության» մեդալներով պարգևատրված Գևորգը քսանը դեռ չէր բոլորել… Նա որոշել էր նորոգել հայրական տունն ու այնտեղ բնակվել: Բայց Մատնիշյան փողոցի թիվ 230 տան պատին հուշատախտակ ամրացվեց, բակում հուշաղբյուր կառուցվեց: Այդ ամենն արվեց Գյումրիի քարի արտադրամասի տնօրենի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ:
Հուշատախտակի նկարից Գևորգը ժպտում է՝ շուրջը լույս սփռելով…
ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ք. Գյումրի
Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Ճակատագրեր