Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆ Է»



«ԶԻՆՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆ Է»«Կոմիտասը արվեստի բարձր կատարելությամբ ժողովրդին վերադարձրեց ժողովրդի շուրթերից հնչող երգերը: Նա հայ ժողովրդական երգը բարձրացրեց դասական արվեստի մակարդակի…Կոմիտասն անմահ է և սերունդների սրտում միշտ կենդանի կմնա , միշտ կհնչի նրա երաժշտությունը: Մենք՝ երաժիշտներս, շատ բան ունենք սովորելու Կոմիտասից, որի ստեղծագործական ժառանգությունը, կոմիտասյան արվեստի անգնահատելի գանձերը  կօգտագործենք հայ երաժշտության զարգացման համար»:

 

Հարո Ստեփանյան, կոմպոզիտոր

 

Մեծն Կոմիտասը կորստից փրկեց մեր  մշակութային հզոր ժառանգությունը՝ բանալով հայ երաժշտությունը զարգացնելու ճշմարիտ ճանապարհը: Կոմիտասը հայ երգը հասցրեց Եվրոպա և  քաղաքակիրթ աշխարհին ցույց տվեց, որ Հայն ունի իր ուրույն երաժշտությունը: Սակայն այն պահել-պահպանելու առաքելությունը այժմ մե՛րն է: Թերևս այս գաղափարով   են առաջնորդվում մերօրյա տաղանդաշատ արվեստագետները, ովքեր միջազգային բեմերում մեծ նվաճումների հասնելով՝ չեն մոռանում ազգային  ակունքները: Նրանք ամենուր հնչեցնում են հայ երաժշտության գանձերը… 

 Ջութակահար Ռուբեն Կոսեմյանի անունը հայտնի է Ռուսաստանում, Վրաստանում, Եվրոպայում և աշխարհի բազում այլ երկրներում: Նա հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ՝ Կանադայում և այլուր: Արվեստագետն աշխարհի բոլոր բեմերում մատուցում  է հայ մշակույթի գոհարները:

…Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ուղին սկսել է ինը տարեկանից՝ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր բեմերում: Չորս տարեկանից երաժշտության առաջին դասերն առել է հորից՝  ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմայստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանից. նա եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահարը (1990 թվականից):

Ալեքսանդր Կոսեմյանն իր  ավանդն է բերել միջնադարյան հայ հոգևոր երաժշտությունը վեր հանելու նվիրական գործում: Նրա ձայնագրությունները պահպանվում են Հայաստանի հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում: Դրանք Խորենացու և Նարեկացու շարականների իր սեփական փոխադրություններն են: 

Ռուբեն Կոսեմյանը հորից ստացել է նաև մեր ազգային մշակույթը գնահատելու առաջին դասերը: Դրա վկայությունն են հայ մշակույթը պահպանելու և աշխարհով մեկ տարածելու նպատակին ուղղված իր ջանքերը: Հեղինակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որտեղ, ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, միջազգային ունկնդրին են ներկայացվում հայ մշակույթի անգին մարգարիտները…

Ռուբեն Կոսեմյանի՝ 2018 թ. նոյեմբերին լույս տեսած ձայնասկավառակն ընդգրկում է Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ջութակի համար գրված ստեղծագործությունները:

Իսկ 2020 թ. Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ Ռուբեն Կոսեմյանի նոր՝ ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որում տեղ են գտել Կոմիտասի, Ֆ. Լիստի, Պ. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանետա Մուզիկի» հրատարակչություն)։

Ռուբեն Կոսեմյանը երբեք կապը չի խզում Հայաստանի հետ: Այս օրերին էլ հայրենիքում է: Եվ մենք բացառիկ առիթ ունենք զրուցելու նրա հետ՝ ձայնասկավառակների և հայ մշակույթը պահպանելու գաղափարների շուրջ:

 

-Կոմիտասի հատկապես ո՞ր ստեղծագործություններն են տեղ գտել ձայնասկավառակում,- հարցնում եմ արվեստագետին:

-Ժողովածուների մեջ ընդգրկվել են կոմիտասյան հինգ ստեղծագործություններ և Առնո Բաբաջանյանի պիեսներից մեկը:

Կոմիտասի այդ ստեղծագործություններն են՝ «Չինար ես», «Հաբրբան», «Կաքավի երգը», «Գարուն ա», «Երկինքն ամպել ա»…

Դժբախտաբար, այս օրերին աշխարհում տիրող բարդ իրավիճակի պատճառով ստիպված ենք սպասել ավելի բարենպաստ պայմանների, որպեսզի կարողանանք ներկայացնել նոր ձայնասկավառակը,- ասում է Ռուբեն Կոսեմյանը: -Համոզված եմ՝ Կոմիտասն իր հաստատուն տեղն է զբաղեցնում համաշխարհային երաժշտության մեջ: Կոմիտասի փոխադրումները մտադիր եմ կատարել տարբեր բեմերում, բայց առաջին հերթին ցանկանում եմ կատարել հին հայկական եկեղեցիներում և ձայնագրել…

Սա Ռուբեն Կոսեմյանի ապագա ծրագրերից է… Միայն պատկերացնել կարելի է, թե նրա կատարումները որքան ներդաշնակորեն են միաձուլվելու մեր հնավանդ վանքերի ու եկեղեցիների ճարտարապետությանը: Չէ՞ որ միջնադարյան տաղերն ու գանձերը ծնունդ են առել հենց  դրանց սրբազան կամարների ներքո: Այսպիսի ծրագիր կյանքի կոչելը, վստահ ենք, նպաստելու է նաև նոր սերնդին իր արմատներին է՛լ ավելի մոտեցնելուն…

Լինելով սերունդներ կրթող մանկավարժ՝ Ռուբեն Կոսեմյանը մի շատ կարևոր դիտարկում է անում:

-Կարծում եմ՝ շատ ճիշտ է, որ երաժշտական ուսումնական հաստատություններում Կոմիտասի ստեղծագործությունները մտնում են պարտադիր ուսումնական ծրագրի մեջ: Դա կնպաստի, որ Կոմիտասի արվեստը կարևոր տեղ զբաղեցնի մեր մանուկների և երիտասարդների երաժշտական կյանքում:

-Կարող եմ ասել, որ մինչև Կանադա մեկնելս՝ դեռ  2009 թվականին և վերջերս էլ համերգներով հանդես եմ եկել Արցախում՝ Շուշիում և Ստեփանակերտում: Համերգներին ներկա էին զինվորներ, որոնք ուշադիր լսում էին իմ տարբեր կատարումները…

-Կոմիտաս Վարդապետը հոդվածներից մեկում, խոսելով հայ մշակույթի պահպանության խնդիրների մասին,  մատնանշել է նաև սերնդի դաստիարակության հարցը: Նա գրել է. «Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։ Որպես արվեստագետ և մանկավարժ՝ ո՞րն եք համարում պետության դերը  մեր մշակութային հարուստ ժառանգության պահպանության գործում, որը ազգի գոյության սյուներից է, ինչպես և՝ այդ մշակույթը  պահպանելու համար է այսօր սահմանին կանգնած հայ զինվորը:

-Դարեր շարունակ հայ մշակույթը պահպանողը եկեղեցին է եղել: Հիմա, երբ արդեն պետականություն ունենք, այդ հայ մշակույթի պահպանության հարցում կարևոր է եկեղեցու և պետության միասնությունը: Հիմա գլոբալիզացիայի ժամանակներում շատ կարևոր է, որ ազգային ժառանգությունը հատուկ հոգածության արժանանա:

-Հայաստանի Առաջին Հանրապետության  առաջին վարչապետ  Հովհաննես Քաջազնունին իր «Ազգ և Հայրենիք» հոդվածում գրել է. «Ազգը պատմամշակութային երեւոյթ է, ազգային միութիւնը՝ պատմամշակութային կապակցութիւն:

Մշակոյթն է, որ ժողովուրդներից ազգեր է ստեղծում, բաժանում է մարդկութիւնը տարբեր ազգութիւնների եւ միացնում է մարդկանց ազգութիւնների մէջ»:

«ԶԻՆՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆ Է»Արդյոք մշակութային արժեքները ևս զինվորներ չե՞ն, որոնք պահպանում են ազգը և մեր հոգևոր անվտանգության երաշխավորներն են: Եվ այս առումով ինչպե՞ս եք տեսնում բանակ-մշակույթ կապի ստեղծումն ու դրա հետագա ամրապնդումը:

-Մշակույթն է եղել ազգը պահպանողը…Եվ այսօր հարկավոր է, որ զորամասերում ավելի հաճախակի կազմակերպվեն հանդիպում-զրույցներ, միջոցառումներ… Երաժշտությունը միշտ ոգի է բարձրացրել: Զինվորը սահմանին կանգնած ոչ միայն իր ընտանիքն է պաշտպանում, այլև մեր մշակութային ժառանգությունը:

Լսում եմ արվեստագետին ու մտաբերում, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Արամ Խաչատրյանն իր հռչակավոր սիմֆոնիաները գրում էր՝ ներշնչվելով ժողովրդական երգերի մոտիվներից: Նրա ստեղծագործությունները ուժ ու կորով էին տալիս  ժողովրդին և դառնում հայ մշակույթի դեսպաններն ու զինվորները: Հետագայում Համո Սահյանը Խաչատրյանի մասին պետք  է ասեր. «Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ… Դարձել է մեր քաղաքակրթության վկայականը»:

-Ի՞նչ կմաղթեք Հայոց բանակի զինվորներին,- դիմում եմ Ռուբեն Կոսեմյանին:

-Հայ զինվորին  ցանկանում եմ ուժ և բարձր ոգի, քանի որ կարևորագույն գործով են զբաղված՝ մեր Հայրենիքի՝ Հայաստանի սահմանների  պաշտպանությամբ: Ինչ-որ առումով մենք էլ ենք զինվոր արվեստի ասպարեզում:

…Ռուբեն Կոսեմյանը շարունակում է իր ստեղծագործական ուղին՝ նվիրված մնալով հայ մշակույթին: Հայ մշակույթի զինվորը մեր ազգային ժառանգությունը աշխարհին մատուցելու բազում ծրագրեր ունի, որոնց  մասին դեռ լսելու ենք…

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (1356) 9.09.2020 - 15.09.2020, Հոգևոր-մշակութային


10/09/2020