ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՄԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իսրայելի բանակի հրամանատարությունը Իրանին կասկածում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» շարժումների գրոհայինների մարտական պատրաստությանը աջակցելու համար: Իսրայելցի մասնագետների գնահատմամբ վերջին երեք տարիների ընթացքում պաղեստինցի գրոհայինները ոչ միայն հարստացրել են իրենց զինանոցը (օրինակ` ավելացել է հակատանկային հրթիռային համալիրների թիվը), այլև բարձրացրել են բարդ ռազմական տեխնիկան շահագործելու իրենց կարողությունները:
Մինչև 2009թ. պաղեստինցիների գրոհները այնքան էլ արդյունավետ չէին, իսկ այժմ նրանց հրթիռային հարվածները գնալով ավելի ճշգրիտ են դառնում և կատարվում են առավել բարդ տեղամասերից: Օրինակ` դպրոցական ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, երբ զոհվեց 16-ամյա մի պատանի, կրակել են «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրից: Կրակային դիրքը չափազանց անհարմար է եղել և գտնվել է 3 կմ հեռավորության վրա, որտեղից ավտոբուսը գրեթե չի երևացել:
Իսրայելցիներն ընդունում են, որ, Իրանից բացի, պաղեստինցիները տարբեր զինատեսակներ կարող են ձեռք բերել նաև Սիրիայից ու այլ երկրներից, սակայն դրանք առավել հմուտ կիրառելու գործում նրանց առաջին հերթին օգնում են իրանցի մասնագետները:
2012թ. Իսրայելի բանակի տանկային բրիգադներից մեկը ամբողջությամբ կհամալրվի տանկերի պաշտպանության «Տրոֆի» համալիրներով, որոնք ունակ են հայտնաբերել հրթիռի արձակումը, ուղեկցել այն թռիչքի ընթացքում և ոչնչացնել օդում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական