Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ



Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանի քննարկմանն է ներկայացրել «Միջազգային պաշտպանվածության ներքո գտնվող անձանց վրա կատարվող ահաբեկչական հարձակումները» բանաձևի նախագիծը: Բանաձևը պաշտպանող ԱՄՆ-ը նախատեսում է այն քվեարկության դնել արդեն այսօր ՄԱԿ-ի հակաահաբեկչական ռազմավարության քաղաքականության վերաբերյալ օրակարգի շրջանակներում:

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը նշել է, որ այդ նախագծով իրենց երկիրը հաստատում է` ահաբեկչության դեմ պայքարը միշտ եղել է թագավորության հիմնական առաջնահերթություններից մեկը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ահաբեկչությունը և ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ում իրենց դեսպանի դեմ կազմակերպված մահափորձի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ սաուդյան դեսպան Ադիլ ալ Ջուբեյրայի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ-ում ապրող ծագումով իրանցի մի քաղաքացի, ևս մեկը հետախուզման մեջ է: Քննության տվյալներով նրանք հմագործակցել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ծառայությունների հետ և նրանցից հրահանգներ ստացել: Ուստի, հաշվի առնելով բանաձևում խոսվում է միջազգային իրավունքի նորմերի համապատասխան Իրանի` ստանձնած պարտավորությունները կատարելու և դեսպանի սպանությունը պլանավորած անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Հազաին գլխավոր քարտուղարին ուղղած նամակում նշված բանաձևը քննարկման ներկայացնելը համարել է աննախադեպ և անընդունելի քայլ, ինչը կարող է խարխլել ՄԱԿ-ի հանդեպ ունեցած վստահությունը: Նա նշել է, որ թեպետ կազմակերպության կանոնադրությունը թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց, այդուհանդերձ մտացածին հարցերը օրակարգ մտցնելը կարող է քաղաքական հաշվեհարդարի առիթ հանդիսանալ:

Օրերս էլ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից Մոհամադ Ջավադ Լարիջանին ՄԱԿ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մահափորձ, իրոք, տեղի է ունեցել, սակայն այն կազմակերպել է ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ը` տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու նպտակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


18/11/2011