Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԶԵՆՔ



ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԶԵՆՔԵրբ անտառը մթնում է, գյուղում լույսեր են վառվում, ասես՝ երկնքից աստղեր են թափվում ձորի մեջ:

-Իսկական դրախտ է,- ասում եմ: Ամենուր կանաչ է, ծառ ու ծաղիկ: Այս տարի բերքը առատ է, տնամերձ այգիներում ծառերը լիուլի պտղած են:

-Դրախտում եք ապրում,- կրկնում եմ: Ջոնիկը նայում է այնպիսի հայացքով, որն ինձ թերահավատ է թվում:

-Անտառում լիքը խնձոր կա, տանձ, մոշ, մորի, հոն, թուզ, պոպոք…Աստված տվել, չի խնայել,- պնդում եմ ես: Ջոնիկը ժպտում է .

-Բա որ դրախտ է, ինչո՞ւ ես թողել էս դրախտը, գնացել, մայրաքաղաքում ես ապրում: Հրեն, պապիդ երկհարկանի տունը՝ ազատ, արի, ապրի էս դրախտում, էլի: Ո՞վ է խանգարում:

-Բա իմ աշխատա՞նքը: Այստեղ ի՞նչ պիտի աշխատեմ:

-Խոզ կպահես, կով կկթես, կգնաս անտառի բարիքները կքաղես, կտանես քաղաք, կվաճառես…

-Պա՜հ,- ես ավելի հարմար բան չեմ գտնում ասելու:

-Ինչը՝ պա՜հ, իմ կնոջից ինչո՞վ ես ավելի:

Մի քիչ վիրավորվում եմ:

-Ես որ գամ գյուղ, դպրոցի տնօրեն կաշխատեմ: Պապս՝ Վասիլ Ղուշչյանը, ձեր դպրոցի տնօրենն է եղել, ավանդույթները կշարունակվեն,- փափուկ հասկացնում եմ, որ մենք մտավորականների ցեղ ենք՝ ի՞նչ խոզ, ի՞նչ կով…

-Դպրոցի տնօրեն էլ ունենք, ուսուցիչներ էլ, որ 16-17 աշակերտի համար մի բան էլ շատ են ու քիչ չեն:

-Ես էլ գյուղապետ կաշխատեմ,- արդեն բռնել եմ հանգը ու տրվել եմ խաղին:

-Բա մեր գյուղապետին ի՞նչ անենք: Տեղից վեր կացողը գյուղապետ է ուզում դառնալ: Մեր գյուղում խոզ ու կով պահելուց, հող մշակելուց բացի ուրիշ աշխատանք չկա:

-Համ էլ ես Երևանում եմ ծնվել, իմ նախնիներն են ձեր գյուղացի:

-Թող ձերոնք էս դրախտում մնային՝ դպրոցի տնօրեն պապիդ երեխաները:

-Ո՞վ մնար, իրավաբան ու տնտեսագետ քեռիներս մնային, խոզ պահեի՞ն…

-Մեր երեխաներն էլ խոզ ու կով պահելու ինստիտուտ չեն ավարտել. իմ տղան քո քեռու պես տնտեսագետ է, մյուսի տղան դիվանագետ է, երրորդինը՝ հոգեբույժ…Ի՞նչ անի, գա-նստի գյուղում, սպասի, թե ով է մի օր գժվելու, որ բուժի՞…

Ես ծիծաղում եմ բարձրաձայն, Ջոնիկն էլ է ծիծաղում:

-Համ էլ իմ մայրաքաղաքաբնակ քեռին էս երեք ամիս է՝ գյուղում է կնոջ հետ: Մեր տան լույսը վառվում է,- պարծենում եմ:

-Որ կորոնավիրուսը զոռեց, դու էլ ես գալու: Գալու եք: Ձեր տան լույսը չէ, կարող է՝ ուրիշի տան լույսերն էլ վառեք:

…Երկինքն այնքան մոտ է: Թվում է՝ ձեռքդ բարձրացնես, կհպվես աստղերին: Թվում է՝ աստղերը միացել-դարձել են մեծ, լուսավոր Խաչ ու շողշողում են բարձունքի վրա. Ջոնիկի նվերն է համագյուղացիներին: Մի մատուռ էլ սարում է կառուցել:

-Տիրոջ Աջն ու Խաչը մեզ պահապան:

Ծոտը (թռչուն) կանչում էր անտառից: Երբ ես փոքր էի, մերոնք ասում էին՝ ծոտը կորած եղբորն է փնտրում: Այնքան տխուր է կանչում. եղբայրը գնացել է ջրի ու չի վերադարձել…

-Երկինքը թանաքագույն է,- ասում եմ ես,- ոչ մի տեղ թանաքագույն երկինք չեմ տեսել:

Ջոնիկը չի արձագանքում: Փայտի կտորով քարերն աջուձախ է հրում մտազբաղ: Պիտի խարույկ վառի:

-Նկարիչ լինեի…

-Գիտես՝ ինչ հիշեցի,- Ջոնիկը չի թողնում շարունակեմ միտքս,- «Ալպիական մանուշակը»:

-Բակունցի՞…

-Հա, էն, որ մի նկարիչ եկավ, քեզ նման հիացավ, ասաց՝ դրախտ է ու… գնաց, իսկ ժողովուրդը մնաց իր ցավի հետ:

Հանկարծ ինչ-որ գմփոց է լսվում…

-Կրակեցի՞ն,-հարցնում եմ տագնապած:

-Չէ՛, չկրակեցին,- հանգստացնում է Ջոնիկը,- բայց, կարող է և կրակեն: Ադրբեջանցիները հրեն 2 կիլոմետրի վրա են, իսկ մոտակա հայկական գյուղը հասնելու համար 10-11 կիլոմետր ճանապարհ պիտի կտրես:

-Կոթի՞..

-Հա՛, Կոթի: Երեք ադրբեջանական գյուղերով շրջապատված ենք…

-Բայց դիրքային առավելություն ունենք, չէ՞,- ես ցույց եմ տալիս ռազմական գիտելիքներս:

-Իրենք մի դիրք ունեն, որտեղից Բարեկամավանը երևում է՝ ասես ափիդ մեջ: Նշանառության տակ ապրում ենք համարյա 30 տարի…

Մեր գյուղը երեք հազար տարվա պատմություն ունի: Ու մենք էդ պատմությունը կիսատ չենք թողնի: Երեք չէ, տասը ադրբեջանական գյուղ թող կանգնի մեր դեմ, մենք չենք փախչի, մեզ ուրիշ բան է խեղճացնում՝ երիտասարդների հեռանալը… Տղաս մի քանի օր առաջ է եկել բանակից, Հադրութում ծառայեց: Տնտեսագիտականի առաջին կուրսն ավարտեց, գնաց բանակ: Սեպտեմբերից կշարունակի ուսումը Երևանում: Որ մայրաքաղաքային կյանքը տեսնի, իր մասնագիտությամբ  աշխատանք գտնի ու մի երևանցի աղջկա էլ սիրի, կգա՞ Բարեկամավանում խոզ պահելու…

-Դու էլ բարձրագույն կրթություն ունես, աշխարհեաշխարհ պտտվեցիր, բայց հետ եկար,- ես կառչում եմ հույսին, որ թելի բարակություն ունի:

-Ես Լեհաստանում եմ ծառայել: Արդեն թղթերս պատրաստ էին, ինձ լավ գործ էին առաջարկում Լեհաստանում, բայց հանկարծ որոշումս փոխեցի: Հասկացա, որ արմատից կտրված ծառի նման եմ, շունչս կիսատ է, ու իմ գյուղն եմ ուզում…Բայց էն ժամանակ ապրուստ կար, աշխատանք կար գյուղում: Բարեկամավանը մեծ շեն էր, դպրոց ու մանկապարտեզ ուներ: Մշակույթի տուն ուներ:

Երևանի մասին ով էր մտածում: Երևանցիք իրենք էին գալիս մեզ համար համերգ ու թատրոն տալու… Կինո ունեինք: Ջահելները սիրուն հագնվում, գնում էին կինո… աղջիկ տեսնելու:

-Էն ժամանակ ես Կողբից հարս եկա Բարեկամավան,- ասում է Քրիստինեն՝ Ջոնիկի կինը, որ մեր զրույցի ժամանակ մրգեր էր շարում բանկաների մեջ ու քաղցրաջուրը լցնում վրան:

-Հերոսություն ես արել…

-Չէ՛, իմ ասածն էլ էդ է, որ հերոսություն չէր. Բարեկամավանը Կողբից չէր տարբերվում: Որ հիմիկվա պես լիներ, հո չէի գա: Տե՛ս, առավոտից իրիկուն աշխատում ենք՝ հանդում, հողամասում, արտում… Էլ չեմ ասում, որ հողերի մեծ մասը ադրբեջանցիների նշանառության տակ է, կարգին հող էլ չունենք, քարից պիտի հաց քամենք: Բայց մի մանկապարտեզ չկա, որ ջահել ընտանիքները իրենց երեխաներին պահ տան, գնան ապրուստ հայթայթելու: Իմ տղան ու աղջիկը փոքրուց մեզ հետ աշխատել են: Տղաս դպրոցից եկել, դասերը սովորելու փոխարեն հորն է օգնել, երեկոյան նոր մտել է տուն, իսկ դասերը գիշերն է սովորել: Աղջիկս գյուղում է ամուսնացել, բայց երևի կգնան գյուղից, էլ հնար չկա: Գյուղում պիտի աշխատես, որ ապրուստ ունենաս: Ասա՝ երեխային ո՞վ պահի, որ աղջիկս աշխատի:

-Ֆուտբոլին  կարոտ մնացի,- ասում է Մանվելը՝ Ջոնիկի որդին: Սիրուն, նուրբ տղա է, մի քանի օր առաջ է զորացրվել, առաջնագծում հայրենիք էր պաշտպանում: -Իմ մանկության ամենամեծ բացն էն էր, որ հասակակից տղաների հետ խաղալու կարոտ մնացի: Էնքան տղա չկար, որ ֆուտբոլ խաղայինք. երեք հոգով ֆուտբոլ խաղալ կլինի՞:

Ես ծիծաղում եմ.

-Բողոքելու բան ես գտել: Դու կրակոցներից խոսիր: Ասա՝ ժամանցի հնարավորություն չկա, ասա՝ աշխատանք չկա, թե չէ՝ ֆուտբոլ…

-Մանկություն չունեցա…

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԶԵՆՔԱյնքան տխուր է ասում, որ ես մեկեն լրջանում եմ:

– Իմ ապագա երեխաները պիտի մանկություն ունենան…

-Գնալո՞ւ ես գյուղից:

Մանվելը թափահարում է գլուխը:

-Եթե աշխատանք լինի, մարդիկ ոչ միայն կմնան գյուղում, այլև գնացածներն էլ հետ կգան: Հայրենիքն սկսվում է սահմանից ՝ մեզ սովորեցնում էին բանակում: Սա էլ է սահման, էլի, ինչ տարբերություն: Բանակում մեզ շատ լավ սնունդ էին տալիս, լավ հագցնում էին, կենցաղային բոլոր պայմանները ապահովում էին, բժիշկը՝ կողքդ….Բա, սա էլ է բանակ, սահմանապահ գյուղի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է, յուրաքանչյուր տուն դիրք է… Ես չեմ ասում՝ բանակի նման մեզ ձրի հաց տվեք, ընդամենը աշխատանք եմ ուզում: Մենք աշխատող ժողովուրդ ենք: Ես Երևանում էլ էի աշխատում: Համակուրսեցիներս դասերից հետո սրճարաններում նստած էին, ես դռների պատրաստման արտադրամասում բանում էի մինչև ուշ գիշեր, որ ծնողներիս մի քիչ ազատեմ հոգսից:

Օրինակ՝ ինչո՞ւ են զինվորի համազգեստը Երևանում կարում: Երևանում քիչ գործ կա՞… Թող արտադրամաս բացեն մեր գյուղում, մի բան էլ ավելի վճարեն: Էնքան վճարեն, որ կողքի գյուղերի կանայք էլ գան, կարեն, թող փոխադրամիջոց տրամադրեն, որ էդ կանանց կողքի գյուղերից ամեն առավոտ բերի Բարեկամավան՝ աշխատանքի ու երեկոյան հետ տանի իրենց տուն: Մեկ էլ կտեսնես՝ գյուղը լցվեց: Կտեսնես՝ փողոցներում երեխաներ են վազվզում, ֆուտբոլ են խաղում թիմով…

Երևանում համերգ ու թատրոն են տալիս, ասում են՝ մտավորական ենք, արվեստագետ ենք, հայրենասեր ենք: Ձևի համար մի անգամ էլ զորամաս են մտնում, մեդալը կպցնում դոշներից: Եկեք, էս սահմանապահ գյուղում՝ ադրբեջանցիների նշանառության տակ ապրող մարդկանց համար համերգ ու թատրոն տվեք: Երեխա կա՝ բանակ գնալիս է առաջին անգամ գյուղից դուրս գալիս: Շատ չեմ ասում՝ տարին չորս անգամ եկեք ելույթ ունեցեք բարեկամավանցիների համար, թող գյուղում տոն լինի: Հայրս ասում է, որ իր երիտասարդության տարիներին ոչ միայն Երևանից էին գալիս համերգի, այլ գյուղն էլ իր խումբն ուներ՝ երաժշտական գործիքներով…

Խարույկը թեժանում է: Կրակե լեզվակները թրթռում են մթնած պատերին: Քրիստինեն բանկաները հատ-հատ իջեցնում է եռացող ջրի մեջ:

…Հանկարծ անցյալի հեռվից արթնանում է ծանոթ պատկերը:

-Թումանյանի  «Հառաչանքը»  հիշեցի,- ասում եմ:

Չորսս էլ ծիծաղում ենք:

-Մի չափազանցրու,- ասում է Ջոնիկը: Հետո նայում է քննախույզ: Ես ընկճված եմ: Ուզում եմ ցույց չտալ..

-Լավ է լինելու,- ասում է՝ ձայնին հույս ու հրճվանք խառնած:- Ինչերի՜ միջով ենք անցել. նույնիսկ գրադով են խփել մի քանի անգամ: Բայց գյուղում էլի լույսեր են վառվում: Ու շատանալու են:

Դպրոցում շատ լավ ուսուցիչներ ունենք: Ձեր Երևաններում լրացուցիչ պարապում եք, որ բուհ ընդունվեք, մեր դպրոցի ուսուցիչները էնքան լավ են դասավանդում, որ մեր երեխաները դպրոցի տված գիտելիքներով բուհ են ընդունվում:… Լավ է լինելու: Մեր գյուղի համար ամեն ինչ էլ անելու ենք:

Փոխանակ ես մխիթարեմ, ինքն է ինձ ոգևորում: Մանվելը եռանդով թափահարում է գլուխը.

-Հա, բա ի՞նչ: Որ ոչ մեկը չանի, մի օր բանակը կանի: Բանակը զինվորի թիկունքը բաց չի թողնի: Մեր նախարարը սահմանամերձ գյուղերը կհայտարարի դիրքեր ու կզինի…

-Զենքն ի՞նչ ես անում, բանակը սահմանին է, էլի,- զարմանում եմ ես:

-Աշխատանքով կզինի, ապրուստով կզինի, ժամանցով ու նման բաներով: Գյուղին ուրախություն կնվիրի: Ուրախությունն էլ է զենք:

-Բանակը քեզ ի՞նչ տվեց,- հարցը զրույցի սկզբից պտտվում էր գլխիս մեջ: Մանվելը մի պահ լռում է ու ասում.

-Ընկերներ…

-Լույսը բացվի, քեզ մանուշակներ ցույց կտամ,- ասում է Ջոնիկը:

-Ալպիակա՞ն – հարցնում եմ ես:

…Մեր ծիծաղը զրնգում է ձորում, միանում է ծոտի կանչին, այրվող փայտերի ճարճատյունին, բզեզների միալար բզզոցին…Սահմանապահ գյուղի գիշերային մեղեդուն…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/09/2020