ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՎՐԱ
Սիրիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա վերջին օրերին իրականացված հարձակումների պատճառով Փարիզը ետ է կանչել Դամասկոսում իր դեսպանին, ինչպես նաև փակել է բոլոր հյուպատոսական ներկայացուցչություններն ու մշակութային կենտրոնները:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղիներ որոնելու հարցում: Իսկ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը Ռուսաստանից խնդրել է իր գործողությունները համաձայնեցնել Արաբական պետությունների լիգայի հետ և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար հասնել Սիրիայում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի տեղակայմանը:
Թեև Ֆրանսիան նման կտրուկ քայլի է դիմել, Դամասկոսում չեն դադարում բազմահազարանոց ամբոխի հարձակումները երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը պահանջող պետությունների դեսպանատների վրա: Երեկ Դամասկոսում հարձակման հերթական թիրախ է դարձել Մարոկկոյի դեսպանատունը, քանի որ նույն օրն այնտեղ մեկնարկել է Ասադին հակառակ ճամբարում հայտնված Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը: Դեսպանատան վրա քարեր ու ձվեր են նետվել, պոկվել է Մարոկկոյի պետական դրոշը:
Հարձակման է ենթարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը: