Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ…



ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ...Նրան գիտեմ միայն լուսանկարներից ու գրքերից, բայց ամեն օր նրա հետ եմ քայլում։ Քայլում եմ և ուժ ստանում…

Մի օր Մոնթեն Մարտունիի տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է՝ տան հողամասում տարեց մի կին  հող է մշակում։  Ներս է մտնում ու հարցնում այդ կնոջը, թե  պատերազմական թեժ իրավիճակում ինչ հող մշակելու ժամանակ է։ Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, հանգիստ է, քանի որ Ավոն է զբաղված Մարտունիի սահմանների  պաշտպանությամբ, ուրեմն ոչ մի թշնամի չի հատի սահմանը։

Մոնթեն լսելով,  թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում իր մասին,  հարցնում է կնոջը, թե՝ ի՞նչ տեսակ մարդ է այդ Ավոն։ Կինը սկսում է նկարագրել Ավոյի  վեհությունն ու ասպետական կերպարը, հզորությունն ու հայրենասիրությունը։  Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում ու խոստովանում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում.

-Չէ՜, տու կուճիր մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե։

Լեգենդար հերոսն այդ կնոջ պատկերացումներում այլ տեսք ուներ, որովհետև դեռ չէր տեսել, միայն լսել էր Ավոյի մասին։

1992 թ. նոյեմբերի 6-ին հարձակում  եղավ Ճարտարի դիրքերի  վրա։ Ուրյան լեռան 615  մարտական դիրքում Ճարտարի  առանձին  ջոկատի  12 մարտիկներ կային։  Նրանք «Արայիկ» ջոկատից  էին։ Թշնամին այդ դիրքի ուղղությամբ  մարտի էր նետել  3 տանկ, 1 ՀՄՄ-2։

Սև մոխիրների միջից երկինքը երևում էր։ Մարտիկների աչքերում աղավնիների ճախրանքը չէր ավարտվում։ Նրանց շարունակ ուղեկցում էր մի գիտակցում` ամեն գնով հաղթել, հողը մերն է և պետք է մերը լինի։ Այս անգամ էլ թշնամին ամոթալի պարտություն կրեց։ Րոպեներ հետո ջոկատայինները նկատեցին, որ ընկերներից երկուսը հողի տակ են մնացել ու միայն մատների ծայրերն էին երևում։ Եվ այդ պահին ամեն ինչ խառնվել էր իրար, չնայած արդեն ոչնչացված էր թշնամին, բայց մի ներքին թշնամի երկու մարտիկների կյանքի հետ էր խաղում։ Որ ասում են՝ հրաշքներ չեն լինում, ես չեմ հավատում։ Այս անգամ հրաշքն անխուսափելի էր։ Երկուսին էլ հողի տակից հանեցին, նրանք ողջ էին։

Հողը կրկին հաղթանակ երգեց …

Մարտից անմիջապես  հետո Մոնթեն ներկայացավ մարտական դիրք, ուրախությունից շվարած տանկից տանկ վազեց ու ասեց.

-Էս ի՞նչ արած եք, ազերիներու մայրիգը լացացրած եք։

Հետո  այդ տղաների համար Ֆրանսիայից բերեցին  հատուկ պարգևներ ու պարգևատրեցին այդ տասներկու հերոսներին, ովքեր թշնամու տանկերը կանգնեցրել են  ձեռքի հակատանկային նռնակներով և ՄՈՆ-200 հակահետևակային ականներով։

Անպարտ էին` իրենց հրամանատարի պես, հոգիներում պահում էին հաղթական Արցախի անունը։ Իրենց սիրտը  կտային Արցախի համար։  Եվ տվեցին…

Մոնթեն երբեք հաղթանակի մասին չէր երազում, որովհետև հաղթանակն իր արյան մեջ էր։

Նրա արյունն այնքա՜ն հաղթական էր…

Մոնթեն այս հողի վրա է քայլել, ու մինչև հիմա նրա հետքերը սրբությամբ են  պահվում։

Մոնթեն հաղթանակի հետ նորից կգա…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Ճակատագրեր


26/11/2020