ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՈՒ ԱՆԱՌԻԿ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ
Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած բազմաթիվ զինվորներ, կամավորներ:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար Արսեն Վահրամյանը, որ մարտական գործողությունների ծավալման առաջին օրերին առաջնագծում է եղել, նշում է, որ լիարժեքորեն է կազմակերպված վիրավոր զինծառայողների էտապային բուժօգնությունը, էտապային էվակուացիան, ապա անդրադառնալով իրենց կենտրոնում բուժվող զինծառայողներին, նշում է. «Շենգավիթ» բ/կ-ում բուժում ստացող մեր վիրավորների առողջական վիճակը գնահատում եմ բավարար եւ լավ: Ծանր մարմնական վնասվածքներով զինծառայողներ չունենք, բոլորն էլ համապատասխան բուժումն ստանալուց հետո լիարժեք առողջացած կվերադառնան շարք: Տղաների հոգեվիճակը լավ է, ավելին՝ անպատմելի, աննկարագրելի բարձր է մարտական ոգին, բոլորն էլ միաբերան նույն միտքն են անընդհատ կրկնում. «Արագացրեք մեր բուժումը, շտապ մեզ ոտքի կանգնեցրեք, գնանք մեր մարտական ընկերներին միանանք»:
Հիվանդասենյակում ենք: Մտքումս տղերքին ոգեւորող, գոտեպնդող հազար ու մի բառ եմ իրար խառնել: Բայց… Տղերքն ասում-խոսում-ծիծաղում են: Հիվանդասենյակի պատերը փուչիկներով են զարդարված, սեղանին տորթ է, վրան՝ մոմից պատրաստված 20 թիվը…
Վիրավոր զինվորներից մեկի ծնունդն է, և բուժանձնակազմը, որ հարազատի ջերմությամբ ու սրտացավությամբ է շրջապատել վիրավոր տղաներին, հոբելյարին գեղեցիկ անակնկալ է մատուցել: Էլ ինչ ծնունդ առանց նվերի… Վիրավոր զինվորին զենք են նվիրել, բայց… երաժշտական:
Հոբելյարը կրտսեր սերժանտ Ռոբերտ Սամվելյանն է.
-Թեեւ մի քանի օր է ընդամենը անցել, բայց ընկերներիս շատ եմ կարոտել, շատ-շատ… Տղերքի «դուխը» տեղն էր, անվախ կռվում էին, անգամ էն տղերքը, որ առօրյայում ոչնչով աչքի չէին ընկել, կարճ ասած՝ ումից չէինք սպասի, հերոսի պես էին կռվում, հերոսավայել… Մենք ականանետով էինք կռվում, թշնամին թիրախավորել էր մեզ ու անընդհատ կրակում էր մեր ուղղությամբ: Երեք արկ մեզ չափազանց մոտ ընկավ, շտապեցինք թաքստոց, բայց հենց թաքստոցի մուտքի մոտ պայթած արկի բեկորից վնասվեց ոտքս: Կրակի հեղեղ էր թափվում, երբ մի փոքր հանդարտվեց, նոր միայն ինձ պատգարակով իջեցրին ներքեւ: Արդեն լավ եմ, շուտով դուրս կգրվեմ ու նորից կմիանամ իրենց:
Ծառայությունիցս հետո շարունակելու եմ կարատեով զբաղվել: Բժիշկներն ասում են՝ վնասվածքս չի խանգարի մարզվելուս:
Ռոբերտը Հայաստանի եռակի չեմպիոն է, երկու անգամ մասնակցել է աշխարհի մրցումներին:
Դիմացի հիվանդասենյակում էլ գյումրեցի Նարեկ Հայրապետյանն է, պատերազմի առաջին օրն է վիրավորվել՝ Հադրութում: Նարեկը քչախոս է, խուսափում է զրույցից: Բուժքույրերն են ինձ օգնության գալիս.
-Համեստ տղա է, սիրուն ժպիտն էլ՝ դեմքից անպակաս:
Նարեկին «խոսեցնելու» բոլոր ջանքերս ապարդյուն են անցնում:
-Ծո, գոնե մի բան ասա, կռվող ընկերներիդ հասցնի,- կատակով սրտնեղում է գյումրեցի բուժքույրը:
-Անփորձանք, տղե՛րք ջան, քիչ մնաց, համբերե՛ք, գալիս եմ:
Գարիկ Խալաթյանն էլ է հենց առաջին օրը բեկորային վիրավորում ստացել: Գարիկը մինչ ծառայությունը Մոսկվայում է ապրել, մասնագիտությամբ խոհարար է: Երբ եկել է զինվորագրվելու ժամանակը, առանց հապաղելու վերադարձել է հայրենիք՝ ազգային բանակում ծառայելու:
-Առավոտ վաղ սկսվեց հրետակոծությունը, շտապեցինք պոստեր: Ափսոս, չհասցրի մի կարգին կռվել: Արագ ապաքինվեմ, գնամ ծառայավայր. դուխս տեղն է՝ ինչպես միշտ:
Կապավոր Էդգար Քոչարյանին էլ երեք ամիս է մնացել զորացրվելու.
-Սեպտեմբերի 27-ին տագնապի հրամանը հնչեց, շտապ բարձրացանք դիրքեր: Երկրորդ օրը շարժվեցինք առաջ: Թշնամին դիմահար կրակով փորձում էր մեր առաջխաղացումը կանխել: Կրակոցից վիրավորվեցի: Արցախի հոսպիտալում ոտքս վիրահատեցին, հետո տեղափոխեցին այստեղ: Հիվանդանոցում իմացա, որ հրամանատարս «Արցախի հերոսի» կոչման է արժանացել: Մերոնք փայլուն մարտական գործողություն էին իրականացրել, մեծ կորուստներ պատճառել թշնամուն: Անչափ, անսահման հպարտ եմ մերոնցով: Մեր ամեն թիզ հողը արյունով է պահվում, ու մեր մարտական ընկերների թափած արյունն էլ մեզ ավելի է պարտավորեցնում Հայրենիքը ամուր ու անառիկ պահելու…
«Շենգավիթ» բժշկական կենտրոն վիրավոր զինվորներին տեսակցելուց հետո այցելում ենք նաեւ կենտրոնի ծննդատուն: Վերջին օրերին այստեղ արցախցի փոքրիկներ են ծնվել` տնից հեռու, բայց, կարեւորը՝ հայրենի հողի վրա:
Փոքրիկ Լեան օրեր առաջ է լույս աշխարհ եկել, ընտանիքի երրորդ աղջիկն է: Զինվորական հայրիկը, որ հիմա առաջնագծում է, աղջնակին դեռ չի տեսել, փոքրիկի ձայնը միայն հեռախոսով է լսել:
-Աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա,- ասում է նորածնի մայրիկը՝ ստեփանակերտցի Արևիկ Բաղդասարյանը:- Ինքս զգացել եմ պատերազմի ամբողջ ցավն ու դառնությունը, եղբայրս՝ Արթուր Գրիգորյանը, զոհվել է երիտասարդ տարիքում՝ Քարվաճառն ազատագրելիս: Մեծացել ենք հրետակոծության տակ ու հիմա ամբողջ սրտով միայն մի բան ենք երազում՝ մեր զավակները մեծանան անամպ երկնքի տակ: Լեաս թող խաղաղության ավետաբերը լինի… Սպասում ենք մեր հայրիկի ու մեր բոլոր զինվորների հաղթական վերադարձին:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