ՆՐԱ ՀՈԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔՆ ԷՐ
Վալերի Դանելինը երրորդ սերունդն էր, որ ծնվել ու մեծացել էր Հայաստանում: Ինչու և ինչպես էր նրա ռուս նախապապը հայտնվել Գյումրիում, ոչ ոք չգիտի, բայց Վալերիի մանկական հոգում Հայաստանի երկինքն էր: Նա Հայաստանի երկնքին էր նայում, երբ երազում էր թռչել: Դեպի երկինք նրա ճանապարհը սկսվեց հայրական տան տանիքից: Մայրը՝ տիկին Ռիտան, հիշում է. «Առաջին դասարանում գրել էր, որ ուզում է դառնալ օդաչու: Հաճախ բարձրանում էր տանիք, հեռադիտակով հետևում արագընթաց ռազմական ինքնաթիռներին: Ժամերով մնում էր տանիքին»: Հայրն էլ էր ուզում, որ տղան օդաչու դառնա: Քաջի և ուժեղի մասնագիտություն է՝ մտածում էր, իսկ ո՞վ չի ուզենա իր որդուն խիզախ ու հզոր տեսնել: Եվ «միացել էր» որդու երազանքին, ինքնաթիռների մասին գրքեր էր հայթայթում նրան համար: Կարդում էին, զրուցում, պատմում…
…2009 թվականին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը Վալերի Դանելինը ավարտեց գերազանցության դիպլոմով՝ դառնալով գրոհային ավիացիոն էսկադրիլիայի օդաչու:
Աղասի Իսախանյանը գրոհային ավիացիոն էսկադրիլիայի օղակի հրամանատարն էր: Նա հիշում է իրենց առաջին շփումը, երբ Վալերին դեռ կուրսանտ էր. «Ես զգացի նրա անսահման նվիրումը հայրենիքին: Վալերին գիտեր իր ընտրած մասնագիտության կարևորությունը: Որպես սպա անդավաճան էր զինվորականի իր երդմանը ու հայրենիքի հանդեպ սիրուն»:
Իսկ օդաչու-հրահանգիչ Գևորգ Սիմոնյանը Վալերի Դանելինի ուսանողական ընկերն է: Նրանց մտերմությունը շարունակվեց մինչև վերջ: «Բառեր չկան, որ նկարագրեն Վալերիի մարդկային հատկանիշները: Բարի, կենսախինդ, եռանդուն, ընկերասեր, նոր ու գեղեցիկ գաղափարներով լեցուն….»:
Երիտասարդները ուզում էին նմանվել նրան: Վալերի Դանելինը ուսումնական էսկադրիլիայի օդաչու Գևորգ Հակոբյանի հրահանգիչն էր: Երիտասարդ օդաչուն ասում է. «Նա հոգատար ընկեր էր ու խստապահանջ սպա: Վալերի Դանելինի համար մասնագիտության մեջ մանրուքներ չկային: Նա զինվորական օդաչուի կատարելատիպ էր»:
Իսկ ավիացիոն զորամասի հրամանատար Արմեն Ներսիսյանի խոսքերով. «Վալերին օդաչու էր ի ծնե, նա պարզապես ծնվել էր երկնքի համար»:
Վալերի Դանելինը արձակուրդում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան լսեց Արցախի վրա ադրբեջանական բանակի հարձակման լուրը: «Հանգիստ հագնվեց և դուրս եկավ տնից: Արտաքուստ խաղաղ էր, ոչ մի խուճապ չկար: Թե հոգում ինչ էր կատարվում, ոչ ոք չէր կարող հասկանալ»,- պատմում է մայրը:
Սեպտեմբերի 29-ին Վալերին առաջինը բարձրացավ օդ: Ինքը խնդրեց: Նա գիտեր այդ թռիչքի վտանգավորության աստիճանը: Գրոհային ավիացիոն էսկադրիլիայի շտաբի պետ, մայոր Վալերի Դանելինը մարտական խնդիրը կատարելուց հետո, ցավոք, չվերադարձավ երկիր: Նրա ինքնաթիռը դեպի հավերժություն սլացավ…
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՄԻՇՅԱՆ
Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ճակատագրեր