Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԴիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար:

-Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում, -նշեց Դավիթ Տոնոյանը:

Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց.

-Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԲոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը:

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸԲոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

Խորագիր՝ Նորություններ


03/09/2020