ԹԻԿՈՒՆՔԻ ԱՌԱՋՆԱԳԻԾԸ
Զինվոր ենք դարձել ազգովի՝ մեծ ու փոքր, այր ու կին։ Զինվոր ենք՝ յուրաքանչյուրս իր դիրքում։ Բանակն իր գործը կատարում է առաջնագծում, հայ զինվորն իր կյանքի գնով Հայրենիքն է պաշտպանում…
Փա՛ռք ձեզ, մեր ազգի հավերժության խորհրդանիշներ։ Բանակը հզոր է և վստահ՝ թիկունքում բոլորը զինվորի հետ են, յուրաքանչյուրն իր ներդրումն է կատարում՝ օր առաջ հասնելու հաղթանակին՝ մեր բաղձալի երազանքին։ Հայրենական պատերազմ է: Զինվորը պետք է իր թիկունքում զգա ժողովրդի օժանդակությունը։
…Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրինությունը՝ Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ դեռևս 2016-ի Ապրիլյան օրերին ու դրանից հետո մեծ օժանդակություն կազմակերպեց սահմանի զինվորի համար։ Մինչ այդ, տիկին Մուրադյանը ամուսնու՝ հայտնի օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ հիմնանորոգման աշխատանքներ իրականացրին Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում, մշտապես աջակցում էին այդ կրթօջախին՝ համագործակցելով տնօրեն Գոռ Մանուկյանի հետ։ Նույն կրթօջախի սաներից մի քանիսը Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ դարձան։
2020 թ․ սեպտեմբերի 27-ի երեկոյան «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը վերստին դարձավ Հայոց բանակին օժանդակող շտաբ, և այստեղից սկսվեցին Արցախի ազգաբնակչությանը և սահմանի զինվորին օժանդակելու մարդասիրական աշխատանքները։ Պատկերասրահը գործում է վաղ առավոտից մինչ ուշ գիշեր, հաճախ՝ շուրջօրյա։ Այս օրերի ընթացքում պատկերասրահից մեծ քանակությամբ մարդասիրական բեռներ են հասել Արցախ, որտեղ աշխատանքները համակարգում է «Կարանտին» արշավախմբի ղեկավար Գոռ Մանուկյանը: Բացի անհրաժեշտ իրեր ձեռք բերելուց և Արցախ ուղարկելուց, պատկերասրահում կռվող քաջերի համար վերմակներ, ներքնակներ, բարձեր են կարում, ինչպես նաև՝ քողարկող ցանցեր գործում։ Այս և այլ աշխատանքներում ընդգրկված են տասնյակ կամավոր կանայք՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Աշխատանքներին երբեմն մասնակից են դառնում բերձորցի կանայք։ Պատկերասրահում ներկա եղա կատարվող աշխատանքներին, զրուցեցի կամավորների հետ։ Բոլորի պատասխանը մեկն էր՝ պարտավոր են իրենց դերն ունենալ Հայոց բանակին օժանդակելու հարցում։ Շատերի ամուսինները, որդիները, եղբայրները կամավոր ճակատ են մեկնել, ժամկետային զինծառայող են։ Կանանցից մեկը շուտ տուն գնաց, որ որդուն ճանապարհի առաջնագիծ…
«Ես համոզված եմ․ սա մեր ազգի վերջին պատերազմն է, և հաղթելու ենք։ Հաղթելու ենք ազգովի՝ մեծ ու փոքր, զինվոր ու շինարար։ Հաղթելու ենք՝ ունենալով արդեն ճանաչված Արցախի Հանրապետություն։ Իսկ այս գործում յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա»,- ասաց տիկին Զարուհին՝ հընթացս կապ հաստատելով տարբեր մարդկանց հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում, հետաքրքրվում՝ ինչ է անհրաժեշտ…
Իրիկնանում է. պատկերասրահում նույն եռանդով աշխատող հայ կանայք մտքով Արցախում են, Հայոց բանակի զինվորի կողքին և հոգու խորքում աղոթում են՝ հանուն վճռորոշ Հաղթանակի ու Խաղաղության…
Զոհրաբ Ըռքոյան
Խորագիր՝ Նորություններ