ԱՐՑԱԽ՝ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին… Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, հարազատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը:
Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք սերնդեսերունդ։ Հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալի բեռից… ու չի կարողացել։ Երանելի ցավով, շոշափելի ու հստակ, բոլոր զգայարաններով, արյան բոլոր բջիջներով զգացել է հեռու հեռավոր հայրենիքում, չտեսած-չիմացած մայր հողի ընդերքում ապրող-շնչող իր արմատը՝ հատված, մաս-մաս, վիրավոր, բայց անհաղթ ու անվախճան։ Մենք հայ ենք, ու մեզ ոչ մի ազգի վրա չես պատվաստի։ Մենք կապրենք Ավստրալիայում, Ամերիկայում, Հնդկաստանում, բայց ավստրալացի, ամերիկացի ու հնդիկ չենք դառնա, քանի որ մեր արմատը հայրենի հողում չի մեռնում, շարունակում է իր տրոփը մեր արյան, մեր գենի հիշողության մեջ։ Ու կանչում է։ Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք դարեր շարունակ: «Օ՜, հայրենիք՝ դառն ու անուշ»,- ասել է հայոց մեծերից մեկը, իսկ անանուն, սովորական մի հայ ձեռքը հպել է հողին, շոյել է կոպիտ-կոշտացած մատներով, ու մատները ճանաչել են հողը։ Մատներն ու հողը տրոփել են նույն ռիթմով, խոսել են նույն բարբառով։ Մենք այդ հողը կորցնել չենք կարող։ Հայը պիտի հայրենիք ունենա, ոչ թե որպես պարգեւ, որպես վերերկրային շնորհ, այլ դժվարին, բայց անպայման վաստակ… Ու կշեռքի նժարին մենք դրել ենք ամեն ինչ։ Ու մեր նորօրյա պատմությունը մաքառումների, տքնանքի, հերոսության ու հաղթանակի վիպերգ է եղել:
Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի քթի տակ, բարբարոսի կողքին մեր քարաստան հայրենիք հոգու ու բազուկների ջերմությամբ դրախտ ենք դարձրել։ Եվ արարիչ ենք, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ենք, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանանք փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում:
…Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։ Ու մինչ մենք` սգավոր ու գթահայց, փորձում էինք համոզել բոլորին, որ մեզ կոտորել են, սպանել են, խլել են մեր պատմական հայրենիքը, աշխարհը զուսպ ու քաղաքակիրթ ցավակցում էր մեզ` հոգնելով գութ ու կարեկցանք շռայլելու, մեր ողբը լսելու պարտադրանքից։ Ու չէր հասկանում, թե մեր ուզածն ինչ է, թե ինչ է տալու մեզ այս արեւի տակ իրենց տեղը նվաճած, իրենց բարոյական պատերազմը վաղուց իրական հաղթանակով ավարտած ժողովուրդների ցավակցությունը, երբ մեր խաչքարերը պղծվում են, մեր սրբություններն անարգվում, մեր հողերը բաժին են հասնում օտարին։ Չէին հասկանում, քանի որ մեր լեզուն` արդարություն աղերսողի, գութ հայցողի լեզուն, խորթ ու անհասկանալի էր նրանց համար, որոնց ունկերը վաղուց արդեն վարժվել էին ուժի ու ըմբոստության վարքին։ Մենք պիտի սովորեինք այդ լեզուն, որքան էլ մեր սիրտը խորթացած լիներ նրա հրացայտ ոգուց։ Մենք պիտի պեղեինք մեր արյունն ու Տիգրան Մեծի տրոփը զգայինք մեր մակարդուն զարկերակներում։ Մեր հավաքական հիշողության խորխորատներում կար-ապրում էր Ավարայրի, Սարդարապատի, Բաշ- Ապարանի հպարտությունը, որ հաղթանակ բառին նոր իմաստ ու խորհուրդ էր հուշում։ Ու հիշեցնում, որ մեր նախնիները փառահեղ հաղթանակներ էլ են տոնել։ Մեր բազկի ուժը թշնամին զգացել է իր քառատվող ողնաշարին ու ծնկել է մեր առաջ։ Մենք հաղթել ենք, երբ հավատացել ենք ինքներս մեզ ու իրար։ Երբ եղել ենք հավաք, միասնական ու հուսավառ։ Որովհետև նույնիսկ երբ կորցրել ենք ամեն ինչ՝ հող, տուն, ինչք, կյանք ու… Հայրենիք, ինչ-որ տեղ՝ արյան միլիարդավոր բջիջներից մեկում, գենի անսահման հիշողության խորքերում պահել-պահպանել ենք հաղթելու հավատը։ Ու ամենաօրհասական պահին խոսել է արյունը։ Ու նրա միլիարդավոր բջիջներից մեկը՝ ամենազորեղն ու ոգեղենը, վարակել է մեր ամբողջ արյունը արիության «բացիլով»՝ ֆրանսահայինը, պարսկահայինը, ռուսահայինը, թուրքի, քրդի անունով ծպտված հայինը… Ու հենց այդ արյամբ է սնվել Արցախի Անկախության սրբազան խարույկը։ Ու այդ խարույկը չի մարելու, քանի դեռ Հայոց եռագույնի ծփանքը չի հասել մեր պատմական հայրենիքի բոլոր ծագերը։ Քանի դեռ հայոց բոլոր վանքերում չի ծաղկել մեր խնկահոտ-սրբալույս աղոթքը, քանի դեռ հայոց օրհներգը չի հնչել յուրաքանչյուր հայի շուրթին, քանի դեռ …
… «Երբ որ ցորեն ելավ քանց մասուր մի»: Մենք այդքան սպասել չէինք կարող։ Օտար շնչի տակ մեր ցորենը մասուր չէր դառնում։ Ու չէր դառնալու։ «Մի´ տանիր զմեզ ի փորձութիւն»՝ դարեդար, անդադար, անձանձիր խնդրել էինք Բարձրյալից։ Բայց արդեն Տիրոջ համբերությունն էլ էր սպառվել։ Ու Տերը մե՛զ ընտրեց։ Երեւի մե՛նք, միայն մե՛նք կարող էինք դիմանալ այդ փորձությանը։
Ու հայրենիքը տարավ իր բաժինը՝ արիացող տղեկներ, օջախի սյուն, մոր աչքի լույս, հոր թիկունք, տան ճրագ։ Ու հայրենիքին այնքան հպարտորեն նվիրաբերված։ Հայրենիքը տարավ իր բաժինը՝ ամենաթանկը, լավագույնը, պաշտելին։ Ու հայրենիքը փառավորեց իրեն իր զինվորացած զավակներով։ Սիրած-խնայած, շահած-փայփայած պատանուց հայրենիքի պաշտպան ձուլեց՝ հայրենասիրության, վեհության, քաջության շաղախ հավելելով նրա ազնվական կերտվածքին:
Մենք պահելու ենք Արցախը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը: Մենք։ Ձեռագիրը նույնն էր։ Հենց սկզբից՝ ուժեղ հարված, հոգեբանական շեշտակի գրոհ՝ մեր աչքը վախեցնելու, 20-րդ դարասկզբի գիշատիչ, ահարկու թուրքի կերպարը հիշեցնելու, մեր արյան մեջ ննջող սարսափը արթնացնելու համար։ Այդպես էլ եղավ։ Ամեն ինչ հաշվարկված էր մանրակրկիտ։
Բայց այս անգամ ցավը վախ չդարձավ, վիշտը սարսափ չծնեց, կորուստը չընկճեց մեզ, ծնկի չբերեց, այլ կոչեց արդար վրեժի, դարձավ քաջություն, ուժ ու հերոսացում։
«Ես համոզված եմ, որ հաղթելու ենք»՝ այսպես են ասում բոլոր նրանք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ՝ պաշտպանելու Արցախի հողերը։ «Ինչո՞ւ,- հարցնում եմ,- ինչո՞ւ եք համոզված, ի՞նչ երաշխիքներ կան հաղթելու համար»: Պատասխան չկա։ Որովհետեւ ոչ մի երաշխիք էլ չկա՝ թերեւս Արցախը պահելու մեծ ցանկությունից, Արցախի ազատագրության համար կյանքը զոհաբերելու պատրաստակամությունից եւ վրեժի, ցավի, սիրո ու տղամարդկային խոցված արժանապատվության միահյուսումից ծնված անկասելի ուժից բացի:
