Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԱՍՑԵՆ Է ՈՒ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԱՍՑԵՆ Է ՈՒ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸԶրույց ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ հետ

 

-Սիրելի՛ Լևոն, Ձեր շախմատային կենսագրությունը ներկայացնելիս յուրաքանչյուր նախադասության մեջ պետք է արտաբերենք մի բառ, որն այսօր յուրաքանչյուր հայի սրտում է ու շուրթին։ Այդ բառը հաղթանակն է։ Արդյոք նո՞ւյնն են, Ձեր կարծիքով, հաղթանակի հասնելու նախադրյալները շախմատային մարտում և պատերազմի դաշտում։

-Կարծում եմ՝ հոգեբանական առումով հաղթանակի հասնելու համար նույն հատկանիշներն են պետք և՛ մարտադաշտում, և՛ շախմատային խաղատախտակի մոտ։ Եվ այդ հատկանիշներից ամենագլխավորը պարտությունը հաղթանակի վերածելու կամքն է, ոտքի կանգնելու և ամեն ինչ զրոյից սկսելու վճռականությունը։ Դու միշտ կարող ես դասեր քաղել քո սխալներից և առաջ շարժվել ավելի իմաստնացած, ավելի կազմակերպված ու համառորեն։ Կարող ես քո համահավաք ուժը մասնատող բոլոր գործոնները չեզոքացնել և ամենամեծ ջանքերդ ուղղել նվիրական երազանքի իրականացմանը։ Հռոմի պես հզոր կայսրությունը քանդվեց առաջին հերթին ներքին պառակտումների, դավաճանությունների ու դավադրությունների պատճառով։ Մենք պետք է կարողանանք յուրացնել մարդկության փորձը ու չկրկնել անցյալի սխալները ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև խաղաղ պայմաններում: Որովհետև պատերազմի ժամանակ մենք թշնամու դեմ հանում ենք խաղաղության ընթացքում ամբարած ուժը։ Մենք փոքր երկիր ենք, բայց մեր խնդիրները մեծ են, մեր պատմական բեռը ծանր է, ուստի վրիպումները կարող են ճակատագրական դառնալ մեզ համար։ Ե՛վ անհատի, և՛ ազգի կյանքում լինում են պահեր, երբ պարզապես իրավունք չունես պարտվելու, սպառել ես պարտության թույլատրելի չափաբաժինը:

-Ձեր ծնողներից մեկը հայ է, մյուսը՝ հրեա։ Այդ երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության տարբեր հանգրվաններում պարտվել են ամենախոշոր հաշվով։ Ես նկատի ունեմ հայերի ցեղասպանությունն ու հրեաների հոլոքոստը։ Երբևէ մտածե՞լ եք՝ ո՞րն է եղել նրանց պարտության պատճառը։

-Ե՛վ հայերը, և՛ հրեաները աշխարհի հնագույն ու հաղթած ժողովուրդներից են։ Ճակատագիրը նրանց շատ փորձությունների է ենթարկվել։ Բայց նրանք կան, ունեն անկախ երկիր և շարունակում են զարմացնել աշխարհին իրենց գիտությամբ, մշակույթով, մարզական հաջողություններով և բազմապիսի արարումներով, ի տարբերություն այլ ազգերի, որոնք կարողացել էին հասնել մեծ բարձունքների, անսահման հզոր էին, բայց այսօր չկան համաշխարհային քարտեզի վրա։ Ե՛վ հրեա, և՛ հայ ժողովուրդները հաջողեցին շատ ծանր հարվածներից հետո ոտքի կանգնել և շարունակում են իրենց ճանապարհը ավելի տոկուն, ուժեղ և կենսունակ։ Նրանք կարողանում են զորության հազարավոր ակունքներ գտնել իրենց հոգում, եթե անհրաժեշտ է։

-Պարոն Արոնյան, Ձեր շախմատային հաղթանակները սկսվել են տասը տարեկանից, երբ Դուք դարձաք աշխարհի չեմպիոն մինչև տասներկու տարեկանների մրցապայքարում։ Մեկը մյուսի հետևից Ձեր փայլուն հաղթանակները շարունակվում են մինչ օրս։ Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը, Ձեր աստեղային ժամը…

-Ես բազմաթիվ անհատական հաղթանակներ եմ տոնել, որոնք, ինչ խոսք, կարևոր էին, բայց ինձ համար ամենահիշարժանը ու ամենաերանելին եղել են թիմային հաղթանակները։ Ես չեմ կարող մոռանալ այն օրը, երբ Ստամբուլում երրորդ անգամ դարձանք Օլիմպիական չեմպիոն։ Հայի համար հոգեբանորեն շատ դժվար է Թուրքիայում խաղալը. հաղթելը բարոյական մեծ հնչերանգ ունի, պարտվելը կրկնակի պարտություն է։ Դու գիտես, որ Թուրքիայում ապրող հազարավոր հայեր, որոնցից շատերը նույնիսկ հնարավորութուն չունեն կրելու իրենց հայկական անուն- ազգանունը, շունչը պահած սպասում են քո հաղթանակին։ Գիտես, որ քո հաղթանակը անսահման ոգևորելու է հարազատ ժողովրդիդ և ավելի շատ քո ժողովրդի հաղթանակն է լինելու, քան քոնը։ Հուզմունքը, հույզերը, պատասխանատվությունը, պարտքը և՛ ոգեշնչում են, և՛ խանգարում: Մենք հաղթեցինք Ստամբուլում, ու ես ամենից շատ այդ հաղթանակով եմ հպարտանում։

-Իսկ Ձեր ո՞ր հաղթանակն եք համարում ամենադժվարը։

-2017-ին, աշխարհի գավաթի կիսաեզրափակչում ես պետք է խաղայի ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշին Լագրանի հետ։ Ոչ-ոքիներից հետո ես պարտվեցի երկու կայծակնային պարտիաներից մեկը և ընդամենը տասը րոպե ժամանակ ունեի մինչև հաջորդ մարտը։ Տասը րոպե՝ որպեսզի մարսեի պարտությունը, թոթափեի ապրումներս, լցվեի լավատեսությամբ, հավաքեի կամքս, վճռականությունս և պարտությունը վերածեի հաղթանակի։ Ես հաղթեցի այդ մրցամարտը, որովհետև հաղթեցի ինքս ինձ։ Պայքարելիս պետք է առաջին հերթին վանել խուճապը և հիշել, որ միշտ ելք կա։ Մեզ մնում է գտնել այդ ելքը։ Նույնքան լարված էր նաև Արմագեդոն կոչվող խաղը։

-Դա մահվան պարտիա՞ն է։

-Այո՛, և ես «սպիտակ» էի, այսինքն՝ ոչ-ոքին ինձ համար հավասարազոր էր պարտության։ Ես շատ բարձր եմ գնահատում այն հաղթանակները, երբ մեկնարկային դիրքում զիջում ես հակառակորդին, բայց կարողանում ես սխրանք գործել։ Իմ հոգեբանը և ընկերը՝ Հայաստանի ըմբշամարտի  չեմպիոն Վարդան Գեղամյանը, ասաց. «Սա սոսկ շախմատային հաղթանակ չէր. դու պարզապես ֆիզիկական ուժ գործադրեցիր»։ Նկատի ուներ ներքին ուժերի այնպիսի մեծ կենտրոնացումը, որը գրեթե նույնանում է ֆիզիկական ուժի, ֆիզիկական ճնշման հետ։

-Ձեր մայրը իր հեղինակած «Լևոն Արոնյան» գրքում գրել է, որ Դուք կարող էիք լավ երաժիշտ կամ մաթեմատիկոս դառնալ։ Կա՞ որևէ ընդհանրություն մաթեմատիկայի, շախմատի և երաժշտության միջև։

-Ես սիրում եմ այն ամենը, ինչը հիմնված է տրամաբանության վրա և առաջնորդվում է օրենքներով։ Ինձ դուր են գալիս կանոնակարգված երևույթները, ես քաոս չեմ սիրում։ Ե՛վ մաթեմատիկան, և՛ երաժշտությունը, և՛ շախմատը ունեն ներքին ռիթմ, հարմոնիա, և նրանց տիրույթում դիսոնանսը շատ ակնառու է։ Ես ոչինչ չեմ անում մակերեսորեն։ Եթե որևէ բանով հետաքրքրվում եմ, ապա հնարավորինս խորանում եմ այդ ասպարեզում և փորձում բացահայտել բոլոր շերտերը։

-Դուք նաև լավ զինվորական կլինեիք՝ կանոնիկ, կարգապահ և հաղթող։ Ի դեպ, հե՞շտ է շփվել Ձեզ նման մարդու հետ, որը սովոր է վերլուծել դիմացինի գործողությունները, գտնել լավագույն հակաքայլերը և հաշվարկներով ծրագրավորել ապագան:

-Կարծում եմ՝ ինձ հետ շփվելը հեշտ է. մարդկային հարաբերություններում ես ոչ մեկին հաղթելու խնդիր չունեմ։ Հակառակը՝ ես օգնում եմ, որ մարդն ինձնից վերցնի հնարավորինս շատ՝ իմ փորձը, իմ ունակությունները, իմ գիտելիքները։ Մարդկային հարաբերություններում ես դոնոր եմ, և դա ինձ դուր է գալիս։

-Շախմատ խաղալիս ճիշտ զոհաբերությունները հաղթանակի հասնելու ճանապարհ են։ Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ զոհաբերությունը շախմատային կարիերայի ընթացքում։

-Շախմատիստի կյանքը ինքնին զոհաբերություն է։ Երբ փոքր էի և գնում էի արտերկիր մրցումների, կարոտում էի ծնողներիս։ Հետզհետե սովորեցի զսպել ցանկություններս՝ հանուն շախմատային հաջողությունների։ Ինը տարեկանում ծնողներս ասացին, որ արդեն մեծանալու ժամանակն է, ու ես պիտի իմ սիրելի խաղալիքները նվիրեմ ուրիշ երեխաների։ Ինը տարեկանում ես արեցի իմ առաջին զոհողությունը։ Բայց իմ բոլոր զոհողությունները իմաստավորված են ու փոխհատուցված… Ես բարձրացրել եմ իմ փոքրիկ երկրի անունը աշխարհում։ Ու գիտեմ, թե ինչ ուրախություն եմ պարգևել ազգիս իմ հաղթանակներով։ Գիտեմ՝ ինչպես եմ ոգևորել իմ հայրենակիցներին։ Այսօր սահմանին հայ տղամարդիկ, նույնիսկ կանայք իրենց կյանքն են զոհաբերում հայրենիքի համար ու չեն ափսոսում։ Ամեն մեկս մեր ուրույն առաքելությամբ ենք եկել աշխարհ։ Եվ այդ առաքելության մեջ գլխավորը հայրենիքիդ և ժողովրդիդ հանդեպ պարտքն է։ Իմ բոլոր զոհողությունները գիտակցված են, տրամաբանված ու հաշվարկված։

-Սիրելի՛ Լևոն, այս պահին, երբ մենք զրուցում ենք, ակտիվ մարտեր են ընթանում մեր հայրենիքի սահմաններին, երիտասարդ տղաներ են զոհվում։ Հարազատ կորցնելու ցավը Դուք էլ եք զգացել։ Ինչպե՞ս հաղթահարել այն։

-Մեր սիրելիի հիշատակի առաջ մեր առաջին պարտքն է լինել այնպիսին, ինչպիսին նա կուզենար տեսնել մեզ։ Իրականացնել նրա երազանքները, ավարտել նրա կիսատ թողած գործերը։ Բառերով այս ամենը հեշտ է ձևակերպել։ Բայց շատ մեծ կամք, հոգու ուժ է պետք՝ սիրելիիդ կորստից հետո կյանք վերադառնալու համար։ Ես որքան էլ փնտրեմ ամենաճիշտ բառերը, դրանք չեն կարող որդեկորույս մոր ցավը մեղմել։ Պարզապես պիտի կառչել ինչ-որ բանից, անել առաջին քայլն ու շարժվել առաջ՝ հանուն այն մարդու, որը կուզենար, որ դու ապրես, ժպտաս, քո բաժին սերն ու ջերմությունը տաս մարդկանց ու կատարես այն նախասահմանված առաքելությունը, որի համար աշխարհ ես եկել:

-Մի զրույցի ժամանակ ասացիք՝ ես ինձ լավ եմ զգում Գերմանիայում, բայց դա իմ հայրենիքը չէ։ Դուք կարող եք ապրել ցանկացած երկրում՝ շրջապատված երկրպագուներով, սիրով, մեծարանքով, բարեկեցությամբ։ Ի՞նչ կա հայրենիքում, որ օտար երկրում չեք գտնում։

-Ես այս պահին ապրում եմ Գերմանիայում, տուն ունեմ նաև Իսպանիայում, բնականաբար՝ Հայաստանում։ Կարող եմ իմ կացարանն ունենալ աշխարհի որ երկրում ցանկանամ։ Բայց մի քանի տարի առաջ հասկացա, որ մարդն ապրում է այնտեղ, որտեղ իր հայրենիքն է, իր հայրենակիցներն են։ Դու գալիս ես ինչ-որ ակունքից և կապված ես այդ ակունքին։Հայրենիքը սովորական երկիր չէ, որ համեմատես այլ երկրների հետ: Այն քո երկիրն է, ու դու քո երկրի պատմության մի էջն ես, քո հայրենիքի բնության մի մասնիկը։ Հայրենիքն իմ հասցեն է, իմ ինքնությունը։

-Ես գիտեմ, որ Դուք ծագումով Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից եք։ Ես դա չէի կարող շփոթել, որովհետև Նոյեմբերյանը նաև իմ պապերի հայրենիքն է։ Բայց վերջերս հայտարարեցիք, որ Ձեր արմատները ձգվում են դեպի Արցախ։

-Պապս, որը Դովեղի դպրոցի տնօրենն է եղել, գիրք է գրել Դովեղի մասին։ Նա իր գրքում ասում է, որ դովեղցիները եկել են Արցախից։

-Իսկ իմ պապը, որը Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի դպրոցի տնօրենն էր, ասում էր, որ Նոյեմբերյանի գյուղերի շատ բնակիչներ Ուրմիայից եկել են Արցախ, այնուհետև Նոյեմբերյան։ Այդ թվում՝ նաև բարեկամավանցիները: Այսինքն՝ մենք բնիկ արցախցիներ չենք։ Արցախը մեզ համար եղել է միջանկյալ հանգրվան՝ Ուրմիա-Նոյեմբերյան ճանապարհին: Դուք շփվե՞լ եք Դովեղի հետ:

-Իհարկե: Դովեղը հեքիաթային աշխարհ էր, և իմ բոլոր հիշողությունները շատ վառ են։ Մենք գնում էինք Խեչը…

-Խեչը, այսինքն՝ Խաչը, եկեղեցին։

-Այո՛։ Հանդում մոշ, մոռ, հոն էինք հավաքում։ Ես շատ էի սիրում կենդանիներին, որոնք շրջում էին բակերում։ …Ես սիրում եմ իմ մանկությունը։ Այն ներծծված է ուրախությամբ և ամենավառ, ամենագեղեցիկ գույներով։

-Ունե՞ք անկատար երազանք։

-Ինչպե՞ս կարող է պատերազմող երկրի զավակը անկատար երազանք չունենալ։ Ինչպե՞ս կարող է կորցրած հայրենիք ունեցող ժողովրդի զավակը չերազել։ Ես այս պահին հոգով, մտքով, սրտով մեր բանակի հետ եմ։ Մենք պետք է հաղթենք այս պատերազմը։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք անառիկ պահել մեր երկրի սահմանները և այս փորձությունը նույնպես կհաղթահարենք։ Ադրբեջանը մեծ ուժ է հանել մեր դեմ…

-Դա միայն Ադրբեջանի ուժը չէ։ Մեր դեմ կռվում են թուրքական բանակի ստորաբաժանումները, արտերկրից ժամանած վարձկան գրոհայինները…

-Բայց մենք ունենք մի շատ կարևոր առավելություն՝ մենք մեր Հայրենիքն ենք պաշտպանում։ Իր հողի վրա կանգնած, իր երկիրը պաշտպանող զինվորի ուժը բազմապատիկ գերազանցում է վարձկան զինվորի ուժին։

-Ես ադրբեջանցիներին նույնպես համարում եմ վարձկաններ, որովհետև նրանց կռիվը զավթողական է, Արցախը նրանց հայրենիքը չէ։

-Ոչ մի զենք չի կարող հավասարվել հայրենիքի ազատության համար իր կյանքը տալու պատրաստ զինվորի ոգու ուժին։ Եվ մենք հաղթելու ենք։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Բանակ և հասարակություն


16/10/2020