Մենք պահելու ենք Արցախը, որովհետեւ ազգովի բանակ ենք դարձել։ Ազգ-բանակ:
Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Ո´չ առաջին ազգն ենք, ո´չ էլ վերջինը կլինենք։ Պատմության թատերաբեմից կուլիսներ նետված կամ ընդհանրապես պատմություն ու հիշողություն դարձած քանի ազգեր են իրենց դառը ճակատագրի դասերը թողել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել ապրելու, գոյատեւելու ու հզորանալու վերջին հնարավորությունները։
Մենք դասեր ենք քաղել սեփական պատմությունից։ Մենք դասեր ենք քաղել մեր անհատնում կորուստներից։ Մեր խորհրդատուն մեր ցավն է, մեր չկրակած փամփուշտները։ Մենք պահելու ենք Արցախը։ Արցախը չի դառնալու մի նոր «էրգիր» մեր պարտությունների տխուր, անբովանդակ սրբարանում: Մենք գիտենք, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։ Որովհետև սահմանին մեր սիրտն է տրոփում մշտարթուն՝ մեր բանակը: Թուրքի հետքերը կրկին կհալածվեն Արցախից։ Արցախը կբուժի պատերազմի վերքերը, կապրի խաղաղ օրերի ռիթմով, ու նրա սահմանները կլինեն պաշտպանված: Ու իրական հաղթանակների երանելի հպարտությունը այլեւս անդարձ հիշողություն կդարձնի բարոյական հաղթանակների տխուր ինքնախաբկանքը։ Մեր բանակը հաղթելու է, մեր զինվորն ու սպան, աշխարհազորայինն ու պահեստազորայինը կռվելու են հերոսաբար ու մաքրելու են մեր հողը թշնամուց: Մենք պահելու ենք Արցախը, վերականգնելու ենք մեր ավերված եկեղեցիները, փրկելու ենք մեր խաչքարերը` հայրենիքի համար ամենաթանկը չխնայելու պատգամ ավանդելով բարձրացող սերնդին։ Հիմա մեր ողբը ցասում ունի, ցավը` հպարտություն, տառապանքը` վրեժ: Ու պատմության թատերաբեմում ճակատագիրը չի գուժի հայոց կենսագրության վերջին արարն ու չի փակի վարագույրը մեր մաքառումի կեսճանապարհին, որքան էլ քոչվոր ազերիներ, անհայրենիք թուրքեր ու ահաբեկիչ բաշիբոզուկներ կուտակվեն մեր հայրենիքի սահմանների մոտ:
Մենք սուր ենք բարձրացրել, երբ դանակը հասել է ոսկորին։ Բայց մեր վերջին զարկն անվրեպ է եղել։ Ու թշնամին ծնկել է մեր վերջին զարկից։ Այդ վերջին զարկը երբեմն ուշացել է դարերով, երբեմն թվացել է` այլեւս ուժ չի մնացել զարկելու, բայց երբ պահը եկել է, մենք մեր կամքը պողպատ ենք դարձրել, մենք պրկել ենք մեր բազուկն ու… զարկել ենք: Մենք հաղթել ենք, երբ հաղթելը թվացել է անհնար։ Մենք մեկը տասի, հարյուրի դեմ կռվելով ենք հաղթել։ Ու երբ թշնամին վառել է մեր տները, լլկել է մայր ու մանուկ, խոշտանգել է անզեն ու անօգնական մարդկանց, երբ անարգել, երբ պղծել է մեր սրբությունները, մենք գազանի դեմ գազան չենք դարձել, մենք վայրագությանը չենք պատասխանել վայրագությամբ։ Մենք սուր չենք բարձրացրել ընկածի վրա, չենք գնդակահարել անզեն ոսոխին, թուրքի կնոջը չենք անպատվել։ Թուրքի զավակին չենք գլխատել մոր աչքի առաջ։ Մենք հայ ենք մնացել։ Մենք ասել ենք` արու զավակը հայրենիքինն է։ Մեր զավակին սահմանապահ ենք կարգել։ Թշնամու առաջ Մենք մեր որդու սիրտն ու կյանքն ենք վահան դարձրել, որպեսզի մեր հողն աննվաճ մնա։ Հայ մնա։ Մենք այսպես ենք ապրել ու այսպես ենք ապրելու: Հավերժ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում